Նորություններ

7-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը նույնպես հարուստ ծրագիր կունենա

Վերադարձ 21 Մայիսի 2010 15:40
7-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը նույնպես հարուստ ծրագիր կունենա 7-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11-18-ը Երևանում` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս մշակույթի նախարարության` որպես պետական աջակից, և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր:

Փառատոնն այս տարի ստացել է մոտ 500 հայտ աշխարհի 75 երկրներից` այդ թվում առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն։ Մրցութային ծրագիրը կպահպանի արդեն հայտնի ձևաչափը. 3 մրցութային ծրագրերում` Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական ֆիլմերի և Հայկական համայնապատկեր, կմրցեն ստացված հայտերից ընտրված լավագույն աշխատանքները։

7-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆը կանցնի հայկական կինոյի հատուկ շեշտադրությամբ։ Այս տարի փառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի մի քանի նվիրյալների` տոնելով կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբելյանները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, ինչպես նաև կյանքի 75-րդ տարում դեռ ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի հոբելյանը։ Հայկական կինոյի այս վառ անունները հանրությանը արժանի կերպով ներկայացնելու համար նրանցից յուրաքանչյուրի մասին հոլովակներ կնկարահանվեն, կտպագրվեն առանձին ազդագրեր, նրանց ստեղծած ու նրանց մասնակցությամբ ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն ենթագրերով։ Հոբելյանի առթիվ լույս կտեսնի նաև Ալբերտ Յավուրյանի մասին պատմող մի գիրք, որը կներառի նաև նրա հուշերը։

Հայկական կինոյի արժևորմանն են ուղղված նաև 2 սփյուռքահայ ռեժիսորների հոբելյաններին նվիրված հատուկ ծրագրերը` Անրի Վեռնոյ – 90 և Ատոմ Էգոյան – 50։ ՈՍԿԵ ԾԻՐԱՆի պատվավոր նախագահ, կանդահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը կնշվի իր իսկ մասնակցությամբ։

Հարուստ ֆիլմացանկով կներկայանա Երևանյան պրեմիերաներ ծրագիրը, որը կմատուցի Սերգեյ Սոլովյովի “Համադասարանցիները”, Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիհ Կապլանողլուի “Մեղրը”, հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի “Հիվանդասենյակ համար 6”-ը, լեհ հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը` “Փոխայց”-ը, թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի “Հոգու խոհանոց”-ը, ամերիկացի Ռոբ Նիլսոնի “Ոգեշնչված”-ը և այլ ժապավեններ։

Այս տարի նույնպես ՈՍԿԵ ԾԻՐԱՆի շրջանակներում կկայանան համաշխարհային կինոյի մի քանի անվանի ռեժիսորների հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կանցկացվի առանձին ռուսական ծրագիր` նվիրված Հաղթանակի 65-ամյակին։
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն