Նորություններ

Սեմիհ Կապլանօղլու. «Երանի ֆիլմերը փոխեին աշխարհը»

Վերադարձ 17 Հուլիսի 2010 12:00
Սեմիհ Կապլանօղլու. «Երանի ֆիլմերը փոխեին աշխարհը» «Երբ մշակում եմ ֆիլմի սցենարը, առաջին հերթին որպես առանցքային գիծ, ուշադրությունս սևեռում եմ գլխավոր հերոսի վրա»,- ասում է թուրք ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և միևնույն ժամանակ օպերատոր Սեմիհ Կապլանօղլուն: «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացնելով իր եռապատման վերջին ֆիլմը, որը կոչվում է «Մեղր», ռեժիսորը փորձել է ցույց տալ, որ մարդը իր անձի և հոգու հետ ներդաշնակ է, երբ մանուկ է:
«Տարբեր գլխարկներով, դերերով ապրելը այդքան էլ հեշտ չէ, սակայն իմ պարագայում միաժամանակ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր լինելը հեշտացնում է աշխատանքս,- ասում է Սեմիհ Կապլանօղլուն,- Ֆիլմ արտադրել, նշանակում է կազմակերպել, ու շատ կաևոր է, թե ինչպես ես այդ ընթացքում օգտագործում ֆինանսները, որովհետև եթե խոսենք խաղարկային, առևտրային ֆիլմերի մասին, ապա այնտեղ դերասաններին շատ բարձր են վարձատրում, բայց ես ավելի շատ գումար եմ ծախսում նախապատրաստական աշխատանքների վրա»:
Ըստ Սեմիհ Կապլանօղլուի` փառատոները կարևոր են նրանով, որ առաջին հերթին փորձում են ծանոթացնել իրար տարբեր հասարակությունների, որպեսզի նրանք ճանաչեն միմյանց, իսկ երիտասարդ ռեժիսորների համար կինո ստեղծելու նոր հնարավորություններ են առաջ քաշում: «Թուրրքական ֆիլմերը տարածված են ոչ միայն եվրոպական երկրներում, այլև արևմտյան,- ասում է ռեժիսորը,- Վերջին շրջանում Թուրքիայում ակտիվություն է նկատվում վավերագրական ֆիլմերի ժանրում, և առաջ է գալիս կինոռեժիսորների նոր երիտասարդ սերունդը: Այդ վավերագրական ֆիլմերը ցուցադրվում են նաև հեռուստատեսությամբ և ներկայացնում են Թուրքիայի պատմությունից այնպիսի էջեր, որոնք մութ են և որոնց մասին առաջ չի խոսվել»: Ռեժիսորը անկեղծ խոստովանում է, որ մարդկանց մի մասը իր ֆիլմերը շատ սիրում է, իսկ մյուս մասը ատում: Նա պատմում է, որ նույնիսկ իր ֆիլմերից մեկի դեմ Թուրքիայի կինոգործիչները լայն հակաքարոզ են արել և իրեն հռչակել են դավաճան:
«Հարևան երկրների հետ Թուրքիայի և’ ներքին, և’ արտաքին խնդիրների մասին ես իմ հայացքները արտահայտել եմ թե’ իմ կյանքում, թե’ ֆիլմերում,- ասում է Սեմիհ Կապլանօղլուն,- Ես կարծում եմ, որ ֆիլմերը, կրելով իրենց մեջ այդ իմաստային հատիկը, կարող են մարդկանց սրտերին և հոգիներին դիպչել»:
Ռեժիսորը նշում է, որ Երևանի փողոցներում քայլելիս զգում է իրեն ինչպես հայրենիքում: Ըստ նրա` փառատոները ժողովուրդներին հնարավրություն են տալի ճանաչելու, հասկանալու իրար և միմյանց միջև եղած խնդիրները լուծելու ճանապարհներ գտնել:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն