

Ոսկե ծիրան 11-րդ կինոփառատոնի չորրորդ օրն սկսվեց կրկին մամլո ասուլիսներով: Լրագրողների հետ հանդիպեցին և իրենց ֆիլմերը ներկայացրեցին Հայկական համայնապատկեր ծրագրում ընդգրկված “Շքամուտք” (ռեժ.` Լուսինե Սարգսյան), “Թևանիկ” (ռեժ.` Ջիվան Ավետիսյան), “Աստղ” (ռեժ.` Աննա Մելիքյան) խաղարկայինների և այնուհետ` նույն ծրագրում ընդգրկված “Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն, (ռեժ.` ՌուբենԳինեյ), “Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է” ( ռեժ.` ԱրմանԵրիցյան) և “Կյանքը նորից սկսել. չհորինված պատմություն” (ռեժ.` ԻվանՏվերդովսկի) վավերագրականների հեղինակ ռեժիսորները: Կեսօրին կայացավ “Սոցիալական փոփոխությունների կինո” ծրագրի շրջանակներում իրականացվող հանրային բանավեճ- քննարկումը, որին որպես բանախոսներ հանդես եկան լեհ լեգենդար քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, անվանի կինոգետ Ռիչարդ Պենյան, լրագրող Նունե Սարգսյանը և ոլորտի այլ մասնագետներ:
Օրակարգի կարևորագույն իրադարձություններից էր մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված կոկտեյլը, որն իրականացվել էր մեր երկար տարիների գործընկեր Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ: Ուշագրավ է, որ հայ արվեստագետների կյանքի ամենավառ պահերը բացահայտող ARARAT արվեստի հավաքածուն աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի հոբելյանի առթիվ ամիսներ առաջ համալրվել էր յուրահատուկ տուփով «Ախթամար» կոնյակի սահմանափակ թողարկմամբ, որի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել «Նռան գույնը» ֆիլմի սրբապատկերային կերպարները. գեղարվեստական առումով «Նռան գույնը» անչափ մոտ է անկրկնելի, հարուստ ու հագեցած փնջով և հուզական պատմությամբ «Ախթամար»-ի գեղագիտությանը: Հուլիսի 16-ին մամուլի ներկայացուցիչների համար հատուկ կոկտեյլի միջոցառմանը առանձնահատուկ հմայք հաղորդեց փառատոնի պատվավոր հյուրերից հռչակավոր Ցզյա Չժանկեին նշված կոնյակի թողարկման որպես հուշանվեր հաձնումը:
Միջոցառման շրջանակներում փառատոնի գործընկեր “Վեդի Ալկո” ընկերությանը հաձնվեց “Ոսկե ծիրան” հուշամեդալ` արդյունավետ և երախտավոր համագործակցության համար:
Նշենք, որ իրադարձությանը փառատոնի բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա էր նաև փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն պրն. Ռալֆ Յիրիկյանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Նոր գերմանական կինո ծրագրի բացումը` “Աշխարհների միջև” (ռեժ.՝ Ֆեո Ալադաղ)-ի ցուցադրությամբ: Իրադարձությանը ներկա էին և հանդիսատեսին ողջույնի խոսք ասացին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Մորելը, Գյոթե Ինստիտուտի թբիլիսյան մասնաճյուղի տնօերնը և փառատոնի գեղարվեստական ղեկավար տկն. Հարությունյանը: Տկն. Հարությունյանը պատիվ ունեցավ փառատոնի անունից ողջունելու հյուրերին և Գյոթե ինստիտուտին հանձնելու “Ոսկե ծիրան” հուշամեդալը:
ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Գիդեոն Կոպելի հետ:
Երեկոյան փառատոնի հյուրերի մի մասը մասնակցեց Տոլմայի փառատոնին Սարդարապատում, մյուսները` “Կադանս” խմբի համերգին` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Երեկոյան օրակարգը ներառեց Քեն Դավիդյանի հետ հանդիպումը Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ինչպես նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի “Բարբարոս երկիր” վավերագրականի երևանյան պրեմիերան “Մոսկվա” կինոթատրոնում: Օրն ամփոփվեց Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա համերգով և Պողոսյան այգիներում «Սիրիր ինձ» (ռեժ.՝ Մարինա Էր Գորբաչ, Մեհմեթ Բահադիր Էր) ֆիլմի ցուցադրությամբ: