Նորություններ

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծ մամլո ասուլիս

Վերադարձ 03 Հուլիսի 2014 14:57
«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծ  մամլո ասուլիս

Այսօր` հուլիսի 3-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը մամլո ասուլիսով ներկայացրեց նախագծի առաքելությունը, ձեռքբերումները և առաջիկա հիմնական ծրագրերը:  Ասուլիսի բանախոսներն էին «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը և ՌԱՍ նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը:

ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011թ. հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում: «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում: Մասնավորապես, հուլիսի 15-17-ին տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը (վայրը` Անի Պլազա հյուրանոց), որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությունը: Մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգացման երեք դրամաշնորհների (€5,000, €3,500, €3,500) համար: Ստորև ներկայացնում ենք մասնակից նախագծերը.

 

1.  «Բրավո, վիրտուզ» (Bravo, Virtuoso), ռեժ.` Լևոն Մինասյան, պրոդ.` Անի Որսկանյան, Հայաստան/Ֆրանսիա
2.  «Սիրելի Արմեն» (Dear Armen), ռեժ./պրոդ.` Քամի Աբրահամյան, Կանադա/Հայաստան
3.  «Ջիվանի-74» (Jivani-74), ռեժ.` Դիանա Մկրտչյան, պրոդ.` Արամ Խաչատրյան, Հայաստան/Վրաստան/Ռուսաստան
4.  «Գեղադիտակ» (Kaleidoscope), ռեժ.` Թամթա Գաբրիչիձե, պրոդ.` Լաշա Խալվաշի, Վրաստան
5.  «Սիրենաների կանչը» (Siren’s Call), ռեժ.` Ռամին Մատին, պրոդ.` Էմինե Յիլդիրիմ, Թուրքիա/Գերմանիա
6.  «Թող այդպես լինի» (Let It Be), ռեժ.` Ալիսա Պավլովսկայա, պրոդ.` Մաքսիմ Ֆիրսենկո, Ուկրաինա
7.  «Երկար այգիներ» (Long Gardens), ռեժ.` Նիկա Շեկ (Եվգենիա Շեկոյան), պրոդ.` Սարիկ Հովսեփյան, Շուշան Քոչարյան, Էլդար Ալբերտսոն, Հայաստան/Ադրբեջան
8.  «Հարևաններ» (Neighbors), ռեժ.` Գրիգոր Աբաշիձե, պրոդ.` Ժոզեֆ «Սոսո» Բլիաձե, Վրաստան
9.  «Տոմս առանց ետդարձի» (One Way Ticket), ռեժ.` Տինատին Կաջրիշվիլի, պրոդ.` Լաշա Խալվաշի, Վրաստան/Ֆրանսիա/Գերմանիա
10. «Դեղինի նրբերանգներ» (“Shades of Yellow), ռեժ.` Դավիթ Մաթևոսյան, համապրոդյուսեր` Վիկտորիա Չեմբարցևա, Մոլդովա/Հայաստան
11. «Մաքսանենգեր»(Smugglers), ռեժ.` Բեսո Սոլոմանաշվիլի, պրոդ.` Վլադիմեր Կաչարավա, Վրաստան 
12. «Ամառային թռչուններ» (Summer Birds), ռեժ.` Վերա Յակովենկո, պրոդ.` Լուդմիլա Կիրիլենկո, Ուկրաինա 
13. «Դաջվածք» (Tattoo), ռեժ.` Սյուզան Խարդալյան, Վահան Ստեփանյան, պրոդ.` ՊեԱ Հոլմքուիսթ, Հայաստան/Շվեդիա
14. «Վերջին բնակիչը» (The Last Inhabitant), ռեժ.` Ջիվան Ավետիսյան, պրոդ.` Մասիս Բաղդասարյան, Հայաստան

 

Որպես դասավարներ` հրավիրված են Eastern Europe German Films-ի ներկայացուցիչ և Saxonia Entertainment-ի Producer Documentaries-ի ղեկավար՝ Սիմոնա Բաումանը, ARTVIVA –ի նախագահ և Film TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդռա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի և Eurimages-ի ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար՝ Ջուլիեն Էզզանոն:

Ֆորումի ժյուրի կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, ARTVIVA-ի նախագահ և Film TEEP-ի ղեկավար Ռուքսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, “Ոսկե ծիրան” Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը,  գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, Belgrade Industry Meetings B2B-ի ղեկավար և ART & POPCORN MOTION PICTURE COMPANY-իգլխավոր պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և պրոդյուսեր, «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը: 

«Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության ֆորումին կմասնակցեն կինոարտադրության այլ ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են նոր խոստումնալից նախագծերով:

Այս տարի Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը կրկին կներկայացնի նաև Ֆիլմեր առանց սահմանների կինոծրագիրը: Ծրագրում կներկայացվեն 17 թեմատիկ հետաքրքրական ֆիլմ՝ ստեղծված Արևելյան Գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջին տարիներին: Ցուցադրությունները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում` «Մոսկվա» եւ «Նաիրի» ՚կինոթատրոններում: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին «Մոսկվա» ՚կինոթատրոնի կարմիր դահլիճում «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» (ռեժ.` Վիկտորյա Տրոֆիմենկո, Ուկրաինա) ֆիլմի ցուցադրությամբ: Սուսաննա Հարությունյանը, ֆիլմի պրոդյուսեր Իգոր Սավչիենկոյի և Հայաստանում ԵՄ Պատվիրակության համագործակցային բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մեդինայի հետ կներկայացննեն ֆիլմը հանդիսատեսին:

Հարկ է նշել, որ անցյալ տարին ՌԱՍ մասնակիցների համար շատ հաջող էր: Ներայացնենք հաջողության մի քանի պատմություն:

ՌԱՍ մասնակից Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ” ֆիլմն արժանացավ «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ ՄԿՓ Հայկական համայնապատկեր ծրագրի գլխավոր մրցանակին:

2012թ. ՌԱՍ ֆորումի մասնակից և մրցանակակիր «Ցեղը» (The Tribe) (ռեժ.`Միրոսլավ Սլաբոշպիցկի) ուկրաինական ֆիլմը Կաննի ՄԿՓ-ի Քննադատների շաբաթ (Semaine de la Critique) www.semainedelacritique.com ծրագրում արժանացավ երեք մրցանակի: Ֆիլմը ներառված է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի միջազգային մրցութային ծրագրում: Մինչ այդ «Ցեղը» (The Tribe) ֆիլմն ընտրվել էր մասնակցելու CentEast Market-ում, 2013թ. ներկայացվել որպես ընթացքի մեջ գտնվող նախագիծ Վարշավայում և Մոսկվայում, իսկ 2014թ. ապրիլին` Պեկինի կինոշուկայում` որպես Պեկինի CentEast-ի ծրագրի մաս:

2013թ. ՌԱՍ նախագծի մասնակից «՚Territoria»-ն (հեղ.` Նորա Մարտիրոսյան և Ջեֆ Գալուստյան) ընտրվել էր մասնակցելու 2014թ. Կաննի ՄԿՓ-ի Cinéfondation's Atelier-ի 10-րդ մեկնարկին և Լոկարնոյի ՄԿՓ-ի «Բաց դռներ» հատուկ ծրագրին:

ՌԱՍ նախագծի Կիևում կայացած պրոդյուսերների դասընթացի (2013թ. հոկտեմբերի 21-25), մասնակից՝ պրոդյուսեր Անի Որսկանյանը, հրավիրվել էր մասնակցելու Կաննի պրոդյուսերների ցանցի 11-րդ մեկնարկին: Նա հրավիրվել էր Ֆրանսիայի կինոկենտրոնի կողմից (CNC)` «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի երաշխավորագրով: Կաններից վերադառնալուց հետո, Անի Որսկանյանը հիմնել է իր պրոդյուսերական ընկերությունը` «anEva Production»:

ՌԱՍ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան Գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա),   Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն