Ֆիլմեր

Կիմ Կի-դուկ

Վերադարձ
Կիմ Կի-դուկ

Կիմ Կի-դուկ (ծն. 1960, Բոնհուա, Հյուսիսային Գյոնսան, Հարավային Կորեա)

Հարավկորեացի ռեժիսոր: 1990-92 թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում: 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել  է Կինոդրամատուրգիայի կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին: Վերադառնալով Հարավային Կորեա՝ կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ և 1995-ին Կորեայի կինոխորհրդի  կազմակերպած սցենարների մրցույթում շահել առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո Կիմը նկարահանել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոնքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով: Ապա Կիմ Կի-դուկը նկարահանել է «Վայրի գազանները», «Թռչնավանդակ» հյուրանցը», «Կղզին» (որը 2000-ին ընդգրկվել է Վենետիկի ՄԿՓ-ի մրցույթում) և խիստ փորձարարական «Իրական հորինվածքը», որը նկարահանվել է ընդամենը 200 րոպեում: Այս ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 23-րդ ՄԿՓ-ում: 2001-ին «Հասցեն անհայտ է» ֆիլմը Պուսանի ՄԿՓ-ում ընտրվել է որպես խրախուսման արժանի նախագիծ: 2003-ին Կարլովի Վարիի ՄԿՓ-ում FIPRESCI-ի ժյուրիի նախագահ Սուսաննա Հարությունյանի՝ «Ոսկե ծիրան» ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարի ձեռքով  FIPRESCI-ի մրցանակը հանձնվել է «Ափեզրի պահապանը» ֆիլմին: Կիմ Կի-դուկն արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի մրցանակին՝ «Սամարացի աղջիկը» (2004), Վենետիկի ՄԿՓ-ի մրցանակներին՝ «Դատարկ տուն»  ֆիլմերի համար: 2011-ին նրա «Արիրան» վավերագրական աշխատանքին շնորհվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի  մրցանակը՝ որպես լավագույն ֆիլմի: 2004-ին Ռուսաստանի «Խաղաղօվկիանոսյան միջօրեական» ԿՓ-ում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» ֆիլմը շահել  է գլխավոր մրցանակը, ինչպես նաև այլ մրցանակներ Լաս Պալմասում, 2003-ին՝ Լոկառնոյի և Սան Սեբաստիանի ՄԿՓ-երում: 2012-ին Կիմ Կի-դուկի «Պիետա» ֆիլմը նվաճեց Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»՝ դառնալով առաջին կորեական կինոնկարը, որ  լավագույնն է ճանաչվել  Վենետիկի, Բեռլինի և Կաննի երեք կարևորագույն ՄԿՓ-երից մեկում: Կիմ Կի-դուկն արծարծում է կորեական ազգային խնդիրներ՝ միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ մաս: Նրա ֆիլմերը արդիական  առասպելներ են, որ կապակցված են կրկնվող թեմաներով, սյուժեներով,  կերպարների տիպերով: Կիմ Կի-դուկի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել: Մոլեգին պայքարի և գրոտեսկի ծայրահեղ իրավիճակներում ռեժիսորը երևան է հանում անմեղությունը հերոսների հոգիներում: Կիմ Կի-դուկը կանոններ ու օրենքներ չի ճանաչում: Նա ենթարկվում է միայն հորինվածքին և ոճի իր զգացողությանը:

 

Ֆիլմացանկ
Կոկորդիլոս (1996), Վայրի գազաններ (1997), «Թռչնավանդակակ» հյուրանոցը (2000), Իրական հորինվածք (2000), Հասցեն անհայտ է (2001), Վատ տղան (2001), Ափեզրի պահապանը (2002), Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և… նորից գարուն (2003), Սամարացի աղջիկը (2004), Դատարկ տուն (2004), Աղեղը (2005), Ժամանակ (2006), Շունչ (2007), Արիրան (2011, վավ.), Ամեն (2011), Պիետա (2012), Վենետիկ 70. վերաբեռնված ապագա (2013, վավ.),  Մյոբիուս (2013), Մեկին մեկ (2014):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն