Նորություններ

Սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերը` հայկական համայնապատկերում

Վերադարձ 14 Հուլիսի 2009 20:22
Սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերը` հայկական համայնապատկերում “Ոսկե ծիրան” 6-րդ միազգային կինոփառատոնի հայկական համայնապատկեր ծրագրում են ներկայացված Ռոբերտ Սաֆարյանի “Թեհրանը լուսանկարներում”, Էդի Վիգենի “Աթոս Լեռ, վանականների հանրապետություն” և Նիկոլ Պեզճյանի “Հայրենի հող” ֆիլմերը:
Նիկոլ Պեզճյանը, ներկայացնելով ֆիլմը, պատմում է, թե ինչպես ի սկզբանե գրողների միջազգային հավաքի մասին ֆիլմը, որ պետք է պատմեր Հունաստանի Փարոսում Լոուա համալսարանի նախաձեռնության մասին, անսպասելիորեն փոխվեց նախապես գծված ուղուց. “Բեյրութում ծավալված իրադարձություններն ու ստեղծված իրավիճակը չթողեցին ինձ մեկնել Փարոս, և ես ստիպված էի ֆիլմի նկարահանումները կազմակերպել ու կառավարել հեռախոսով,- պատմում է Նիկոլ Պեզճյանը,- և ես էլ անմիջապես որոշեցի ֆիլմի մեջ ներկայացնել նաև այն իրավիճակը, որում հայտնվել էի ես”:
Ռոբերտ Սաֆարյանը աշխատում և ստեղծագործում է Թեհրանում, առաջին անգամ է լինում Հայաստանում: Ռեժիսորը ֆիլմով փորձում է ցույց տալ Թեհրանը բոլոր ժամանակներում. “Ես ամբողջ կյանքում ապրել եմ այնտեղ, և ինձ համար էլ հետաքրքիր էր` ինչպես է քաղաքը ներկայանում ու ինչպիսին է տարբեր ժամանակների լուսանկարներում: Լուսանկարները կողք կողքի դնելով` հանդիսատեսն էլ կտեսնի Թեհրանը”,- ասում է Ռոբերտ Սաֆարյանը:
Ֆիլմը հենված է տարբեր ժամանակների լուսանկարների վրա և խորհրդածություն է լուսանկարներ պահելու և իրեն հավերժացնելու մարդու սիրո մասին:
Էդի Վիգենն էլ ֆրանսիահայ է, որի ֆիլմն առաջին անգամ է մասնակցում փառատոնի: Իր խոսքերով, սա առաջին վավերագրական ֆիլմն է, որ հոգևոր ուղղվածություն ունի: Աթոս լեռը ինքնավար աստվածապետական հանրապետություն է, որ գտնվում է Հունաստանի հյուսիսում: 1963թ.-ին մի բյուզանդացի կայսեր հիմնած այս բացառիկ անկլավը արգելված վայր է եղել կանանց ու տեսախցիկների առաջ. “Յոթ տարի պահանջվեց, որպեսզի շփվեմ, բանակցություններ վարեմ, որպեսզի թույլ տան նկարահանումները,- պատմում է Էդին,- և ի վերջո, առաջին անգամ արգելված տարածքն իր դռները բացեց տեսախցիկի առջև”:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն