Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Հայկ Բալյան (Նիդերլանդներ)
Հայկ Բալյան (Նիդերլանդներ)
Ծնվել է 1954-ին Ամստերդամում: 2003-ին դարձել է Artisհիմնադրամիարքայական կենդանաբանական այգու տնօրենը: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: Իր մասնագիտական կյանքն ու բնակատեղին փոխելուց առաջ Բալյանը երկար ժամանակ հաջողակ կինոձեռնարկու էր, կառավարիչ տնօրեն, փորձագետ և կինոպրոդյուսեր: 1975-1996 թթ. եղել է Հոլանդիայի և Բելգիայի` խաղարկային և հեռուստատեսային ֆիլմեր թողարկող, ինչպես նաև թատերական, վիդեո և հեռուստատեսային արտադրանք տարածող առաջատար կինոընկերություններից մեկի գլխավոր փայատերն ու կառավարիչ տնօրենը: 1993-ին իր բաժնետոմսերը PolyGram Filmed Entertainment-ին վաճառելով` դարձել է վերջինիս կառավարիչ տնօրենը Բենելյուքսում և 1996-ին տեղափոխվել Համբուրգ` որպես կառավարիչ տնօրեն PolyGram Filmed Entertainment-ի գործերը Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում կարգավորելու: 1999-2002 թթ. աշխատակցել է Canal+-ին նախ` որպես խորհրդատու, ապա` մասնակցել Studio Canal նորաստեղծ եվրոպական կինոստուդիայի կառավարմանը: 2001-2003 թթ. թողարկել է իր վերջին ֆիլմը կնոջ` Վիբկե Տոպելի մասնակցությամբ: Հոլանդական առաջատար թատերախմբերից մեկի` Minerva Bioscopen-ի փայատերն ու համատնօրենն է: 1999-2001 թթ. եղել է SENTER-ի և FINE-ի` Հոլանդիայի էկոնոմիկայի նախարարության հիմնած երկու հաստատությունների կինոխորհրդատուն, իսկ 2005-2007 թթ.` Հոլանդական կինոհիմնադրամի վարչության անդամ: 2008-ից Հոլանդական կինոթանգարանի վարչության անդամ է: Իմանալով, որ Natura Artis Magistra-ն նոր տնօրեն է փնտրում, Բալյանը որոշել է փոխել իր կյանքը և իրականացնել մանկության երազանքը` դառնալ կենդանաբանական այգու տնօրեն, մի բան, որ նրան հնարավորություն կտար դրսևորելու իր խորին հետաքրքրությունը բնաշխարհի հանդեպ: 1838-ին հիմված Natura Artis Magistra-ն շահույթ չհետապնդող հիմնադրամ է և ներքաղաքային կենդանաբանական այգի Ամստերդամի կենտրոնում: Բալյանի ղեկավարությամբ ապագայի բացառիկ ծրագիր է մշակվել և արդեն մասամբ իրականացվել` էապես մեծացնելով կենդանաբանական այգու բնակիչների և այցելուների թիվը:
Անետա Երզնկյան (Հայաստան)
Անետա Երզնկյան (Հայաստան)
Կինոգետ, Հայաստանի կինոգործիչների միության անդամ, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, պրոֆեսոր: Ծնվել է 1949-ին Երևանում, հայտնի կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի ընտանիքում: 1971-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, ապա` ուսումը շարունակել Մոսկվայի արվեստաբանության գիտահետազոտական ինստիտուտում: 1973-1989 թթ. աշխատել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչությունում որպես ստեղծագործական մասնաճյուղերի նախագահ: 1986-ին ընտրվել է այդ միության քարտուղար: 1977-ից դասախոսել է Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի և հեռուստատեսության ամբիոնում, 1996-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2000-ից նույն ինստիտուտում ղեկավարում է կինոգետների արվեստանոցը: Կինոյին և հեռուստատեսությանը նվիրված հոդվածների, «Կինոարվեստի դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում» (1986), «Հայկական հեռուստատեսության գեղարվեստական հաղորդակցության սկիզբը» (2008) գրքերի հեղինակն է: 2006-ին նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի` ուսումնագիտական գծովպրոռեկտոր:
Էրիկ Նազարյան (ԱՄՆ)
Էրիկ Նազարյան (ԱՄՆ)
Ծնվել է Հայաստանում, 1976-ին և 1981-ին` ընտանիքի հետ արտագաղթել Լոս Անջելես: Հոր` Հայկի լուսանկարչական լաբորատորիայում քառամյա փորձառությունից հետո, քոլեջում սովորելիս, սկսել է զբաղվել ազատ ֆոտոլրագրությամբ` մշակույթի, կինոյի, ներգաղթի և սպորտի մասին նյութեր տալով Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքում և Լեռնային Ղարաբաղում: Նրա աշխատանքները հրապարակվել են MovieMaker Magazine, Written By, Ararat Quarterly, Armenian International Magazine (AIM) և The Armenian Reporter պարբերականներում: Արկի զոհ դարձած ղարաբաղցու մասին պատմող «Լույս և փական» պատմվածքի համար Էրիկն արժանացել է «Նոր դարի գրող» մրցանակին (New Century Writer’s Award), իսկ «Առատության երկիր» սցենարի համար` AFFMA-ի (Կինոյի, երաժշտության և արվեստի «Արփա» հիմնադրամ) մրցանակին: Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցում ռեժիսուրա, կինոդրամատուրգիա և օպերատորություն է սովորել` ուսումն ավարտելով որպես արվեստի մագիստրոս կինոյի գծով: Ամառները ճանապարհորդել է Հարավային Կովկասում` լուսանկարելով Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան կյանքը: 2007-ին սեփական սցենարով նկարահանել է «Կապույտ ժամը»` իր առաջին խաղարկային ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Սան Սեբաստիանի 55-րդ ՄԿՓ-ում, «Նոր ռեժիսոր» մրցանակին հավակնող ֆիլմերի մրցույթում: AFFMA-ի 10-րդ ՄԿՓ-ում այդ ֆիլմի համար ճանաչվել է լավագույն ռեժիսոր: «Ոսկե ծիրան»5-րդ ՄԿՓ-ում Նազարյանը «Ոսկե ծիրանի» է արժանացել «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմի համար, Էկումենիկ ժյուրիի, Վարչապետի և Մշակույթի նախարարության մրցանակներին: 2008-ին «Հսկաներ» սցենարի համար ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի Նիքոլ դրամաշնորհը: Կինոակադեմիայի պատմության մեջ առաջին հայն է, որ արժանացել է այդ դրամաշնորհին:
Նորիկ Քեշիշյան (Գերմանիա)
Նորիկ Քեշիշյան (Գերմանիա)
Գերմանահայ է, ծնվել է 1960-ին Թեհրանում: Էկոնոմիկա և ճարտարագիտություն է ուսանել, աշխատել է այս բնագավառներում: 1999-ին Ռազմիկ Մելքոնյանի հետ հիմնել է Genia Film Arts-ը: Այդ ժամանակից ի վեր Մելքոնյանի կարճամետրաժ ֆիլմերի պրոդյուսերն է, որոնց թվում են «Կարման», «Պարտվողը», «Երրորդ աշխարհը», «Ծծակը» և «Միայն այս անգամ»-ը: «Պարտվողն» ու «Կարման» Գերմանիայի ֆիլմերի գնահատման կենտրոնի կողմից «արժեքավոր» որակումն են ստացել: «Պարտվողը» ցուցադրվել է Գերմանիայի տարբեր հեռուստաալիքներով և ներկայացվել մի շարք կինոթատրոններում: «Կարմա» կարճամետրաժ սև կատակերգությունը ցուցադրվել է Գերմանիայի և արտասահմանի կինոթատրոններում: 2002-ին առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո Քեշիշյանը խիստ տարվել է այստեղ ֆիլմեր արտադրելու գործունեությամբ:
Գրիգոր Հարությունյան (Հայաստան)
Գրիգոր Հարությունյան (Հայաստան)
Ռեժիսոր: Ծնվել է 1950-ին Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին (կուրսի ղեկավար` Գ. Մելիք-Ավագյան): 1980-ին, ավարտելով ինստիտուտը, մեկնել է Մեղրի, ուր աշխատել է որպես տեղի ժողովրդական թատրոնի ռեժիսոր: 1981-1984 թթ. ռեժիսոր է եղել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում: 1987-ին ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիա, այնուհետև` աշխատանքի անցել «Հայկ» կինոստուդիայում որպես փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր: 1988-ին նրա «Թատերական հրապարակ» ֆիլմը մասնակցել է Սվերդլովսկի ոչ խաղարկային ֆիլմերի 1-ին ՄԿՓ-ին և արժանացել ժյուրիի մրցանակին:1989-ին նույն ֆիլմը Կիևի ՄԿՓ-ում ստացել է Մեծ մրցանակ, իսկ 1990-ին Հարությունյանը հրավիրվել է այդ փառատոնին` որպես ժյուրիի անդամ: Նրա աշխատանքները միջազգային կինոփառատոներում արժանացել են տարբեր մրցանակների:Ավելի քան տասնհինգ ֆիլմի հեղինակ է
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն