Նորություններ

ԵՐԵՔ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ

Վերադարձ 12 Մարտի 2009 15:07
ԵՐԵՔ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ

Ֆրանսիայի նշանավոր` Ժորժ Պոմպիդուի կենտրոնում կազմակերպվող ամենամյա կինոփառատոնը բացվել է հայկական «Սահման» ֆիլմով, որի ցուցադրումից հետո ներկաները կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին դիմելով, ասում էին` «վարպետ»...

Ռոտերդամում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո Հարություն Խաչատրյանի վերջին` «Սահման» ֆիլմի հաջողությունը կինոաշխարհում լայն արձագանքով հաստատվեց: Կինոնկարն արժեքավորող գրավոր ու բանավոր բարձր գնահատականներին հաջորդեցին բազմաթիվ հրավերներ աշխարհի հեղինակավոր մի շարք կինոփառատոներից: Տարբեր երկրներում կազմակերպվող նշանավոր երեսունից ավելի կինոփառատոն, ոչ միայն այս տարվա մրցութային ծրագրում ներառելու, այլեւ որպես փառատոնը բացող կինոնկար դարձնելու առաջարկությամբ հանդես եկան: Փառատոնային համաշխարհային քարտեզում, սակայն նախապատվությունը տրվեց Փարիզի` Ժորժ Պոմպիդուի կենտրոնի «Cinéma du réel» -ին: Եւ դրա համար երեք հիմնավոր պատճառ կար.

Նախ. մշակութային հռչակավոր այս կենտրոնում անցկացվող կինոփառատոնը, որպես կանոն, բացման ֆիլմ է դարձնում գեղարվեստական բացառիկ արժանիքներ կրող այնպիսի գործ, որի հեղինակը անհատական ձեռագրով, կինոարվեստում գեղագիտության նոր չափանիշներ հաստատող արվեստագետ է: Եւ հենց այդ ֆիլմն էլ նախանշում է ընթացիկ փառատոնի եւ’ փիլիսոփայական եւ’ գեղագիտական ուղղվածությունը: Այնպես, որ կազմակերպիչները խիստ ու հետեւողական մոտեցում ցուցաբերելով են վերջնական որոշում կայացնում, քանի որ ընտրված ֆիլմն է կանխորոշում հերթական փառատոնի եւ’ փիլիսոփայական եւ’ գեղագիտական ուղղվածությունը:

Երկրորդ. բոլորովին վերջերս Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը Հարություն Խաչատրյանին պարգեւատրել էր Գրականության եւ Արվեստի Ասպետի շքանշանով: Փարիզի փառատոնի բացման արարողությանը նա ներկայացել էր Ասպետի շքանշանը կրծքին ու օգտվելով ընձեռված հրաշալի առիթից, անձամբ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը եւ Մշակույթի նախարարին բարձր պարգեւի համար:

Երրորդ. 20 տարի առաջ այստեղ` Պոմպիդուի կենտրոնում է կայացել Հ. Խաչատրյանի «Կոնդ» եւ «Սպիտակ քաղաք» ֆիլմերի պրեմիերան: Խորհրդանշական է, որ մեծահամբավ այս կենտրոնից է սկզբնավորվել այն հաջողությունը, որով հետագայում ուղեկցվել են ռեժիսորի բոլոր ֆիլմերը` եվրոպայում եւ աշխարհի տարբեր մայրցամաքներում ցուցադրվելով:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն