Նորություններ

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոն

Վերադարձ 15 Հունիսի 2015 14:12
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոն

Հունիսի 15-ին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մամլո ասուլիսով ազդարարեց փառատոնի 12-րդ մեկնարկը:
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:     
Փառատոնն այս տարի կանցկացվի  հուլիսի 12-19-ը:
Լրագրողներին և հյուրերին ներկայացվեց փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Իսկ ժյուրիների կազմերն այս տարի կգլխավորեն՝

•    Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Գեդիգյան (Ֆրանսիա)
•    Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝  Մարեկ Հովարկա (Չեխիա)
•    «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
•    Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա)

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից):
12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված ծավալուն երկու ծրագիր` «Մենք կանք» և «Այլևս երբեք»:
«Ոսկե ծիրան»-ի` ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ:
Կինոցուցադրությունները կզուգորդվեն ուսանողների և կինոյի սիրահարների համար անցկացվող վարպետության դասերով:
Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որն այս տարի կիրականացվի ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ և որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մասնակից երկրներում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն