Նորություններ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆը շարունակում է արդյունավետ համագործակցությունը դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ

Վերադարձ 08 Հուլիսի 2010 11:52

Իր գործունեության 7 տարիների ընթացքում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը կայուն համագործակցում է Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների և միջազգային այլ առաքելությունների հետ: Տարեցտարի ընդլայնվելով` փառատոնն այս ուղղությամբ արձանագրել է համագործակցության արդյունավետ փորձ:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆը արդեն մի քանի տարի հաջողությամբ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: ՈՍԿԵ ԾԻՐԱՆը շարունակում է համագործացկել միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Յունիֆրանս միջազգային ցանցը և Գյոթե ինստիտուտի Թբիլիսիի և Մյունխենի գրասենյակները: Այս տարի փառատոնին աջակցում են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և Բրիտանական խորհուրդը:

Փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող բազմաթիվ հյուրերի այցելությունները կայացել են նաև միջազգային այս կառույցների շնորհիվ, ինչպես նաև նրանց աջակցությամբ փառատոն են հասել բազմաթիվ ֆիլմեր` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով դիտել համաշխարհային կինոյի լավագույն նմուշները:

Մասնավորապես 7-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆի դեպքում ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության պատվիրակության աջակցությամբ են կայանում “Ռեժիսորներ առանց սահմանների” համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը:

Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ` Հայաստանում հետահայաց ցուցադրությամբ հարգանքի տուրք կմատուցվի հայազգի անվանի ռեժիսոր Անրի Վեռնոյին, գերմանական դեսպանատան և Գյոթե ինստիտուտի ջանքերով Հայաստան կժամանի թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, լեհական դեսպանատունն աջակցել է լեհական կինոյի դասական համարվող Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը Երևանում ներկայացնելու հարցում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սահմանել է հատուկ մրցանակ Հայկական համայնապատկեր ծրագրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, որը հնարավորություն կստանա մասնակցելու Բրիստոլի կինոփառատոնին:

Այս տարի փառատոնը նոր համագործակցություն է սկսում Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան հետ: Նրանց աջակցությամբ Հայաստան կժամանի ծագումով հայ կինոքննադատ, գրող և կինոռեժիսոր Լեոն Կակովը (Շատարևյան), ով 1977-ին հիմնադրել է Սան Պաուլույի միջազգային կինոփառատոնը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն