Նորություններ

Վերահրատարակվել է Հայկական կինոյի կատալոգը

Վերադարձ 27 Մայիսի 2010 14:52
Վերահրատարակվել է Հայկական կինոյի կատալոգը

10 տարի առաջ լույս տեսավ Հայկական կինոյի առաջին կատալոգը, որն ընդգրկում էր 1924-1998թթ-ին Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, ինչը, լինելով այն ժամանակ միակը նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ, արժանացավ Ռուսասատանի կինոգիլդիայի “Սպիտակ փիղ” մրցանակին։

Վերահրատարակված կատալոգում ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տևողությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև ընդգրկվել են մինչև օրս նկարահանված տեսաժապավենով ֆիլմերը։

Նոր հրատարակության մեջ ներառվել է նաև առանձին հավելված, որն ընդգրկում է 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը։

Ֆիլմերի հեղինակների անվանացանկում, ի տարբերություն նախորդ հրատարակության, այժմ անվանատառերի փոխարեն նշվում են անուններն ամբողջությամբ, որքան հնարավոր է եղել պարզել։ Այս կերպ փորձ է արվել մոռացությունից փրկել այդ անունները։

Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռ 60-ականների սկզբին Դանիել Դզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան արխիվային նյութերը, նաև Գրականության և արվեստի թանգարանում պահվող նյութերը և այլն։

Երկլեզու կատալոգի (հայերեն, անգլերեն) առաջին հրատարակությունն իրականացվել էր Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ, այս անգամ օժանդակողների թվում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և “Մեկ ազգ, Մեկ մշակույթ” հիմնադրամը։ Կազմակերպչական ամբողջ աշխատանքը կատարվել է ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի աշխատակազմի կողմից` փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ։ Գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, աշխատանքներին մասնակցել են նաև կինոգետներ Զավեն Բոյաջյանը և Վալերի Գասպարյանը, Անահիտ Արփենը (Թադևոսյան), Տաթևիկ Մանուկյանը, թարգմանիչ` Ռուզան Ամիրաղյան:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն