Նորություններ

Հովհաննես Գալստյանն ու Անջեյ Կրակովսկին "Ոսկե Ծիրան"-ի մամլո սրահում

Վերադարձ 13 Հուլիսի 2009 10:03
Հովհաննես Գալստյանն ու Անջեյ Կրակովսկին "Ոսկե Ծիրան"-ի մամլո սրահում

Անջեյ Կրակովսկու “սառցարկղի դրամատուրգիան”

41 տարի առաջ էր, որ մյուս բոլոր հրեաների նման Լեհաստանից դուրս հանեցին նաև Անջեյ Կրակովսկուն. “Ոչ լեզու գիտեի, ոչ գիտեի` ուր եմ գնում, բախտս բերեց, որ երիտասարդ էի և օտար հողում ամեն ինչ կարողացա սկսել սկզբից, բայց երբեք չգիտեի, որ էլ չեմ վերադառնալու հայրենիք”,- պատմում է Ամերիկայում ստեղծագորոծող լեհ ռեժիսոր Անջեյ Կրակովսկին:

Անջեյ Կրակովսկին ուսում է ստացել Լոձի նշանավոր լեհական ազգային կինոդպրոցում և Լոս Անջելեսի Ամերիկյան կինոինստիտուտում, գրել է ավելի քան 50 ֆիլմի սցենար, նկարահանել ու պրոդյուսեր է եղել: Այժմ ռեժիսորը կինոռեժիսուրա և պրոդյուսերություն է դասավանդում Նյու Յորքի Սիթի քոլեջում:

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է Անջեյ Կրակովսկու “Պալադինին որոնելիս” ֆիլմը` նկարահանված 2008թ.-ին. “Իմ ֆիլմերում փորձում եմ կամուրջներ գցել մշակույթների, սերունդների ու ազգերի միջև: Այս ֆիլմում էլ փորձել եմ ցույց տալ տարբեր մշակույթներ, տարբեր կենսաոճ, երիտասարդ ամերիկացիների աշխարհայացքը ու փորձել բոլորին մտածել տալ` ինչով ենք մենք զբաղված”,- ասում է ռեժիսորը:

Իր ֆիլմերը նկարագրելիս Անջեյ Կրակովսկին դրանք անվանում է բազմաշերտ նապոլեոնյան ֆիլմեր, որոնք հաճախ շատ դժվար ընկալելի են լինում հասարակության լայն շերտերի համար. “Լսարանը ստանում է այն, ինչին պատրաստ է: Նրանք, ովքեր կինոդահլիճ են մտնում զվարճանալու, էլի կստանան ինչ-որ բան, բայց ֆիլմի խոր շերտերին չեն հասնի: Ֆիլմերը ես անվանում եմ սառցարկղի դրամատուրգիա, և նրանք, ովքեր սառցարկղից դուրս գալուց հետո կսկսեն հալվել ու մտածել, նրանք իրենց համար նոր երևույթներ կբացահայտեն: Ամեն դեպքում, մեր` ռեժիսորներիս առաքելությունն է սիրտը հանել ու դեմ տալ հասարակությանը”,- ասում է Կրակովսկին:

Ի տարբերություն իր ֆիլմի հերոսին` իմաստնացած Կրակովսկին չի պատրաստվում թոշակի անցնել ու հաջորդ ֆիլմը, որ երկու եղբայրների` կոշկակարի ու քաղաքական գործչի, ավելին` իր հոր և հորեղբոր մասին է, լեհ ռեժիսորը պատրաստվում է նկարահանել Հայաստանում:

Տարիներ անց. հայկական ֆիլմը ռուսական էկրանին

Ոսկե ծիրան կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է նաև հայ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի 2009թ.-ին նկարահանված և արդեն իսկ Մոսկվայի փառատոնին ներկայացված “Խճճված զուգահեռներ” ֆիլմը. “Ես գիտեմ ովքեր են ընտրում Ոսկե ծիրանի ֆիլմերը և հպարտ եմ ու պատիվ եմ համարում, որ այս տարի այդ ընտրված ֆիլմերի շարքում է նաև իմ ֆիլմը”,- ասում է Հովհաննես Գալստյանը:

Ֆիլմի հիմքում իրական փաստեր են, որ գեղարվեստական դրսևորումներ են ստացել: Դրանք երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորվեգիայում ռազմագերու սիրո պատմության և վերջինիս թողած հետքերի նկարագրությունն է: “Ի սկզբանե ֆիլմը նախատեսված չէր ռուս հանդիսատեսի համար, բայց դիտումից հետո սառույցը հալվեց, և ֆիլմը ջերմորեն ընդունվեց անգամ ամեն ինչ քննադատող մամուլի կողմից”,- ֆիլմի արձագանքների մասին է պատմում ռեժիսորը:

Այսպիսով, տարիներ անց նորից հայկական ֆիլմ է ցուցադրվեց ռուս հանդիսատեսի համար:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն