Նորություններ

ԿԻՆՈԷՔՍՊՐԵՍ. ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ

Վերադարձ 29 Հոկտեմբերի 2014 14:07
ԿԻՆՈԷՔՍՊՐԵՍ. ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ

«Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և Վրաստանի «Պրոմեթևս» կինոարվեստի կենտրոնի կողմից՝ «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի» Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հովանավորությամբ:

Նախագծի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 17-ին կազմակերպված եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ, որին հաջորդեց Թինաթին Քաջրաշվիլիի «Հարսներ» ֆիլմի ցուցադրությունը: Ծրագիրը կեզրափակվի Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ամփոփիչ մամլո ասուլիսով՝ 2014թ. դեկտեմբերին 4-ին և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությունով:

«Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» նախագիծն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում սոցիալ-մշակութային փոխանակման նախաձեռնությունների շրջանակներում: Նախագիծն իր ընդգրկունությամբ աննախադեպ է տարածաշրջանի համար:

«Փառատոն անիվների վրա» (Հյուր փառատոն) ձևաչափն ունեցող «ԿինոԷքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագիրը իրականացվեց տասը վայրերում. Հայաստանում՝ Երևան, Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի, Վրաստանում՝ Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա, Բորժոմի, Թիֆլիս քաղաքներում և գյուղերում:

Կինոէքսպրեսի մարզային շրջագայությունը սկիզբ առավ սեպտեմբերի 5-ին Գյումրի քաղաքից, ապա հոկտեմբերի 6-ին հյուրընկալվեց Ամասիա գյուղում և հոկտեմբերի 8-ից 11-ը Վրաստանի  Ախալքալաք, Նինոծմինդա, Ախլցխե, Բորժոմի քաղաքներում: Հոկտեմբերի 14-ից 16-ը կազմակերպիչներն ու հյուրերը հյուրընկալվեցին Ալավերդի և Վանաձոր քաղաքներում:  

Ցուցադրվող ֆիլմերի  ծրագիրն ընդգրկում էր հայկական և վրացական  վերջին տարիներին արտադրված ֆիլմեր, այդ թվում ՝ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ», Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» լիամետրաժ ֆիլմերը և Դիանա Կարդումյանի «Դիալոգներ», Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», Օքսանա Միրզոյանի «140 դրամ», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմերը: Վրացական կողմից ներկայացված էին Թինաթին Քաջրաշվիլիի «Հարսներ», Զազա Ուռուշաձեի «Մանդարիններ» և Ռուսուդան Չկոնյայի «Ժպտացեք» ֆիլմերը: Հայկական ֆիլմերը ցուցադրվում էին վրացերեն և անգլերեն ենթագրերով,  իսկ վրացական ֆիլմերը հայերեն ու անգլերեն ենթագրերով:

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը ծրագրի իրականացման համար տրամադրել էր  ժամանակակից տեխնիկա բացօթյա ցուցադրությունների կազմակերպման համար: 

«Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» ծրագրին վրացական կողմից մասնակցում էին  կինոքննադատներ Քեթի Ջափարիձեն և Արչիլ Շուբաշվիլին, Վրաստանի ազգային կինոկետնրոնի ներկայացուցիչ Մանանա Սուրաձեն, «Մանդարիններ» ֆիլմի գլխավոր դերակատար  Գիորգի Նագաշիձեն, կինոսցենարիստ Նիկա Մարը, «Հարսներ» ֆիլմի դերակատար Գիորգի  Մաշկարաշվիլին,  «Պրոմեթևս» կինոարվեստի զարգացման կենտրոնի և Թբիլիսիի ՄԿՓ-ի տնօրեն Գագա Չխեիձեն: Հայկական կողմից ծրագրին մասնակցեցին կինոռեժիսորներ Դիանա Կարդումյանը, Լուսինե Սարգսյանն ու Արամ Շահբազյանը,  «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, պրոդյուսեր Արամ Խաչատրյանը: Հատուկ հրավիրյալների ցանկում էին «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի համակարգող Մալխազ Սալդաձեն, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը և մշակույթի ու քաղակական այլ գործիչներ:

Կինոէքսպրեսի շրջանակներում դահլիճներում ցուցադրություններից զատ կազմակերպվեցին նաև բացօթյան ցուցադրություններ: Ֆիլմերի ցուցադրություններին հաջորդում էր նկարահոնղ խմբի և հրավիրյալ կինոքննադատի հետ երկխոսություն-քննարկում: Բացման արարողություններին ներկա էին պաշտոնական անձիք, պատվիրակություններ հայկական և վրացական կողմերից: Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո հանդիսատեսին բաժանվում էր հարցաթերթիկ, որոնցում նրանք գնահատելու հնարավորություն ունեին ընդհանուր նախաձեռունթյունը, ցուցադրվող ֆիլմի գեղարվեստական արժեքը:

Կինոն իբրև Հայաստան-Վրաստան հարևան երկրների երկխոսության և բարեկամական կապերի ամրապնդման միջոց դարձնելու նպատակը հարցումների արդյուքնում բարձր է գնահատվել և հանդիսատեսը ցանկություն է հայտնել վերստին իրենց տարածաշրջանում հյուրընկալել «Հայաստան-Վրաստան. Կինոէքսպրեսին»:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն