Նորություններ

2-ՐԴ ՀԱՅ - ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԻՆՈՍԵՄԻՆԱՐ

Վերադարձ 04 Դեկտեմբերի 2008 14:04
«ԿԻՆՈՆ ՈՐՊԵՍ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԻՋՈՑ»
Երեւան, 4 – 8 դեկտեմբեր, 2008
( Հայ –թուրքական մշակութային նախաձեռնության շրջանակներում)


Ոսկե Ծիրան կինոփառատոնի հրավերով Հայաստան են ժամանում տասը թուրք երիտասարդ կինոգործիչներ, մասնակցելու դեկտեմբերի 4 – 8 Երեւանում կայանալիք հայ – թուրքական 2-րդ սեմինարին: Սեմինարի տեւողությունը 4 օր է, անցկացման վայրը` Անի հյուրանոցի «Դվին» դահլիճում / 2-րդ հարկ/:
Նախաձեռնող կազմակերպությունը երեւանյան Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն է:
Գործընկեր կազմակերպություններն են` «Անադոլու Քյուլթուր» ասոցիացիան * / Թուրքիա / եւ Հայաստանի գրողների միությունը:
Սեմինարն անցկացվում է Բաց հասարակության ինստիտուտի Արվեստի եւ մշակույթի ցանցային ծրագրի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:


Սեմինարի նպատակը
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության հետեւանքով մշակութային համագործակցության ակնհայտ պակաս կա: Սեմինարի անցկացման առանցքային նպատակն է ուսումնասիրել հայ ու թուրք ռեժիսորների եւ պրոդյուսերների համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունները: Արդեն 2-րդ անգամ կազմակերպվող այսօրինակ սեմինարը նպատակ ունի խթանել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքացիական եւ մշակութային երկխոսությունը, «կինոյի լեզվով» աջակցել հայ եւ թուրք կինոգործիչների / ռեժիսորներ, պրոդյուսերներ, լրագրողներ, քննադատներ / համագործակցությանն եւ փոխճանաչողությանը:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ կազմակերպվող սեմինարը հնարավորություն կտա ծանոթանալու երկու երկրների կարեւորագույն պատմամշակութային փաստերին / Հայաստան – Թուրքիա /, դիտելու երկու ազգերի պատմության, մշակույթների եւ ավանդությունների մասին պատմող ֆիլմեր, անցկացնել մշակույթի եւ պատմության թեմաներով բաց քննարկումներ` / մասնավորապես կինոյում արտացոլված/, կնպաստի հայ եւ թուրք կինոգործիչների համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների զարգացմանը: Կքննարկվի նաեւ «Անադոլու Քյուլթուր»- ի եւ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները:

Նախապատմությունը
Ոսկե Ծիրան կինոփառատոնը մշտապես կարեւորել է տարածաշրջանային համագործակցության գաղափարը եւ նպաստել դրա իրագործմանը: Հետեւաբար, փոխադարձ հետաքրքրություն է առաջացել տեղական եւ ակտիվ կինոկյանք ունեցող Թուրքիայի միջեւ, որի ներկայացուցիչները փառատոնի կազմակերպման առաջին տարիներից մասնակցություն են բերել Ոսկե Ծիրան փառատոնին:

Արդյունքում`
2005թ սկսած Թուրքիայից կինոգործիչներ, ժյուրիի անդամներ եւ այլ ներկայացուցիչներ են հյուրընկալվել երեւանյան միջազգային կինոփառատոնին, իսկ հետագա տարիներին ակտիվորեն ներգրավվել հատկապես «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի աշխատանքներին:
2008թ ապրիլի 10-14-ին, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը եւ Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» հ/կ, Ստամբուլի 27-րդ կինոփառատոնի շրջանակներում կազմակերպել էին «Կինոն եւ պատմությունը» թեմայով սեմինար, որտեղ ներկա գտնվելու հրավեր էին ստացել 12 հայ կինոգործիչներ: Սեմինարի նպատակն էր համատեղ կինոդիտումների ու քննարկումների շնորհիվ պարզել` ինչպես է կինոն մեկնաբանում պատմությունը, նաեւ հայ եւ թուրք կինոգործիրների միջեւ նոր համատեղ ծրագրեր մշակել: Մասնակիցների շարքերում ոչ միայն համագործակցությամբ հետաքրքրվող երիտասարդ ֆիլմարտադրողներ էին, այլեւ փորձառու պրոֆեսիոնալներ: Սեմինարը երկողմանիորեն հայտարարվել է որպես խիստ արդյունավետ եւ լուսաբանվել հայկական ու թուրքական ԶԼՄ-ներով:

«Անադոլու Քյուլթուր» հ/կ-ի մասին
Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը վերհանելու առաքելությանը նվիրված «Անադոլու Քյուլթուրը» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. Անատոլիայում: Ի դեմս նախագահ Օսման Կավալայի եւ նրա շուրջն համախմբված գործիչների հ/կ-ի նպատակն է հետաքրքրված մարդկանց հետ միասին Անատոլիա բերել արվեստագետների, բարելավելու համար մշակույթի եւ արվեստի գործունեությունը Անատոլիայում եւ Ստամբուլում, ինչպես նաեւ աջակցել թուրք մտավորականներին: 2006թ-ից «Անադոլու Քյուլթուր» ասոցիացիան համագործակցում է Ոսկե Ծիրան կինոփառատոնի հետ:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն