Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Մարիա Սահակյան (Հայաստան)
Մարիա Սահակյան (Հայաստան)
Ծնվել է 1980-ին Երևանում: 1992-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Վլադիմիր Կոբրինի արվեստանոց): Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Փարոսը», մասնակցել է ավելի քան 30 փառատոնի, էկրան բարձրացել Ռուսաստանում, իսկ միջազգային ասպարեզում տարածում գտել Second Run DVD անգլիական ընկերության կողմից: 2003-06 թթ. Մարիա Սահակյանը ստեղծագործական գծով պրոդյուսեր է եղել «Անդրեևսկի ֆլագ» կինոընկերությունում, 2007-08-ին՝ «Նարտի ֆիլմ» մոսկովյան կինոընկերությունում, որտեղ ներկայացնում էր Ասլան Գալազովի «Ծիծեռնակները եկել են» ֆիլմը: Սահակյանի երկրորդ լիամետրաժ աշխատանքը անկախ կինոարտադրության արդյունք է: 2009-ին Մարիան և Վիկտորյա Լյուպիկը Երևանում հիմնեցին Anniko Films-ը և սկսեցին աշխատել «Այդ ես չեմ» ֆիլմի վրա: Նախագիծն արժանացավ արժանացավ Բելգրադի ՄԿՓ-ի B2B և «Ոսկե ծիրան» ՄԿՓժի DAB ծրագրերի մրցանակներին: Ֆիլմը նկարահանվեց Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի և Դանիայի համագործակցությամբ: 2010-ին Մարիա Սահակյանը մասնակցեց Բեռլինալեի Talent Campus-ին: Նրա երրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Էնտրոպիան» (2012), ցուցադրվելով ռուսաստանյան կինոթատրոններում, ճանաչվվեց որպես «տարվա ամենասկանդալային կինոնկար»: Իսկ «Այդ ես չեմ» ֆիլմն անցյալ տարի լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխությունում: Մարիա Սահակյանն ապրում և ստեղծագործում է Երևանում:
Ժան - Քրիստոֆ Ֆերրարի (Ֆրանսիա)
Ժան - Քրիստոֆ Ֆերրարի (Ֆրանսիա)
Ծնվել է Ֆրանսիայում։ Փիլիսոփայության մեջ մասնագիտանալուց հետո կինոարվեստ է ուսանել։ 2006-ից ի վեր կինոյի գեղագիտություն, սցենարական գործ և լրագրություն է դասավանդում Ֆրանսիայում և Լիբանանում: «Positif» կինոհանդեսի քննադատ է և խմբագրական կոլեգիայի անդամ։ Աշխատակցելով նաև «Transfuge» և «Evene» հանդեսներին՝ հարցազրույցներ է վարել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Ջորջ Ա․ Ռոմերոն, Ժոաշեն Լաֆոսը, Միգել Գոմեսը, Խայմե Ռոսալեսը, Սոֆյա Կոպոլան, Բերտրան Տավերնյեն և Օլիվյե Ասայասը։ Ֆրանսիական կինոդարանի և Պոմպիդու կենտրոնի Forum des images-ի մշտական դասախոս լինելու հետ մեկտեղ համագործակցում է նաև Ֆրանսիական ֆիլմադարանի մանկավարժական ծառայության հետ՝ վերապատրաստելով կինոքննադատություն և վերլուծություն դասավանդողների։ «Les Transparence» հրատարակչության նախկին տնօրեն Ֆերրարին մի շարք գրքեր է հեղինակել կինոյի մասին (էսսեներ Անդրեյ Տարկովսկու, Ժան Գրեմիյոնի, Կենձի Միձոգուտիի և Վոն Կար-վայի մասին), ինչպես նաև վեպեր ու բանաստեղծություններ։ Հանդես է գալիս որպես սցենարական խորհրդատու և այժմ աշխատում է երկու՝ խաղարկային ու վավերագրական նախագծերի վրա։
Մարատ Սարգսյան (Լիտվա)
Մարատ Սարգսյան (Լիտվա)
Ծնվել է 1978-ին Վանաձորում: 13 տարեկանից սկսել է աշխատել ծննդավայրի հեռուստաստուդիայում` որպես օպերատոր և մոնտաժող: 1994-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Շաուլյայ (Լիտվա), որտեղ շարունակել է աշխատել տեղի հեռուստաալիքում՝ դարձյալ որպես օպերատոր և մոնտաժող: 2000-ին տեղափոխվել է մայրաքաղաք Վիլնյուս, աշխատանքի անցել ազգային հեռուստատեսությյունում՝ որպես մոնտաժի ռեժիսոր և խոհարարական շոուի վարող: Միաժամանակ սկսել է երաժշտական տեսահոլովակներ պատրաստել լիտվացի աստղերի համար: Չորս մրցանակակիր տեսահոլովակ ունի: Շատ չանցած՝ թողնելով հեռուստատեսությունը, ընդունվել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա, որտեղ ռեժիսուրա է ուսանել: Նկարահանել է հետևյալ ֆիլմերը. «28-րդ հոդված», «Լուիզա», «Սեր», «Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում», «Լեռնավան», «Հայրը»:
Կարին Արիկյան (ԱՄՆ)
Կարին Արիկյան (ԱՄՆ)
Միջազգային կինոյի և հեռուստատեսության ոլորտում է գրեթե 25 տարի։ 2012-ին հիմնել է անկախ խորհրդատվական ընկերություն (գրասենյակները՝ Համբուրգում և Նյու Յորքում), նրա հաճախորդների թվում են Բրիտանական կինոարվեստի և հեռուստատեսության ակադեմիան (BAFTA), Թորոնթոյի միջազգային կինոփառատոնը, Հեմփթոնսի վաերագրական կինոյի Take Two փառատոնը, Համբուրգի ԶԼՄ-երի դպրոցը և մի շարք անկախ կինոընկերություններ։ Արիկյանը Բեռլինի ՄԿՓ-ի մշտական ներկայացուցիչն է ԱՄՆ-ի Արևելյան ափին, մրցույթի ընտրող հանձնաժողովի անդամ, ինչպես նաև European Film Promotion կազմակերպության մշտական ներկայացուցիչը ԱՄՆ-ում: Եղել է Հեմփթոնսի ՄԿՓ-ի գործադիր տնօրենը, Բեռլինալեի Եվրոպական կինոշուկայի համատնօրենը, Independent Feature Project կինոընկերեության գործադիր տնօրենը և մի շարք ընկերությունների պրոդյուսեր (Bruce Weber և Time Film Production):
Գիորգի Գոգիբերիձե (Վրաստան)
Գիորգի Գոգիբերիձե (Վրաստան)
Ծնվել 1974-ին: Արվեստի դպրոց և ուսումնարան է ավարտել գեղարվեստի ու դիզայնի, ինչպես նաև նկարչության դասավանդման մասնագիտացմամբ: Բաթումի Արվեստի մանկավարժական համալսարանում ռեժիսուրա է ուսանել: Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունում աշխատել է որպես գլխավոր մասնագետ: 2006-ից Բաթումի միջազգային արտհաուսային ԿՓ-ի (BIAFF) հիմնադիրն է, տնօրենը և ծրագրերի տնօրենը: Արվեստի մանկավարժական համալսարանում ռեժիսուրայի տեսություն և մոնտաժ է դասավանդում: Ialoni Studio գովազդային ընկերության հիմնադիրն է և հաճախ լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպում տարբեր երկրներում: Վրաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն