Նորություններ

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…» ծրագիրը Սոֆիայի կինոփառատոնում

Վերադարձ 27 Մարտի 2015 16:27
«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ…» ծրագիրը Սոֆիայի կինոփառատոնում

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ՝  Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագրի շրջանակներում մարտի 13-ից 19-ը ցուցադրությունների կազմակերպվեցին Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Սոֆիայի ծրագրի  կազմակերպման գործընկերների թվում էր և մեծ աջակցություն է ցուցաբերել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Դեսպանությունը:

Սոֆիայի միջազգային կինոփառատոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագրում ընդգրկված էր երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը»  և Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Սոֆիայից զատ ցուցադրություններ կազմակերպվեցին նաև Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում:

 Փառատոնին ներկա է գտնվել և  ծրագիրն ու ֆիլմերը ներկայացրել է ՀՀ Ժողովրդական  արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն  Հարություն Խաչատրյանը:

«Այլևս երբեք…» ծրագրի վերաբերյալ Հարություն Խաչատրյանը հարցազրույց է ունեցել Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությամբ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցաումների մանրամասները:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 12 տարվա ընթացքում իր ուրույն տեղն է գրավել կինոփառատոների համաշխարհային քարտեզի վրա և ձեռք է բերել կարևոր գործընկերներ: Մեծ ձեռքբերում է, որ  Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ծրագիրն իրականացվում է  միջազգային կինոփառատոների շրջանակներում, ինչն էլ իր հերթին ընդլայնում է  հանդիսատեսի շրջանակը:

Մեծ Եղեռնին նվիրված «Այլևս երբեք…»  կինոցուցադրությունների ծրագիրը հաջորդիվ ներկայացվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

 Ֆրանսիայում անցկացվող Եվրոպա ֆիլմ ակտը  Եվրոպայի կարևորագույն կինոփառատոներից մեկն է: Այդ փառատոնի շրջանակներում ևս հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր է ներկայացվելու: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերից զատ կներկայացվեն նաև հայկական կինեմատոգրաֆի այլ նմուշներ:

 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն