Ֆիլմեր

Սթիվեն Ֆրիրզ

Վերադարձ
Սթիվեն Ֆրիրզ

ՍթիվենՖրիրզ  (ծն. 1941, Լեսթեր, Մեծ Բրիտանիա )
Նախքան արվեստի ասպարեզ մտնելը իրավաբանություն է ուսանել Քեմբրիջի համալսարանում: Լոնդոնի արքայական թատրոնում եղել է ռեժիսոր Լինդսի Անդերսոնի և դերասան Ալբերտ Ֆինիի օգնականը: Կինոյում կարիերան սկսել է որպես ռեժիսոր Կարել Ռայսի ասիստենտ` 1966-72 թթ.  աշխատելով նրա հետ: 1968-ին կայացել է  Ֆրիրզի ռեժիսորական դեբյուտը: Մի քանի հեռուստաֆիլմերից հետո նրա վերելքն ապահովել է «Իմ հոյակապ լվացքատունը» (Հանիֆի Քուրեշիի սցենարով): Ֆրիրզը և Քուրեշին կրկին համագործակցեցին լոնդոնցի զույգի անկայուն հարաբերությունների մասին պատմող «Սեմին և Ռոզին անկողին են մտնում» ֆիլմում:  Ֆրիրզի հաջորդ երեք ֆիլմերն ամենահաջողն էին նրա կարիերայում: Առաջինը` «Ականջներդ սրիր»-ը, կենսագրական դրամա է անգլիացի նշանավոր և հակասական դրամատուրգ Ջո Օրթոնի մասին: Մեկ տարի անց «Վտանգավոր կապերը»` ըստ  Շոդերլո դը Լակլոյի վեպի, Ջոն Մալկովիչի և Գլեն Քլոուզի մասնակցությամբ, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ներկայացվեց Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին և մի շարք միջազգային մրցանակների արժանացավ: Ֆրիրզին ավելի մեծ միջազգային ճանաչում բերեց «Խաբեբաները», որը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար առաջադրվեց «Օսկարի»: 2002-ին Ֆրիրզն ասպարեզ հանեց իր լավագույն ֆիլմերից մեկը` «Կեղտոտ հմայքները» դրամատիկ թրիլերը` Լոնդոնում աշխատող և գոյատևող ապօրինի գաղթականների մասին: «Թագուհին» ֆիլմը 2006-07 թթ. ներկայացվեց տասնակ կինոփառատոներում: Էլիզաբեթ 2-րդին մարմնավորած Հելեն Միրենը` որպես լավագույն դերասանուհի, ավելի քան 30 խոշոր մրցանակի արժանացավ: 2009-ին Ֆրիրզը ձեռնարկեց «Շերի» ֆիլմի նկարահանումները (ըստ ֆրանսիացի գրող Սիդոնի-Գաբրիել Կոլետի համանուն վեպի): Հաջորդ տարի նրա մյուս ֆիլմի` «Թամարա Դրյո»՚-ի պրեմիերան կայացավ Կաննի ՄԿՓ-ում: Ֆրիրզի նոր` «Ֆիլոմենա» դրաման սպասվում է 2014-ին:

 Ֆիլմացանկ
Այրում (1968), Խուզարկուն (1971), Անիծված երեխաներ (1979), Մատնիչը (1984), Իմ հոյակապ լվացքատունը (1985), Ականջներդ սրիր (1987), Սեմին և Ռոզին անկողին են մտնում (1987), Վտանգավոր կապեր (1988), Խաբեբաները  (1990), Հերոսը (1992),  Մերի Ռայլի  (1996), Կրպակը (1996), Բլուրների ու հովիտների երկիրը  (1998), Անհուն հավատարմություն  (2000), Լիամ (2000), Կեղտոտ հմայքներ  (2002), Տիկին Հենդերսոնը ներկայացնում է (2005), Թագուհին (2006), Շերի (2009), Թամարա Դրյու (2010), Գրազ ֆավորիտի վրա (2012):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն