

![]() |
![]() |
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ 2017-ի ապրիլի 10-ից 11-ը Երևանում` «Ոսկե Ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:
Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել էր 10 նախագիծ, հնգական յուրաքանչյուր կողմից։ Երկօրյա աշխատաժողովի ավարտին ժյուրին որոշեց Եվրամիության կողմից շնորհված 7,500 եվրոյի չափով դրամական պարգևը բաժանել երկու կինոնախագծերի միջև՝ Նաիրա Մուրադյանի «Մարկ և Մարկ և Կիկո» և Գուլիզ Սաղլամի «Կոզի լա վիտա» նախագծերի միջև:
Երկօրյա աշխատաժողովին ներկայացվեցին նախագծերը և տեղի ունեցան կինոդիտումներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու և քննարկելու իրենց նախագծերը ժյուրիի անդամների հետ առանձին հանդիպումների ընթացքում, որպեսզի
ստանան համապատասխան արձագանքներ և անհրաժեշտ տեղեկատվություն նախագծերն ավելի պրոֆեսիոնալ ներկայացնելու համար:
Երևանյան հանդիպման ժյուրիի անդամներն էին վավերագրական ռեժիսոր Մելեք Ուլագայ Թայլանը, պրոդյուսեր Նադիր Օփերլին, պրոդյուսեր և ՀԹԿՊ-ի համակարգող (Թուրքիա) Չիդեմ Մաթերը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և ՀԹԿՊ-ի համակարգող (Հայաստան) Սուսաննա Հարությունյանը, լրագրող և Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ Նունե Հախվերդյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը:
Այս տարին նաև կարևոր էր ՀԹԿՊ-ի համար, քանի որ 2015 թ.-ի ապրիլին վերջինիս կողմից աջակցություն ստացած, ռեժիսոր Սերդար Օնալի ՛Mother Derdo and Walnut Tree՛(Դերդո մայրիկը և ընկուզենին) ֆիլմը «Ոսկե ծիրանի» միջազգային վավերագրական անվանակարգում արժանացավ Արծաթյա ծիրան մրցանակին, իսկ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Ստամբուլի 36-րդ կինոփառատոնի շրջանակներում և ազգային վավերագրություն անվանակարգում արժանացավ լավագույն ֆիլմ մրցանակին:
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի» և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ:
ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար, որը համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:
ՀԹԿՊ 2017 Ստամբուլի աշխատաժողովը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» 2-րդ ծրագրի շրջանակներում։
