Նորություններ

«Հայկական համայնապատկեր» մրցույթում` ֆիլմեր նաև Իրանից ու Լիբանանից

Վերադարձ 16 Հուլիսի 2010 11:00
«Հայկական համայնապատկեր» մրցույթում` ֆիլմեր նաև Իրանից ու Լիբանանից Իրանի հայտնի դերասանուհի Մահայա Պետրոսյանը ռեժիսոր Ամիր Թուդե Ռուսթայի հետ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթին է ներկայացնում իր առաջին ռեժիսորական աշխատանքը, որ կոչվում է «Մի գեղեցիկ, ձյունոտ օր»: «Ֆիլմը նկարահանվել է մի իրանցի գրողի պատմվածքի հիման վրա, որը ես կարդացել էի 15 տարի առաջ ու շատ տպավորվել էի: Սցենարը, որը որոշ առումներով տարբեր է պատմվածքից ինքս եմ գրել և ֆիլմում գլխավոր դերը նույնպես ես եմ կատարում»,- ասում է Մահայա Պետրոսյանը և ավելացնում, որ շատ ուրախ է իր առաջին ռեժիսորական աշխատանքը ներկայացնել Հայաստանում:
«Սա պատմություն է մոր սիրո մասին,- նշում է Ամիր Թուդե Ռուսթան,- քանի որ Մահայան դեռ վաղուց նկարահանվել էր իմ ֆիլմերում, և մենք որպես գործընկերներ լավ էինք ճանաչում իրար, որոշեցինք համագործակցել և միասին ստեղծել այս ֆիլմը, որի նկարահանումները տևեցին մեկ տարի»:
Մահայան նշում է, որ Իրանում մշակութային գործունեությամբ զբաղվող կանանց թիվը բավականին մեծ է, և կան շատ կին ռեժիսորներ, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում: «Քանի որ Իրանը իսլամական երկիր է, որոշակի սահմաններ կան, և յուրաքանչյուր ռեժիսոր հասկանում է, որ պետք չէ դուրս գալ այդ սահմաններից,- նշում է Մահայա Պետրոսյանը,- Խոսքը անձնական, զգացմունքային հարաբերություններ ներկայացնող հատվածներ չցուցադրելու մասին է: Ամբողջ աշխարհում այսօր իրանական կինոն հայտնի է որպես բանաստեղծական կինո, ֆիլմերում ռեժիսորները փորձում են հեռու մնալ գռեհկությունից, դաժան տեսարաններից, պոռնոգրաֆիայից: Իրանական ֆիլմերն ավելի համամարդկային են ու այսօր իրենց տեղն ունեն համաշխարհային կինոարվեստում»:
«Ոսկե ծիրան» կիոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակիցներից է նաև լիբանանահայ Վաչե Բուլղուրջյանը իր «Հինգերորդ զորասյունը» ֆիլմով, որը Բեյրութի մեկուսացած հայկական թաղամասի հուսահատության ու վշտի մասին է: «Նոր մտքեր ունեմ հայության մասին ֆիլմ նկարելու, հատկապես լիբանանահայության մասին, որպեսզի շարունակական լինի»,- ասում է Բուլղուրջյանը: «Հինգերորդ զորասյունը» ֆիլմը, որը նրա առաջին ռեժիսորական աշխատանքն է, այս տարի ներկայացվել է նաև Կաննի կինոփառատոնին և արժանացել Cinéfoundation մրցույթի 3-րդ մրցանակի: «Շատ ազդեցիկ և հուզիչ է, երբ միջազգային ասպարեզում գնահատում են հայկական կինոն, հայ լեզվով հնչող պատկերները»,- ասում է ռեժիսորը:
«Հայկական համայնապատկեր» մրցույթին իր «Քեռի Վալյա» ֆիլմն է ներկայացրել նաև ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը` պատմելով Վալենտին Պոդպոմոգովի կատակասեր կերպարի մասին, թե որ դեպքում էր նա ավելի իրական` կինոյում, մուլտիպլիկացիայում, թատրոնում, թե կերպարվեստում: Ֆիլմը ցույց է տալիս, որ Պոդպոմոգովի նման տաղանդների կորուստը միշտ հանկարծակիի է բերում, և միայն հետագայում մարդիկ փորձում են գնահատել արժանին:
«Փորձում ենք նկարել և ստեղծել ֆիլմեր, որոնք կարող են շարունակական լինել և ժամանակի ընթացքում փոխարինել մեր ավագ սերնդի նկարահանած ու ստեղծած արժեքները` ամեն դեպքում ձգտելով հասնել այդ բարձունքին»,- ասում է «Հայկական համայնապատկեր» մրցույթի երիտասարդ մասնակից Դավիթ Էնֆենջյանը: Նրա ներկայացրած ֆիլմը փորձարարական ժանրի է և կոչվում է «Error»:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն