Նորություններ

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կիոփառատոնի մեկնարկը

Վերադարձ 13 Հուլիսի 2015 09:45
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կիոփառատոնի մեկնարկը

Փառատոնային առաջին օրը բավականին հագեցած և միջոցառումներով լի էր: Իրադարձության մեկշաբաթյա ընթացքն  սկսվեց մամլո ասուլիսներով, որի ժամանակ իրենց ֆիլմերը ներկայացրին Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները («Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ»), Վահրամ Մխիթարյանը («Հովվի երգը») և Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը («Հատանցում»): Օրվա երկրորդ կեսին կայացավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքիավանդական արարողությունը, որն այս տարի կամակերպվել էր Սուրբ Աննա եկեղեցում:    

Փառատոնի առաջին օրը տեղի ունեցավ  իտալուհի ճանաչված կինոդերասանուհի  Օռնելլա Մուտիի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Որպես «Ոսկե ծիրան»-ից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք՝Շառլ Ազնավուրի հրապարակում, հայ անվանի այլ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բացվեց  նաև կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը: Այն, ի դեպ, հուշաստղերի շարքում վեցերորդն է:

Արարողությանը հաջորդեց 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան եղել է 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում 1970-80 ական թվականների ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը կայացավ երեկոյան, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցան  կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվեց հայտնի կինոաստղեր` Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին  «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնման արարողությամբ:

Փառատոնային առաջին օրով սկսված մեկշաբաթյա հուլիսյան տոնը խոստումնալից մթնոլորտ է ստեղծել: Իրադարձությանը յուրահատուկ երանգ և տրամադրություն է հաղորդել կինոփառատոնի մեկնարկի հետ զուգադիպած Վարդավառը տոնը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն