Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Ժակի Ներսեսյան (Ֆրանսիա)
Ժակի Ներսեսյան (Ֆրանսիա)
Ծնվել է 1950-ին Սենտ-Էտիենում: Թեև ծնողներից ոչ մեկը բողոքական չէր, ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը` Անգլիայում պաստոր դառնալու համար և օծում է ստացել Սենտ-Էտիենում: Բայց պատահականության բերումով գտել է իր կոչումը` նկարահանվելով TF1 հեռռւստաընկերության "Ծովահեններ"-ում: Նրան նկատել է ռեժիսոր Կլոդ Միլերը և դեր առաջարկել "Փոքրիկ գողը" ֆիլմում: Այդ ժամանակից ի վեր հանդես է գալիս ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությամբ: Մարմնավորել է հայ Աբգարին Անրի Վեռնյոյի "Մայրիկ" ֆիլմում, ինչպես և թուրք Մուստաֆային` Իսմայել Ֆարուքի "Երկար ճանապարհորդություն"-ում (վերջինս 2004-ին Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է "Ոսկե առյուծի"` որպես լավագույն ֆիլմ): Ծանոթությունը Ժոզիան Բալասկոյի հետ նրան բերել է "Ռենեսանս" թատրոն, որտեղ, մեկ թատերաշրջան խաղալով, շրջագայության է մեկնել "Վերջին կանչը" ներկայացմամբ: 2009-ին "Սպլենդիդ" թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի "Բոլորը սիրում են Ժյուլիետին բեմադրության մեջ: 2010-ին նկարահանվել է Լյուկ Բեսոնի "Ադել Բլան-Սեկի զարմանահրաշ արկածները" բլոքբասթերում:
Ռաֆայել Քոթանջյան (Հայաստան)
Ռաֆայել Քոթանջյան (Հայաստան)
Ծնվել է 1942-ին Թբիլիսիում: 1946-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան: 1964-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-1966 թթ. աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում որպես դերասան և ռեժիսոր: 1966-1968 թթ. "Արշալույս" երիտասարդական թատրոնի դերասան է եղել: 1968-1970 թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-1993 թթ. Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, որոնք արժանացել են մեծ դրվատանքի: 1994-ից մինչև օրս վարձահրավերային տարբեր նախագծերի մասնակից է: 2002-ին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում է ստացել: 2003-ին նրան շնորհվել են ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ և "Մովսես Խորենացի" շքանշան: 2008-ից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2009-ին Գյումրի քաղաքը նրան պատվո և նվիրվածության շքանշան է պարգևել, 2010-ին` Ուկրաինան:
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի ժյուրի
Նարեկ Թովմասյան (Հայաստան) - Բրիտանական Խորհրդի ժյուրի
2006-ից աշխատում է Բրիտանական խորհրդում որպես ծրագրերի տնօրեն` ղեկավարելով կրթությանը, կառավարությանը, արվեստին և հասարակությանը վերաբերող ծրագրեր: Արվեստագիտության թեկնածու է: Մշակութային քաղաքականություն և արվեստի վարչագիտություն է դասախոսել Ցինցինատիի համալսարանում (Օհայո, ԱՄՆ), Կառլ Մարիա ֆոն Վեբերի երաժշտանոցում (Դրեզդեն, Գերմանիա), Կովկասյան ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Ռուս-հայկական պետական համալսարանում (Երևան): Ավելի քան 100 հոդվածներ և հրապարակումներ ունի պարբերական մամուլում: Արևելաեվրոպական երաժշտական ընկերակցության, Երաժշտության տեսության ընկերության, Էթնոերաժշտագիտության եվրոպական ընկերության, Culturelink ցանցի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:
Վահրամ Մարտիրոսյան (Հայաստան)
Վահրամ Մարտիրոսյան (Հայաստան)
Գրող, կինոսցենարիստ: Ծնվել է 1959-ին Գյումրիում: Ստացել է հայկական բանասիրական կրթություն Երևանի պետական համալսարանում, լրագրողական կրթություն` Զանգվածային հաղորդակցության հնդկական ինստիտուտում, հունգարական գրականություն է ուսումնասիրել Բուդապեշտի պետական համալսարանում: 2008-ին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների մոսկովյան բարձրագույն դասընթացը: Լրագրող է եղել մամուլում, քաղաքական և տեղեկատվական ծրագրերի ղեկավար` մի շարք հեռուստաընկերություններում, վարել է քաղաքական և մշակութային հաղորդաշարեր: Հեղինակ է բանաստեղծությունների երկու ժողովածուի, երկու վեպի, վիպակների ժողովածուի: Առաջին` "Սողանք" վեպի հիման վրա (2000) համանուն ֆիլմ է նկարահանվել (ռեժ.` Միքայել Դովլաթյան), որի սցենարի համահեղինակն է: Վեպը թարգմանվել է մի շարք լեզուներով: Վարպետության դասեր է վարում Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, "Ոսկե ծիրան" կինոփառատոնին կից կինոդպրոցում:
Արմեն Մեդվեդև (Ռուսաստան)
Արմեն Մեդվեդև (Ռուսաստան)
Ծնվել է 1938-ին Մոսկվայում: 1960-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի պատմության բաժինը, 1982-ին` արվեստաբանության թեկնածու դարձել: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, Կինեմատոգրաֆիական արվեստների համառուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, կինոարվեստին վերաբերող ավելի քան 200 հրապարակումների և մի շարք գրքերի հեղինակ: Խորհրդային կինոարվեստի քարոզչության բյուրոյի տնօրենն է եղել, "Սովետսկի ֆիլմ", "Կինոիսկուսստվո" ամսագրերի գլխավոր խմբագիրը, ԽՍՀՄ Պետկինոյի նախագահի 1-ին տեղակալը, ԽՍՀՄ նախարարների խորհրդի մշակույթի և կրթության բաժնի պետը, ՌԴ Պետկինոյի նախագահը: 1999-ից նախագահում է Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման միջազգային հիմնադրամը, որն ավելի հայտնի է Ռոլան Բիկովի հիմնադրամ անվամբ: Վիբորգում անցկացվող "Պատուհան դեպի Եվրոպա" համառուսաստանյան փառատոնի նախագահն է, Մոսկվայի կինոինստիտուտի պրոֆեսոր: Ռուսաստանում և արտասահմանում արժանացել է մասնագիտական պարգևների: Վերջերս նրան շնորհվել են Ռուսաստանի կինոակադեմիայի "Նիկե", Բեռլինի ՄԿՓ-ի "Բեռլինալեի կինոխցիկ", Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակները:
Վրեժ Պետրոսյան (Հայաստան)
Վրեժ Պետրոսյան (Հայաստան)
Ծնվել է 1951-ին Երևանում: 1971-ին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը, 1983-ին` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական ֆակուլտետը: Որպես բեմադրող օպերատոր նկարահանել է բազմաթիվ լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: Այդ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների ու դիպլոմների: Այժմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական արվեստանոցի ղեկավար է, պրոֆեսոր:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն