Նորություններ

Ամենուր տեսնել գեղեցիկը

Վերադարձ 11 Հուլիսի 2011 11:00
Ամենուր տեսնել գեղեցիկը

“Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված “Աղբանոց” ֆիլմի ռեժիսոր Կարեն Հարլեյն այսօր լրագրողներին ներկայացրեց իր ֆիլմը, որը պատմում է Բրազիլիայի արվարձաններում աղբ հավաքողների մասին:

“Այս ֆիլմը այն մարդկանց մասին է, որոնք նույնիսկ աղբի մեջ կարող են տեսնել գեղեցիկը: Այս մարդիկ կարող են արվեստի գործեր ստեղծել ամեն ինչից: Այն, ինչ հայտնվել է աղբանոցում, ամենևին էլ չի վկայում այն մասին, որ այդ իրերն անպետք են”,- ասաց նա:

“Աղբանոցը” ֆիլմի ռեժիսորի առաջին լայնամետրաժն է, որտեղ ամեն կերպար ներկայացնում է իր կյանքի պատմությունը և չի կաշկանդվում տեսախցիկից: Խոսելով գեղեցիկի ընկալման մասին` ռեժիսորն ավելացրեց, որ փորձել է ապացուցել, որ ամեն տեղ կարելի է գտնել մարդկային հետաքրքիր պատմություններ, որոնք կարող են հուզել: Մարդկային հասարակությունը կարծես չի նկատում դա, և այս ֆիլմը ստիպում է հասկանալ կերպարներին, որոնք չափազանց անկեղծ են ներկայացնում իրենց իրավիճակն ու խնդիրները:

“Առաջին հերթին աղբ հավաքելը այս մարդկանց համար մասնագիտություն է, և կառավարությունը սկսել է ուշադրություն դարձել աղբահանության հարցին”,- ասաց Հարլեյը` հավելելով, որ ֆիլմի ստեղծումը առիթ է հանդիսացել, որպեսզի ստեղծվի աղբ հավաքողների ասոցիացիա, և ֆիլմի հերոսները կարողանան ապահովել իրենց ապրուստը. “Առաջին հերթին ցանկանում էի, որ աղբ հավաքողներին ընդունեն որպես մասնագետների, քանի որ այստեղ աշխատում են մարդիկ, որոնք տարիներով զբաղվում են այդ գործով”:

Այն հարցին, թե արդյոք ռեժիսորը ծանոթ է արդյոք հայկական ֆիլմերին, Կարեն Հարլեյը պատասխանեց, որ դիտել է Փելեշյան, Փառաջանով, Էգոյան. “Այս մարդկանց շնորհիվ եմ ճանաչել Հայաստանը, սակայն այսօր ես այստեղ եմ և շրջում եմ քաղաքով ու հիանում: Դեռ չեմ տեսել Արարատը, բայց շատ եմ ցանկանում վերջապես տեսնել”:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն