Նորություններ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի համագործակցությունը դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ շարունակվում է

Վերադարձ 01 Հուլիսի 2011 18:18
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի համագործակցությունը դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ շարունակվում է “Ոսկե ծիրան” կինոփառատոնի և Հայաստանում ներկայացված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը շարունակվում է և ընդլայնվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը իր խոսքում նշեց, որ փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող հյուրերի այցելությունների մի մասը կայացել են նաև միջազգային այս կառույցների շնորհիվ, ինչպես նաև` նրանց աջակցությամբ փառատոն են հասել բազմաթիվ ֆիլմեր` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով դիտել համաշխարհային կինոյի լավագույն նմուշները:
“Ոսկե ծիրան”-ի հավատարիմ և հուսալի գործընկերներն են Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նիդերլանդների, Բրազիլիայի, Ռուսաստանի դեսպանատները, ինչպես նաև` մի շարք միջազգային կազմակերպություններ: Առաջին անգամ “Ոսկե ծիրան”-ը համագործակցում է Իսրայելի և Ավստրալիայի դեսպանությունների հետ: Շարունակվում է համագործացությունը միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Գյոթե ինստիտուտն ու Բրիտանական խորհուրդը:
Մասնավորապես 8-րդ “Ոսկե ծիրան”-ի դեպքում Իտալիայի վերամիավորման 150-ամյակին նվիրված “Ռեսորջիմենտո 150” ծրագրի բոլոր ֆիլմերը տրամադրել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը: Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ` հետահայաց ցուցադրությամբ կներկայանա անվանի ռեժիսոր Բերտրան Տավերնիեն, գերմանական դեսպանատան և Գյոթե ինստիտուտի ջանքերով “Ոսկե ծիրան”-ին կմասնակցեն մրցութային անվանակարգերում ներառված չորս ֆիլմերի ռեժիսորները և կցուցադրվի փառատոնի փակման ֆիլմը` աշխարհահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսի 3D ձևաչափով նկարահանված “Պինա” կինոնկարը:
Լեհաստանի Հանրապետության փոխդեսպան Մաչեյ Ֆալկովսկին, որը նույնպես ներկա էր ասուլիսին, ասաց, որ արդեն ավանդական դարձած “Լեհակա օրը” այս տարի կլինի հուլիսի 12-ին:
“Հանրահայտ լեհ ռեժիսոր Վոյչեխ Մարչևսկին կմասնակցի “Ոսկե ծիրան”-ին: Կլինեն նրա երեք ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Ինչպես նաև կցուցադրվեն Անջեյ Վայդայի դպրոցի ուսանողների ֆիլմերից` մոտ տասը կարճամետրաժ”,- Լեհաստանի դեսպանատան ցուցաբերած աջակցության մասին պատմեց Մաչեյ Ֆալկովսկին:
Մյուս բանախոսը` Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, նշեց, որ իրենց աջակցությունը հիմնականում ուղղված է հայ և թուրք ռեժիսորների երկխոսությունը կազմակերպելուն:
“Շատերը մեզ քննադատում էին, որ քանի տարի է ռեժիսորները հանդիպում են, և բան տեղի չի ունենում: Մեկ էլ հանկարծ ապրիլին միանգամից հինգ ֆիլմի պրեմիերա տեղի ունեցավ Ստամբուլում: Եվ հիմա մենք աջակցում ենք մի նոր ֆիլմի նկարահանմանը` Լուսին Դինքի ֆիլմը Վիլյամ Սարոյանի մասին”,- ներկայացրեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարբեկյանն էլ, խոսելով իրենց ցուցաբերած աջակցության մասին, ասաց, որ Հայաստան են գալու բրիտանացի հայտնի փորձագետներ և կազմակերպելու են սեմինար-դասընթացներ փառատոնի ընթացքում: Կլինեն նաև “Մշակույթի մենեջմենթ” խորագրով դասընթացներ: Բացի այդ նա պատմեց մի նոր մրցանակի մասին. “Բրիտանական խորհուրդը սահմանել է “Փառատոնի նոր անուն” մրցանակը, որը կտրվի ամենաակտիվ ու խոստումնալից երիտասարդին: Մրցանակը Բրիստոնում կազմակերպվող փառատոնին մասնակցելու հնարավորություն է ընձեռում”:
Բրազիլիայի դեսպանության հետ “Ոսկե ծիրանը” համագործակցում է երկրորդ տարին անընդմեջ: Այս առիթով իր գոհունակությունը հայտնելով` Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակութայն կցորդ Ֆլորիանո Ռեգիսը նշեց, որ այս տարի իրենք շատ հաջող են ներկայացված փառատոնում:
“Դոկումենտալ անվանակարգում կմրցի այս տարի Օսկար մրցանակին արժանացած “Աղբանոց” ֆիլմը: Կդիտեք և ինքներդ կհամոզվեք, թե ինչքան լավն է”, - ասաց Ռեգիսը:
Սուսաննա Հարությունյանը նաև նշեց, որ այս տարին “Ոսկե ծիրան”-ի համար նախանշվեց մի նոր համագործակցությամբ. առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվել ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը: Այս ծրագրի շրջանակերում կցուցադրվեն տասը ֆիլմեր և կլինեն քսանից ավելի հյուրեր ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ղազախստանից, Կիրգիզիայից, Տաջիկստանից, Մոլդովայից:
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն