

Կինոցուցադրություններ
նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրը կրում է «Այլևս երբեք» խորագիրը և ներառում է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ: Ընտրվել են տարբեր ժամանակահատվածներում նկարահանված՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Ներկայացված էին 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր:
Հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները` յուրաքանչյուր երկրի համար կազմվում է և առանձին ծրագիր և ֆիլմացանկ:
Շնորհիվ «Ոսկե ծիրան»-ի կապերի և գործընկեր փառատոների հետ սերտ համագործակցության՝ «Այլևս երբեք» ծրագիրը հնարավոր դարձավ ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում էին պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացնում էին ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանում հանդիսատեսի հարցերին:
«Այլևս երբեք…» կինոցուցադրությունների ծրագրի առաջին կիսամյակում միջոցառումներ են կազմակերպվել արդեն յոթ երկրում, այդ թվում՝ Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում:
«Այլևս երբեք» ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու հունիսի 19-ից 26-ը և ներառելու է Մեծ Եղեռնին նվիրված 7 ֆիլմի ցուցադրություն: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:
Ծրագիրն իրականացվեց բարերար-գործարար Նորիկ Պետրոսյանի աջակցությամբ:
Յուրաքանչյուր երկրում կազմակերպված կինոցուցադրությունների և միջոցառումների մասին առանձին հակիրճ տեղեկատվությունը՝ ստորև:
Բելառուսում կայացած միջոցառումների մասին արդեն ներկայացրել էինք մարտի 13-ի մամլո ասուլիսի ժամանակ:
Գերմանիա-Բեռլին, Մ. Գորկու անվան թատրոն
մարտ 7 - ապրիլ 6, 2015թ
«Այլևս երբեք» ծրագիրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կազմակերպվեց Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ համատեղ: Ծրագրի համադրողն էր նշանավոր կինոօպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը: Ծրագրի նախնական գաղափարը Գերմանիայում վերածվեց հայկական մշակույթի մեկամսյակի՝ ստանալով «Պաղատանք» ընդհանուր խորագիրը: Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հրավերով բացման արարողությանը մասնակցեց և ֆիլմեր ներակայացրեց «Այլևս երբեք» ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Բեռլինում ցուցադրվեց ֆիլմերի հարուստ ընտրանի, ինչպես նաև տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: «Գերմանիան և ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի պատվավոր նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը:
Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Հոշոտված Հայաստան» - ռեժիսոր՝ Օսկար Ափֆել
«Տատիկիս դաջվածքները» - ռեժիսոր՝ Սյուզան Խարտալյան
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» - ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան (հանդիպում ռեժիսորի հետ)
«Նահապետ» -ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
«Խավարում»- ռեժիսոր՝ Արա Երնջակյան
«Հողը» - ռեժիսոր՝ Դևրիմ Աքքայա
«Մենք նույն ջուրն ենք խմել» -ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան
«Շների կղզին» - ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան
«Սարոյանի հողը» – ռեժիսոր՝ Լուսին Դինք
«Քար, ժամանակ, հպում» - ռեժիսոր՝ Կարինե Թորոսյան
«Կարոտ» - ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան
«Ճչացողները» – ռեժիսոր՝ Կառլա Կարապետյան
«Ապագան ձգվում է հավերժ» - ռեժիսոր՝ Օզջան Ալփեր
«Կոմիտաս» - ռեժիսոր՝ Դոն Ասկարյան
«Ճանապարհորդություն դեպի Ամասիա» - ռեժիսոր՝ Ռենդի Բել
«1915» - ռեժիսորներ՝ Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան
«Արարատ» - ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան
«Սպի» - ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին
Շվեյցարիա- Նիոն, Նիոնի Վիժըն դյու Ռեել միջազգային կինոփառատոն
Ապրիլ 19, 2015թ
Նիոնի Վիժըն դյու Ռեել միջազգային 46-րդ կինոփառատոնն այս տարի կայացավ ապրիլի 17-ից 25-ը: «Ոսկե ծիրան»-ի առաջարկով փառատոնի շրջանակներում անցկացվեց հուշ-երեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առթիվ փառատոնի շրջանակներում անցկացվող նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները ևս ներառվեցին վերը նշված ծրագրի շրջանակներում:
Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Մեր Ատլանտիդան» - ռեժիսոր՝ Արթուր Սուքիասյան
«Աքսորում երգողները»- ռեժիսոր՝ Նատալի Ռոզետտի
Ֆրանսիա-Փարիզ, Եվրոպա ֆիլմ ակտ միջազգային կինոփառատոն
մարտ 19-23, ապրիլ 3-7, մայիս 27, 2015թ
«Այլևս երբեք» ծրագիրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կազմակերպվեց «Եվրոպա ֆիլմ ակտ» կինոփառատոնի շրջնականերում, որը եվրոպական ամենահայտնի փառատոներից մեկն է: Կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր ներկայացվեց Փարիզում՝ շուրջ 15 լիամետրաժ, վավերագրական և կարճամետրաժ հայկական ֆիլմեր: Ծրագիրն ու ֆիլմերը ներկայացնելու համար Հայաստանից մեկնած պատվիրակության թվում էին կինոգետներ Սուսաննա Հարությունյանը և Դավիթ Մուրադյանը, կինոռեժիսորներ Արա Երնջակյանը և Հարություն Խաչատրյանը:
Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Ապրիլ»- ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
«Խավարում»- ռեժիսոր՝ Արա Երնջակյան
«Պոլիս»- ռեժիսոր՝ Էրիկ Նազարյան
«Շների կղզին»- ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան
«Հակոբ Հովնաթանյան»- ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով
«Նռան գույնը»- ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով
«Մենք ենք, մեր սարերը» - ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
«Հնձան» - ռեժիսոր՝ Բագրատ Հովհաննիսյան
Բուլղարիա-Սոֆիա, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, Օդեոն կինոթատրոն
Մարտ 13-19, 2015թ
Սոֆիայի միջազգային կինոփառատոնը ճանաչում ունեցող հեղինակավոր կինոփառատոն է, որն այս տարի անց էր կացվում 19-րդ անգամ: Փառատոնի շրջանակներում ցեղասպանության ծրագրի ցուցադրությունները տեղի ունեցան Բուլղարիայի երեք քաղաքներում՝ Սոֆիայում, Պլովդիվում և Վառնայում: Փառատոնին հայկական կողմից ներկա էր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Սոֆիայի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրումների համար պատրաստվել էր հատուկ ազդագիր, որի վրա ծրագրի աջակիցների տարբերանշաններն էին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հատուկ տարբերանշան անմոռուկը:
Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Արտույտների ագարակը»- ռեժիսորներ՝ Վիտորիո և Պաոլո Տավիանի
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»- ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան
«Սպի»- ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին
Լիտվա-Վիլնյուս, Վիլնյուսի միջազգային կինոփառատոն
մարտ 29, 2015թ
«Այլևս երբեք» ծրագրը Վիլնյուսում իրականացավ Վիլնյուսի “Կինոգարուն” (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում: «Ոսկե ծիրանի» գործընկեր կինոփառատոնը հուշ-երեկույթի կազմակերպման հիմնական գործառույթն իր վրա վերցրեց: Ելույթներով հանդես եկան Լիտվայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Արա Այվազյանը, Վիլնյուսի ՄԿՓ-ի տնօրեն Վիդա Ռամաշկիենեն: Ծրագրի պատմական ասպեկտը և ֆիլմերը ներկայացրեց կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, որը նաև Վիլնյուսի միջազգային 20-րդ կինոփառատոնի պատվավոր ժյուրիի անդամ էր: Ֆիլմերի ցուցադրությանը ներկա էր Լատվիայի սեյմի պատգամավոր Ալգիս Կաշետան : Լիտվայում ծրագրի համակարգողն էր լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանը, որը մեծ նպաստ ունեցավ ծրագրի իրականացման հարցում:
Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝
«Ապրիլ»- ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան
«Խավարում»- ռեժիսոր՝ Արա Երնջակյան
«Պոլիս»- ռեժիսոր՝ Էրիկ Նազարյան
«Շների կղզին»- ռեժիսոր՝ Սերժ Ավեդիկյան
Թուրքիա- Ստամբուլ, Ստամբուլի միջազգային կինոփառատոն
ապրիլ 12-19, 2015թ
Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագիրը, որը Թուրքիայում կրում էր «Հարյուր տարվա ցավը» խորագիրը, անցկացվեց Ստամբուլի միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ: Ցուցադրվեցին Գյուլում Քլերի «Թուրքիա, լռության ժառանգություն» և Հաջի Օրմանի «Homo Politicus» ֆիլմերը (ի դեպ, այս ֆիլմը Թուրքիայում ստեղծված սակավաթիվ խաղարկային կինոնկարներից է Հայոց ցեղասպանության մասին և իրականացվել է Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում):
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայ-թուրքական կինոպլատֆորմի երկօրյա սեմինարը, որին մասնակցում էին տասը ֆիլմ-նախագիծ՝ հինգ հայկական և հինգ թուրքական: Ներկայացված բոլոր ֆիլմերի նախագծերը Հայոց ցեղասպանության թեմայով էին: Հաղթող ճանաչվեց Սեդար Օնալի «Մայրիկ Դերդոն և նրա ընկուզենին» վավերագրական կինոնախագիծը: Այն պատմում է Եղեռնից փրկված Դերդո անունով կնոջ մասին, որը շարունակել է ապրել Թուրքիայում, պահպանել է իր ինքնությունն ու հավատքը և շուրջ 40 տարի է ակտիվ պայքարում է իր իրավունքների պաշտպանության համար:
Ասուլիսի բանախոսներն էին.
Հարություն Խաչատրյան - «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն
Սուսաննա Հարությունյան- «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար
Րաֆֆի Մովսիսյան - կինոքննադատ, «Այլևս երբեք» ծրագրի համակարգող