Նորություններ

Պատվավոր հյուրերը և Հարություն Խաչատրյանի երկու մրցանակները

Վերադարձ 02 Հուլիսի 2015 15:18
Պատվավոր հյուրերը և Հարություն Խաչատրյանի երկու մրցանակները

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հանդես եկավ մամլո ասուլիսով: Ներկայացվեցին փառատոնի պատվավոր հյուրերը, Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը, Հարություն Խաչատրյանի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում ստացած երկու մրցանակները և Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ցուցադրությունները:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերն են` համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին: Հիմնականում եվրոպական ֆիլմերով հայտնի իտալուհի Օռնելլա Մուտին հանդես է եկել Գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանիսերը» ֆիլմում (1982), նկարահանվել է նաև նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանիսերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:

Նաստասյա Կինսկիին` մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:

 «Թես», Ռոման Պոլանսկի                     
«Փարիզ,Թեքսաս», Վիմ Վենդերս
«Մարիայիսիրեցյալները», Անդրեյ Կոնչալովսկի

Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:

Ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը մանրամասնեց վերջերս կայացած Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում իրականացված «Այլևս երբեք»` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի և իր ստացած երկու մրցանակների մասին: Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հունիսի 19-26-ը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ում հանդես եկավ որպես վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթային ժյուրիի պատվավոր անդամ:

Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսորի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն, որի ընթացքում կայացավ հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը: Երեկոյի անակնկալներից էին ռեժիսորին հանձնված երկու մրցանակները: Մոսկվայի միջազգային կինոփառատոնը ռեժիսորին հանձնեց մրցանակ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ռուս կինոգետների և կինոքննադատների գիլդիան Հարություն Խաչատրյանին իր հերթին պարգևատրեց հեղինակավոր «Փիղ» մրցանակով` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի և միջազգային կինոփառատոնի՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադրման համար:

Ցուցադրության ժամանակ երեկոյի հյուրերը և կինոքննադատները հիացմունքով ընդունեցին դեռևս 26 տարի առաջ ժամանակակից աշխարհի ներքին իրադրությունը զգացած և ժապավենին հանձնած ռեժիսորի «Քամին ունայնության» ֆիլմը:

 «Քամին ունայնության» ֆիլմի կերպարները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, հանդիսանում են նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսները:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մամլո գրասենյակ

Հուլիսի 2, 2015

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն