Նորություններ

Սոցիալական փոփոխությունների կինո

Վերադարձ 23 Հունիսի 2014 13:35
Սոցիալական փոփոխությունների կինո

Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համագործակցությամբ culture.pl-ը հպարտությամբ ներկայացնում է մի շարք ցուցադրություններ և սեմինարներ՝ «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով: Ծրագրում ընդգրկված բազմազան գործերը միավորում են այլևայլ երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որ ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում  են: Ինչպես և սպասելի է,  նրանց ընդդիմությունն այն ամենին, ինչ համարում են անարդարություն,  հաճախ հանգեցնում է բախման իրենց կառավարության, համայնքի և նույնիսկ ընտանիքի հետ::

Մեր ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան: Ծրագիրը կբացվի լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առառաջադրել էր «Օսկար» մրցանակի: Նախատեսված է նաև «Ենթադրյալ մեղավորը» մեքսիկական  ֆիլմի ցուցադրությունը, ֆիլմ, որն ազգային սկանդալի տեղիք տված արդարադատության աղմկոտ սխալի մասին է:

Ֆիլմին կհետևի քննարկում՝ Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ և խոշորագույն օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկի,  Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյայի և հեռարձակվող լրագրության ոլորտում ու անկախ ԶԼՄ-երում աշխատելու ավելի քան 25 տարվա փորձ ունեցող հայ լրագրող Նունե Սարգսյանի մասնակցությամբ:

Ի լրումն քննարկման՝ Ռիչարդ Պենյան փառատոնի ընթացքում կանցնացնի երկու սեմինար: Ծրագրի մեկ այլ կարևոր կետ է «Ազատության կանչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որ  տեղի կունենա Սիրահարների այգում և բաց կլինի հանրության համար: Այս ֆիլմը«Բևեռների ուղեցույց»շարքի մի մասն է, շարք, որի պրոդյուսերը Ադամ Միցկևիչ ինստիտուտն է՝ ազգային պետական հաստատություն, որ ստանձնել է լեհական մշակույթը culture.pl. մակնիշով արտասահմանում առաջ մղելու պատասխանատվությունը:

«Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը, որի համադրողներն են  Ռիչարդ Պենյան և Ադամ Միխնիկը,  կազմակերպվել է culture.pl-ի կողմից որպես այն նախագծի մի մասը, որը նպատակ ունի մշակութային համագործակցություն և մշակութային փոխանակումներ նախաձեռնել ու զարգացնել Արևելյան գործընկերության երկրների հետ:

Ծրագրի շրջանակներում “Ոսկե ծիրան” Երևանի ՄԿՓ-ը ուրախ է հյուրընկալել Ադամ Միխնիկին և Ռիչարդ Պենյային, ում մասին հակիրճ տեղեկատվություն ներկայացված է ստորև:

Ադամ Միխնիկ

Լեհաստանի խոշորագույն օրաթերթի՝«Gazeta Wyborcza»-ի գլխավոր խմբագիր: Պատմաբան, Բանվորների պաշտպանության կոմիտեի՝ KOR-ի համահիմնադիր, որ բազմիցս ձերբակալվել է 1965-1980 թթ., «Համերաշխության» ակնառու ակտիվիստ 80-ականներին, ընդհանուր առմամբ վեց տարի է անցկացրել լեհական բանտերում կոմունիստական վարչակարգի դեմ ծավալած գործունեության համար: Մասնակցել է 1989-ի Կլոր սեղանի բանակցություններին, 1989-1991 թթ. եղել  ոչ կոմունիստական խարհրդարանի անդամ, լեհական առաջին անկախ թերթի՝ «Gazeta Wyborcza»-ի գլխավոր խմբագիր: Նյու Յորքի սոցիալական հետտազոտությունների նոր դպրոցի, Մինեսոթայի համալսարանի, Միչիգանի համալսարանի և Քոնեքթիթքութի քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան ունի, Լյուբլյանայի համալսարանի պատվավոր սենատոր է, Կիևի Մոհիլա ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր: 2011-ի սեպտեմբերին արժանացել է Գյոթե ինստիտուտի Գյոթե մեդալին: Անհամար էսսեների,  հոդվածների և գրքերի հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել են անգլերեն, ինչպես, օրինակ, «Բանտից գրված նամակները»: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ֆրանսիական PEN ակումբի պարգևին, Ռոբեր Քենեդու անվան՝ մարդու իրավունքների մրցանակին, Էրազմուս մրցանակին, Ֆրանսիսկո Սերեսեդոյի անվան լրագրողական մրցանակին՝ որպես առաջին ոչ իսպանացի հեղինակ, Մեծ իշխան Գեդիմինաս շքանշանին, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է:

 

Ռիչարդ Պենյա

Ռիչարդ Պենյան եղել է Լինքոլն կենտրոնի կինոընկերության ծրագրերի տնօրենը և Նյու Յորքի կինոփառատոնի տնօրենը 1988-2012 թթ.: Կինոընկերությունում Պենյան  կազմակերպել է Միքելանջելո Անտոնիոնիի, Սաշա Գիտրիի, Աբաս Քիառոսթամիի, Ռոբերտ Օլդրիչի, Գաբրիել Ֆիգեռոայի, Ռիթվիկ Գհատակի, Կիրա Մուրատովայի, Յուսեֆ Շահինի, Յասուձիրո Օձուի, Կարլոս Սաուրայի, Ռոբերտո Գավալդոնի և Ամիթաբհ Բաչչանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, ինչպես նաև աֆրիկյան, չինական, կուբայական, լեհական, հունգարական, արաբական, կորեական, խորհրդային, թուրքական և արգենտինական կինոյին նվիրված մեծ կինոաշարքերի ցուցադրություններ: Հաճախ է դասախոսություններ կարդում բազմազան կինոթեմաներով, Քոլամբիա համալսարանի կինոբաժնի պրոֆեսոր է, որտեղ մասնագիտացել է կինոտեսության և համաշխարհային կինոյի մեջ, իսկ  2006-09 թթ. իսպաներենի հրավիրյալ դասախոս է եղել Փրինսթոնի համալսարանում: Ներկայումս Պենյան նաև նյույորքյան Channel 13 հեռուստաալիքի Reel 13 ամենշաբաթյա ծրագրի վարողներից մեկն է:

Տեղեկացնենք, նաև, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Ռիչարդ Պենյան հանդես կգա երկու դասախոսությամբ: Առաջին դասը, որ ծրագրված է իրականացվել հուլիսի 14-ին` ժ.5:30, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, վերնագրված է «Բայց արդյոք արվեստ է. կինոյի էսթետիկան թվային հեղափոխությունից հետո» և կներկայացնի կինոյի արտադրական, դիստրիբուցիոն և ցուցադրության հարցերում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությունը կինոյի ընկալման և կինոմտածողության ավանդական ձևերի վրա: Համացանցային բազմազան հարթակների միջոցով կինոգործիչներն այսօր կարող են իրենց գործերն ուղղակիորեն տարածել հանդիսականների շրջանում` շրջանցելով դիստրիբուցիոն օղակները և անգամ փառատոները: Մինչդեռ հարց է ծագում, թե ինչ են բերել մուտքի հնարավորության հավելյալ այս բոլոր միջոցները կինոյին: Երկրորդ դասախոսությունը, որ ծրագրված է հուլիսի 17-ին` ժ. 15:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում կներկայացնի «Աֆրո-ամերիկյան կինոյի ակունքները» և կքննարկի Աֆրո-ամերիկյան համայնքի համար և կողմից ստեղծված ֆիլմերի ոչ այնքան հայտնի շարժումը, որը քիչ է ծանոթ, կամ առհասարակ չի առնչվում զանգվածային կոմերցիոն, ասել է թե «սպիտակների» համայնքի մեդիային: Տարբեր ֆիլմերից հատվածներից զատ, հանդիսականը կդիտի նաև «Հիսուսի արյունը» (1941թ., ռեժ.` Սփենսեր Ուիլլյամս) ֆիլմի հազվագյուտ լիակատար ցուցադրությունը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն