Նորություններ

Ամփոփվեցին «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

Վերադարձ 09 Ապրիլի 2015 12:13
Ամփոփվեցին «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

Մարտի 30-ին ամփոփվեց «WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնը, որի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Չորրորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միհրան Ստեփանյանը, կինոպրոդյուսեր Յուլյա Գրիգորյանցը և կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 26-ին՝ մեկ ամիս շարունակ դիտելով webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 000 դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից (թվարկվածներն առաջին հինգ երկրներն են՝ ըստ դիտողների թվի):

«WEB ԾԻՐԱՆ համահայկական օնլայն կինոփառատոնը եզակի հնարավորություն է ընձեռում սկսնակ կինոգործիչներին ցուցադրելու իրենց տաղանդը, գրավելու հանրության,  ինչպես նաև ֆիլմարտադրողների ուշադրությունը և հետաքրքրությունը իրենց ստեղծագործությունների հանդեպ` ունենալով ինտերնետի հնարավորությունները որպես հիմնական գործիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեր երիտասարդ կինոգործիչներին ցանկանում է հաջողություններ և ծրագրերի իրականացում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը պարգևատրվել է 400 000 ՀՀ դրամով:

Սահմանված էր նաև երկու խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Առաջին խրախուսական մրցանակին արժանացել է Նահապետ Սարգսյանի «Էխո» ֆիլմը (օպերատոր` Վահե Տերտերյան): Երկրորդ խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը (օպերատոր՝ Գաբրիել Միրաքյան):

«Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվեց Անի Հակոբյանին`«Ուղերձ» ֆիլմի համար, որը դիտել էին 3 366 օգտատերեր:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները, կստանան 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:

«WEB ԾԻՐԱՆ» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնին ներկայացված են եղել նաև ֆիլմեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Այս համատեքստում փառատոնի հատուկ դիպլոմին է արժանացել Սասնուհի Մանուկյանի «Տատս» ֆիլմը:

«WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնի գլխավոր նպատակներից մեկը կինոարտադրության ոլորտում մուլտիմեդիա համակարգերի զարգացումն է և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության խրախուսումը: Այս համատեքստում փառատոնի դիպլոմին է արժանացել Նարե Գալստյանի «Ես եմ» դիպլոմային ֆիլմը, որը նկարահանված է հեռախոսով:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն