Նորություններ

ՕՐ ԱՌԱՋԻՆ

Վերադարձ 14 Հուլիսի 2014 10:16
ՕՐ ԱՌԱՋԻՆ

Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը. փառատոնային առաջին օրվա օրակարգն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնք ներկայացրին Հայկական համայնապատկեր մրցույթում ընդգրկված «Կաթնեղբայր»(ռեժ.` Վահրամ Մխիթարյան), «Հարություն» (ռեժ.` Ալեն Մանուկյան), «Հոգաբարձուներ» (ռեժ.` Վիկտորյա Ալեքսանյան), «Անպետքը» (ռեժ.` Արշակ Զաքարյան), «Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել», (ռեժ.`Սեգ Կիրակոսյան) և «Ճանապարհի փիլիսոփաներ», (ռեժ.` Հարություն Շատյան) կարճամետրաժ և վավերագրականֆիլմերը: Լրագրողների հետ հանդիպեցին և իրենց ֆիլմերի մասին խոսեցին իրենք` հեղինակները:

Փառատոնային առաջին օրվա երկրորդ կեսը նշանավորվեց ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի տեղի ունեցավ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Ապա «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Գարմաշի ցուցահանդեսը` ներկայացնող Սերգեյ Փարաջանովին` ի պատիվ մեծ արվեստագետի հիշատակին: Բացման ֆիլմի` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ստեղծագործության ցուցադրությանը նախորդեց փառատոնի հատուկ հուշամեդալների հանձնման արարողությունը ֆիլմի ստեղծագործական խմբից երկու կարևորագույն անձանց` ֆիլմի կոմպոզիտոր մաեստրո Տիգրան Մանսուրյանին և ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հուշամդեալները հանձնելու համար բեմում էին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդող բացման պաշտոնական արարողությանը, որ տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արարողությունը ներկայացրեց Փարաջանովի թեմաներով գեղարվեստական ինստալիացիոն ծրագիր` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ: Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Արարողությունն իր կատարմամբ պատվեց աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, ով ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի և Գրիգոր Թաքուշյանի դուդուկի նվագակցությամբ հանդես եկավ Սայաթ Նովայի մեկ կատարմամբ: Ելույթ ունեցավ նաև «Զանգակներ» երաժշտական խումբը (գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյան), ինչպես նաև թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը:

Բացման արարողությունը նշանավորվեց փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկին Փարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ, ինչին ի պատասխան հռչակավոր արվեստագետը ոչ միայն հանդես եկավ երախտիքի խոսքով, այլև արարողության բոլոր հյուրերին անակնկալ մատուցեց` կատարելով հատված կորեական ազգային երգից:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն