Նորություններ

ՍինեՄիտք աշխատարանի դիմումների ընդունում

Վերադարձ 03 Ապրիլի 2018 16:15

                  

                     

 

GAIFF Pro-ն հրավիրում է սկսնակ կինոգործիչներին մասնակցելու ՍինեՄիտք աշխատարանին: Տասը մասից բաղկացած դասընթացը նախատեսված է 10 պրոֆեսիոնալ կինոռեժիսոր/հեղինակի համար, ովքեր աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա, և միտված է օգնելու ձեռք բերել հանրային խոսքի և ֆիլմի գաղափարի պատշաճ ներկայացման հմտություններ: ՍինեՄիտք աշխատարանը բացահայտելու է ներկայացված մտքերի առանձնահատկությունները, որոնց աճի համար մտածողության համապատասխան պայմաններ և մոդելներ ստեղծելով՝ մասնակիցներին աջակցելու է մշակել կամ վերափաթեթավորել իրենց պատմություններն ու առավելապես ընդգծել դրանց ազդեցությունը։ Աշխատարանը կվարի Քրիստինե Սարգսյանը, իսկ աշխատանքային լեզուն կլինի հայերեն:

Դասընթացը, որը տեղի է ունենալու ամեն շաբաթ օր` ապրիլի 21-ից հունիսի 23-ը, ուղղված է լինելու ֆիլմի գաղափարի ներկայացմանը, և չի հետապնդում սցենարի/նախագծի զարգացման հմտություններ ապահովելու նպատակ:

 Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել.

-       Ֆիլմի գաղափարի կարճ նկարագիր (լոգլայն - 2-3 տող)

-       Ֆիլմագրություն (եթե սա ֆիլմի հեղինակի առաջին լիամետրաժ նախագիծն է, ապա անհրաժեշտ է տալ նախկինում արված կարճամետրաժ ֆիլմերի հղումներ)

-       Հեղինակի ինքնակենսագրականը

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը:
Ապրիլի 17-ին  երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն ներկայացնելու իրենց լիամետրաժ նախագիծը` բերելով նաև ֆիլմի մեկ էջանոց բնութագիր (սինոփսիս) և հեղինակի մեկ էջանոց տեսլականը (author vision):
Աշխատարանին ընտրված նախագծերի հեղինակները պետք է պատրաստ լինեն մասնակցել բոլոր 10 դասընթացներին: Դասընթացի ավարտին մասնակիցներին հնարավորություն է տրվելու օգտագործել ձեռք բերված գիտելիքները՝ իրենց նախագծերը ներկայացնելով տեղացի ներդրողներին և ֆինանսավորողներին: Հաջողված նախագծերը GAIFF Pro կինոշուկայի շրջանակներում՝ հուլիսի 9-13-ը, կներկայացվեն նաև միջազգային ներդրողներին:
Դիմումի հայտը լրացնելու համար այցելեք հետևյալ հղումով.
Հարցերի դեպքում կարող եք գրել gaiffpro@gaiff.am հասցեին:
Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում: 

 Քրիստինե Սարգսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում գործարար հաղորդակցման դասախոս է: Նա հանրային խոսքի, ինչպես նաև կազմակերպությունների զարգացման խորհդատու է, ով ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ: Քրիստինեն նաև մի շարք կազմակերպչական զարգացման մեթոդների հեղինակ է, որոնք կիրառվել են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, հրապարակել է կազմակերպչական զարգացման մեթոդների մի ձեռնարկ, իսկ տեղացի մասնագետների համար  հիմնադրել է առաջին կազմակերպչական զարգացման գրադարանը:

Նախկինում Քրիստինեն աշխատել է TACIS, World Learning, USDA, Eurasia Partnership Foundation, Caritas Armenia,  Real Medicine Foundation և TED կազմակերպությունների համար:

Հայաստանում TEDxYerevan կոնֆերանսի հիմնադիրն և լիազոր ներկայացուցիչն է, կազմակերպվել է ավելի քան 30 հաջողված TEDx միջոցառում: Այս ամենի հետ մեկտեղ նա նաև մշակել է արդյունավետ խոսքի միջոցով անձնական զարգացման հասնելու մի ծրագիր, որը կոչվում է «Մտածի՛ր», որը կիրառվել է մի շարք բարձրակարգ մասնագետների և Սիլիկոնյան հովտի startup-երի առաջնորդների դասավանդելիս:

2015թ. ճանաչվել է 28 TED-Ed նորարար դասընթացավարներից մեկը, որոնց ընտրել են ամբողջ աշխարհ գործող 250.000 դասընթացավարներից, ուսուցիչներից և մարզիչներից: 2017թ. ըստ եվրոպական լրագրողական հետազոտողական տարբեր աղբյուրների Քրիստինեն ճանաչվել է Արևելյան Եվրոպան փոխող 21 կանանցից մեկը:

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն