Ֆիլմեր

Անջեյ Կրակովսկի

Վերադարձ
Անջեյ Կրակովսկի

Անջեյ Կրակովսկի (1946, Վարշավա)
Լոձի նշանավոր լեհական ազգային կինոդպրոցում և Լոս Անջելեսի Ամերիկյան կինոինստիտուտում ուսանած Կրակովսկին ավելի քան 50 ֆիլմի սցենար է գրել, նկարահանել և (կամ) պրոդյուսերը եղել: Հայրը տարբեր ժամանակներում ազդեցիկ քաղաքական գործիչ է եղել, մայրը` ռադիոթղթակից: Կրակովսկին հասակ է առել մի կողմից` զորեղ քաղաքական գործիչներով, մյուս կողմից` լեհական կինոյի ստեղծագործ, հաճախ քաղաքականորեն հանդուգն հանճարներով շրջապատված: Դիեգո Ռիվերայի, Պաբլո Պիկասոյի, Իլյա Էրենբուրգի, Նազիմ Հիքմեթի, Իվ Մոնտանի և Լեշեկ Կոլյակովսկու նման արտիստները, գրողներն ու փիլիսոփաները Կրակովսկիների տանը հյուրընկալված շատ արվեստագետներից մի քանիսն են: Լոձի կինոդպրոցի ամենաերիտասարդ ուսանողներից մեկը, եթե ոչ ամենաերիտասարդը լինելով` Անջեյը մանկության ընկերոջ` Քշիշտոֆ Կեշլյովսկու հետ, սովորել է մի շարք ականավոր ռեժիսորների ղեկավարությամբ և Անջեյ Վայդայի ասիստենտն է եղել ՙՄոխիրը՚ նկարահանելիս: 1968-ի մարտին ուսանողական ցույցերին մասնակցելու համար մամուլում հարձակման ենթարկվելուց հետո Կրակովսկին անսպասելիորեն Հոլիվուդում ուսումը շարունակելու առաջարկ է ստացել: Միացյալ Նահանգներ մեկնելուց քիչ անց նա հրաժարվել է լեհական քաղաքացիությունից, ուստի նրան արգելել են վերադառնալ: 1970-ին Դեյվիդ Լինչի, Թերենս Մալիքի, Փոլ Շրեյդերի և Ջերեմի Քագանի հետ Կրակովսկին դարձել է Ամերիկյան կինոինստիտուտի անդամ պրոդյուսեր: Այդ շրջանում նա հանդես է եկել որպես Ամերիկյան կինոինստիտուտի իր ընկերակիցների մի քանի կարճամետրաժ և երկու խաղարկային ֆիլմերի պրոդյուսեր. խոսքը Թերենս Մալիքի  ՙԼենթոն Միլզ՚-ի, Ռիչարդ Փաթերսոնի  ՙԲաց լուսամուտի՚, Ջերեմի Քագանի  ՙՉարլզ Ֆաբերմանի սիրո երգի՚" և Օսկար Ուիլյամսի  ՙՎերջին անկման՚  մասին է: Այս ֆիլմերի մի մասը, պաշտամունքային կարգավիճակ ստանալով, ուսուցանվում է ամերիկյան քոլեջներում որպես կինոյի ուսումնական ծրագրի բաղկացուցիչ: Այնուհետև Կրակովսկին դարձել է Yasny Productions, Inc.-ի արտադրության ղեկավարը, որտեղ, ի թիվս այլոց, նրա հսկողությամբ կյանքի է կոչվել 1976-ին ՙՕսկարի՚ ներկայացված ՙԿալիֆորնիական ռայխ՚ լիամետրաժ վավերագրական ֆիլմը: Նա բարձր գնահատված SUNY-Purchase կինոծրա•րի հիմնադիրներից է: Այժմ կինոռեժիսուրա և պրոդյուսերություն է դասավանդում Նյու Յորքի Սիթի քոլեջում:

Ֆիլմացանկ
Հարսանիքը հոյակապ էր, բոլորն արտասվում էին (1972), Հարգանքի տուրք դոկտոր Սաբինին (1993), Քաղցկեղի քաղաքականությունը (1994), Պատմություններ խարույկի շուրջը (2001), Ջեֆրի Հոլդերը` անհայտ կողմից (2002), Հրաժեշտ իմ երկրին (2002), Պալադինին որոնելիս (2008):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն