Նորություններ

ՀԹԿՊ 2016 թ. Երևանյան աշխատաժողովի հաղթող նախագծերը

Վերադարձ 20 Հուլիսի 2016 11:50
ՀԹԿՊ 2016 թ. Երևանյան աշխատաժողովի հաղթող նախագծերը

Հուլիսի 12-ին Հայաստան-Թուրքիա կինոհարթակի նախագծերի զարգացման աշխատաժողովի պաշտոնական ժյուրին հայտարարեց հաղթող ճանաչված երկու նախագծերը՝ Իննա Սահակյանի «Ավրորայի արևածագը» և Առնո Խայաջանյանի «Բարի գալուստ Անատոլիա»:   
«Ավրորայի արևածագը» խաղարկային նախագիծ է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարտիկանյանի պատմությունը:  Նա վառ օրինակ է խիզախ հայ կնոջ, ով կյանքում հաղթահարելով բազում դառը փորձություններ՝ ուժ է գտել իր մեջ ապրելու և աշխարին ի ցույց դնելու իր ժողովրդի ողբերգական կոտորածը:
Նախագիծը արժանացավ արտադրության աջակցության համար սահմանված 5000 ԱՄՆ դոլար մրցանակին:   
«Բարի գալուստ Անատոլիա» նախագիծը ևս խաղարկային է, այն պատմում է 30 ամյա Վիգենի մասին, ով հայկական արմատներ ունի և որոշում է այցելել Անատոլիա՝ այն գյուղը, ուր ապրել են իր նախնիները:
Այս նախագիծը արժանացավ 7500 եվրո արժողությամբ մրցանակին:
ՀԹԿՊ-ի նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ Երևանում, հուլիսի 11-12, Երևանի «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում: Աշխատաժողովում մասնակցելու համար ընտրվել էին 10 նախագիծ՝ 5-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից:   
Բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 11-ին: Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում տեղի ունեցան ֆիլմերի դիտումներ, մասնագիտացված դասընթացներ և հանդիպումներ, որոնք իրականացրեցին Բելգիացի լուսանկարիրչ և կինոռեժիսոր Պիտեր-Յան Դը Պյուն և հայ դերասանուհի և կինոբեմադրիչ Մարիանա Եղիազարյանը: Մասնակիցները ներկայացրեցին իրենց նախագծերը և հնարավորություն ունեցան անհատապես քննարկելու դրանք ժյուրիի անդամների հետ՝ լսելու համար նրանց ավելի խոր գնահատականն ու դիտողությունները:   
Ժյուրիի անդամներն Էին Սուսաննա Հարությունյանը, Չիգդեմ Մաթերը, Մելեք Ուլագայ Թայլանը, Չիչեկ Կահրամանը, Գագա Չխեիդձեն, Գեղամ Մանուկյանը, Սեդա Գրիգորյանը և Հասմիկ Միքայելյանը:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 20 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

ՀԹԿՊ 2016 Երևանի աշխատաժողովը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ Դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Եվրոպական միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» 2-րդ ծրագրի շրջանակներում։

    

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն