Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Եսփեր Անդերսեն (Դանիա)
Եսփեր Անդերսեն (Դանիա)
Եսփեր Անդերսենն արվեստի մագիստրոսի իր կոչումը ստացել է Կոպենհագենի համալսարանում և 1990-ից աշխատում է Դանիական կինոյի ինստիտուտում, 1998-ից ավագ համադրող է Կոպենհագենի ֆիլմադարանում: Կինոյի գծով խորհրդատու է եղել Հյուսիսային երկրների նախարարների խորհրդում՝ աշխատելով Հարավային Աֆրիկայում, Շոտլանդիայում, Իռլանդիայում, Սերբիայում և Խորվաթիայում իրականացվող նախագծերի վրա: Անդերսենը դանիական, սկանդինավյան և միջազգային կինոյին ու կինոմշակույթին նվիրված մի շարք ծավալուն աշխատությունների հեղինակ է: Նա East by Southeast ԿՓ-ի տնօրենն է, փառատոն, որի ուշադրության կիզակետում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինեմատոգրաֆն է (ինչպես նաև Հայաստանի): Եսփեր Անդերսենը եղել է նաև մի շարք միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ, որոնցից վերջինը Մումբայի ՄԿՓ-ն էր (2016):
Մաջիդ Բարզեգար
Մաջիդ Բարզեգար
Ծնվել է 1973-ին Համեդանում (Իրան): Կինոռեժիսուրի և դրամատուրգի կրթություն է ստացել: 1990-ականներից մասնակցել է մի շարք խաղարկային և կարճամետրաժ ֆիլմերի նկրահանմանը, որոնք ճանաչման են հասել թե׳ հայրենիքում, թե՛ միջազգային փառատոներում: Մաջիդ Բարզեգարի առաջին խաղարկային ֆիլմը՝ «Անձրևոտ եղանակները» (2010), ընդգրկվել է Մոնրեալի և Ռոտերդամի փառատոների մրցութային ծրագրում: Հաջորդ ֆիլմը՝ «Փարվիզը», ավելի մեծ հաջողության և քննադատների գովեստին է արժանացել: Բարզեգարը նաև գրող է, լուսանկարիչ և գեղանկարիչ, մի քանի ցուցահանդես է ունեցել Թեհրանի հռչակավոր ցուցասրահներում և մշակութային կենտրոններում:
Բորիս Նելեպո (Ռուսաստան)
Բորիս Նելեպո (Ռուսաստան)
Կինոքննադատ, փառատոնային ծրագրեր կազմող, որի հետաքրքրությունների շրջանակում են ֆրանսիական հետնորալիքյան, պորտուգալական կինոն, ինչպես նաև փորձարարական և անկախ կինոարվեստը: Մի քանի կինոփառատոների և այնպիսի ռեժիսորների հետահայաց ցուցադրությունների համադրողն է եղել, ինչպիսիք են Ժելիմիր Ժիլնիկը (Սանկտ Պետերբուրգ, Լիսաբոն), Պետեր ֆոն Բագը (Մոսկվա), Մարլեն Խուցիևը (Լոկառնո, Մար դել Պլատա, Մեխիկո), Բելա Տարը (Մոսկվա), Պիեռ Լեոնը (Սանկտ Պետերբուրգ), Ֆիլիպ Գարելը (Մոսկվա), Սեյձյուն Սուձուկին (Մոսկվա): Kinote առցանց հանդեսի համահիմնադիրն է և «Սեանս» գլխավոր կինոհանդեսի խմագիրներից մեկը: 2008-ից «Ազատ Եվրոպա» և «Ազատություն» ռադիոկայաններով ներկայացնում է «Կինոտեսություն» ծրագիրը: Հանդես է եկել մի շարք ռուսաստանյան և միջազգային պարբերականներում, որոնց թվում են Trafic-ը (Ֆրանսիա), MUBI-ն (ԱՄՆ), Cinema Scope-ը (Կանադա), Libération-ը (Ֆրանսիա), Lumière-ը (Իսպանիա), Moving Image Source-ը (ԱՄՆ), Nobody-ն (Ճապոնիա) և De Filmkrant-ը (Նիդերլանդներ): 2010-ին Բորիս Նելեպոն Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի կողմից ճանաչվել է լավագույն երիտասարդ քննադատ: Եղել է Լոկառնոյի ՄԿՓ-ի պաշտոնական ժյուրիի անդամ: Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում կինոյի պատմություն է դասավանդում: Այժմ ռուսասատանյան կինոյի խորհրդատուն է Լոկառնոյի ՄԿՓ-ում:
Գենա Տեոդոսևսկա (Մակեդոնիա)
Գենա Տեոդոսևսկա (Մակեդոնիա)
Լրագրող, կինոքննադատ, վիդեոարտի տեսաբան, FIPRESCI-ի անդամ: Ծնվել է 1962-ին Վելեսում (Մակեդոնիա): 1991-ից աշխատում է Մակեդոնիայի ռադիոյում և hեռուստատեսությունում (MKRTV): 1985-2003 թթ. ակտիվորեն աշխատել է Մակեդոնիայի հեռուստատեսությունում որպես լրագրող, պրոդյուսեր և գլխավոր խմբագիր: 2006-ից MKRTV-ում միջազգային հարաբերությունների և համարտադրության բաժնի ղեկավարն է: Նախկին հարավսլավական հանրապետություններում առաջիններից մեկն է սկսել զբաղվել վիդեոարտով: Հեղինակել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր տեսամշակույթի, ֆիլմերի և առհասարակ արվեստին առնչվող մարդկանց ու կարևոր իրադարձությունների մասին թե՛ ազգային և թե՛ միջազգային մակարդակով: Կինոդրամատուրգիայի, ռեժիսորների ու դերասանների կինոդիմանկարերի և հարցազրուցների մեդիամասնագետ է: Եղել է «Դատավորը» փորձարարական ֆիլմի գործադիր պրոդյուսերը, մի ֆիլմ, որ 2001-ին ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում, ինչպես նաև 37 այլ ԿՓ-երում, ցուցահանդեսներում և թանգարաններում: Գենա Տեոդոսևսկան 2008-ից Բիտոլայի «Մանակի եղբայրներ» ՄԿՓ-ի, իսկ 2011-ից՝ Ստրումիցայի Aster Fest կարճամետրաժ կինոյի ՄՓ-ի ֆիլմերի ընտրող է: Մալագայի, Դեսաուի, Հերցեգ Նովիի, Ժնևի, Հաագայի, Ամստերդամի ԿՓ-ների միջազգային ժյուրիի անդամ է եղել: 2015-ին մագիստրոսական թեզ է պաշտպանել Սկոպյեի Սբ Կիրիլի և Մեֆոդիուսի համալսարանի մշակութաբանության ինստիտուտում: 2014-ից Մակեդոնիայի կինոգործակալության խորհրդի հինգ անդամներից մեկն է:
Նատալյա Իվանովա (Ռուսաստան)
Նատալյա Իվանովա (Ռուսաստան)
Եվրոպական կինոակադեմիայի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը: 1986-ից աշխատում է կինոարտադրության ոլորտում, 2002-ից ղեկավարում Khorosho Production պրոդյուսերական կենտրոնը: Ավելի քան 7 խաղարկային և 20 վավերագրական ֆիլմի պրոդյուսեր է, որոնց թվում է ռեժիսոր Վերա Գլագոլևայի «Երկու կինը» համաշխարհային մեծության աստղ Ռեյֆ Ֆայնսի մասնակցությամբ:
Մարինե Ալես (Վարդանյան-Համբարձումյան) (Հայաստան)
Մարինե Ալես (Վարդանյան-Համբարձումյան) (Հայաստան)
Ծնվել է 1958-ին Մոսկվայում: Ընդունել է Ալես ստեղծագործական կեղծանունը զավակների՝ Ալեքսանդրի և Սեդայի անունների հապավումից: 1975-79 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1982-87 թթ. ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում, որտեղ ստացել է Վահրամ Փափազյանի անվան կրթաթոշակ: 1987-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում, որին զուգահեռ սովորել է նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: 1987-98 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնում: Աշխատանքի բերումով 1993-ից մեկնել է ԱՄՆ: 1998-2008 թթ. աշխատել է Վաշինգտոնում և Մոսկվայում` որպես արվեստի խորհրդատու: Հեղինակել է շուրջ 300 հայերեն և ռուսերեն երգ, որոնցից մոտ 60-ը տեղ է գտել նրա հինգ սկավառակներում` «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Հեղինակել է նաև իր բոլոր երգերի խոսքերը: Ունի նաև 12 սինգլ` «Քարե անձրև», «Պատրանքի թևով», «Постойте, господа», «Դարի զավակներ» և այլն: Վերջինիս համար արժանացել է Սայաթ-Նովայի անվան համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին: 2008-ին վերադարձել և հաստատվել է Երևանում: 2009-ին եղել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից: Արժանացել է մի շարք այլ մրցանակների, որոնցից են Վաշինտոնում հայ-ամերիկյան ասամբլեայի և Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական ընկերության շնորհած մրցանակները հայ արվեստում ունեցած ավանդի համար: 2010-ին թողարկել է «Բեկորներ» բանաստեղծական ժողովածուն:
Շաղիկ Ալիս Մաթևոսյան (Բուլղարիա)
Շաղիկ Ալիս Մաթևոսյան (Բուլղարիա)
Ծնվել է 1992-ին: 2015-ին ավարտել է Սոֆիայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բաժինը։ 2010-ից «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի ներկայացուցիչն է Արևելյան Եվրոպայում: 2012-ին եղել է Համահայկական խաղերի կազմակերպիչ և համակարգող: 2013-ից Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի Հայ երիտասարդաց ընկերակցության նախագահն է: 2015-16 թթ. Բուլղարիայի ՀՀ դեսպանությունում վարչական քարտուղար և մենեջեր է աշխատել: 2014-ին Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում եղել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։ 2011-16 թթ. կազմակերպել է ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի «Հայկական կինոյի ցուցադրությունները»:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն