Նորություններ

ՍՑԵՆԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Վերադարձ 26 Փետրվարի 2014 15:43
ՍՑԵՆԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ

 

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը 2014թ. հայտարարել են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Այս մասին առավել մանրամասն այսօր հատուկ մամլո ասուլիսում խոսեցին «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն. Լևոն Սարգսյանը և  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն պրն. Հարություն Խաչատրյանը:

 

Ինչպես նախօրորք արդեն հայտարարվել էր, մրցույթը հրավիրում է կարճամետրաժ (3-6 րոպե տևողությամբ) խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: Հաղթող կճանաչվեն լավագույն 10 սցենարները` ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից. հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ. մասնավորապես` լավագույն երեք սցենարների հեղինակները կարժանանան 1000-ական, իսկ հաջորդող լավագույն յոթի հեղինակները` 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևների: Սցենարները տարվա ընթացքում կնկարահանվեն և հանդիսատեսին կներկայացվեն կազմակերպող կողմերի աջակցությամբ: Մրցույթը տարիքային կամ ազգային սահմանափակումներ չունի. մասնակցել կարող են հեղինակներ ամբողջ աշխարհից. ներկայացվել կարող են նաև գրական հիմք ունեցող սցենարներ: Հիշեցնենք, որ սցենարները պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ (Ք. Երևան, Մոսկովյան 3) կամ ուղարկել info@gaiff.am Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը: 

Կինոն համարելով մշակութային դիվանագիտության լավագույն ձևերից մեկը և գիտակցելով կինոարվեստի ներազդեցողական բացառիկ ուժը` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը մշակութային այս ծրագիրը նախաձեռնել են` լիահույս լինելով Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ նպաստել 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացման և պատմական ճշմարտության վերականգնման կարևորագույն խնդիրներին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն