

Մարտի 27-ին, ժ. 12:00-ին, ՀԲԸՄ 2-րդ հարկի սրահում տեղի ունեցավ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կից մեկնարկող GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի ներկայացուցիչների՝ փառատոնի գործադիր տնօրեն Սուսաննա Հարությունյանի, GAIFF Pro ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանի և ՀԲԸՄ Հայաստանյան տնօրեն Թալար Ղազանչյանը մամուլի ասուլիսը:
Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ուշադրության կենտրոնում տարիներ շարունակ եղել են նախագծեր, որոնք նպատակ են ունեցել նպաստել տեղական կինոյի զարգացմանն ու համատեղ արտադրությունների քանակի ավելացմանը: GAIFF Pro-ն հանդիսանալու է արդեն իսկ գոյություն ունեցող և նոր մշակվող նախաձեռնությունների ընդհանուր հարթակը:
Նախագծի ղեկավար Մելիք Կարապետյանը ներկայացրեց GAIFF Pro հարթակի աշխատակազմը, որում ընդգրկված են ոլորտին ծանոթ և թարմ գաղափարներ ունեցող երիտասարդներ: Նորարարական հարթակ GAIFF Pro-ն նախատեսված է լինելու տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար: Առաջին անգամ Փոքր Կովկասում կձևավորվի համատեղ կինոարտադրության հարթակ և կինոշուկա՝ ստեղծելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ:
GAIFF Pro-ի գլխավոր գործընկերներից է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Թալար Ղազանչյանն իր խոսքում կարևորեց «Ոսկե ծիրան»-ի հետ համագործակցությունն ու նոր հարթակի ձևավորումը, քանի որ այն ուղղակիորեն բխում է իրենց վարած քաղաքականությունից:
GAIFF Pro-ի ներկայացուցիչներ Սեդա Գրիգորյանը և Սոնա Կարապողոսյանը ներկայացրեցին GAIFF Pro-ի ընդհանուր կառուցվածքը:
C2C Տարածաշրջանային համատեղ կինոարտադրության հարթակըՓոքր Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային կինոշուկա է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև ներկայացնել այն կինոարտադրության հավատարմագրված միջազգային մասնագետներին՝ խթանելով համագործակցություն տեղական ու միջազգային կինոարտադրողների միջև: C2C-ն կազմված է երեք հիմնական բաղադրիչից՝
- Լիամետրաժ կինոնախագծերի շուկա
- Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա
- C2C կինոցուցադրություն
ՍինեՄիտք (CineThink)-ը ողջ տարին ձգվող միջոցառումների շարք է, որի նպատակն է՝ զարգացնել Հայաստանի կինոարտադրությունը: Ծրագիրը յուրօրինակ համագործակցություն է GAIFF Pro-ի և Think դասընթացների ծրագրի միջև: Տասը մասից բաղկացած կուրսը նախատեսված է 10 կինոռեժիսոր/սցենարիստի համար, ովքեր փորձում են իրագործել իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ նրանց օգնելու ձեռք բերել հանրային խոսքի հմտություններ և մշակել իրենց նախագծերը: Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան օգտագործել ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով իրենց նախագծերը տեղացի ներդրողներին և ֆինանսավորողներին:
Հայացք (In Focus)-ն այս տարի անդրադառնում է ԱՊՀ երկրներին՝ կազմակերպելով կլոր սեղան քննարկումներ և ֆիլմերի ցուցադրություններ հրավիրյալ կինոգործիչների և կինոարտադրող ստուդիաների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել և գնահատել տարածաշրջանային համագործակցությունների հեռանկարները:
ԿինոԴարանը նպատակ ունի ծրագրեր իրականացնել հայկական և տարածաշրջանային ֆիլմերի, մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և տարածման ուղղությամբ:
Համատեղ
GAIFF Pro-ն համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կառույցների հետ՝ տեղացի կինոարտադրողներին հնարավորություն ընձեռնելով մասնակցել համագործակցության հարթակների և զարգացնել սեփական կինոնախագծերը՝
Հայաստան Թուրքիա կինոհարթակ (ATCP) հիմնադրվել է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդի և «Անադոլու Կուլտուրի» կողմից 2008-ին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ կինոարտադրության կայացմանը: Սկզբնավորման օրվանից ATCP-ի շրջանակներում 23 կարճամետրաժ և վավերագրական կինոնախագիծ է իրականացվել, ինչպես նաև պատրաստվել և ներկայացվել է առաջին հայ-թուրքական կինոալմանախը:
Եվրասիա ԴոկըՖրանսիայում գործող վավերագրական ֆիլմերի աջակցության կազմակերպություն է, որը եզակի հնարավորություն է վավերագրական նախագծերի վրա աշխատող կինոռեժիսորների համար՝ մասնակցելու համատեղ արտադրության հանդիպումների և զարգացնելու սեփական կինոնախագծերը:
Հավատարմագրում
2018-ին «Ոսկե ծիրանը» ներկայացնում է հավատարմագրումների տրամադրման նոր համակարգ, որը հնարավորություն կտա կինոյի մասնագետներին, հյուրերին և մասնակիցներին ներկա գտնվել մասնագիտական հարթակի և փառատոնի միջոցառումներին, այդ թվում՝ C2C տարածաշրջանային կինոշուկային և ցուցադրություններին: Այս տարի համակարգը կգործի անվճար, սակայն հետագա տարիներին հավատարմագրումները կտրամադրվեն վճարովի սկզբունքով՝ ըստ փառատոնային և GAIFF Pro արտադրության միջոցառումների:
