Նորություններ

Փարաջանովյան թալերը` Պաոլո և Վիտորիո Տավիանիներին

Վերադարձ 19 Հունիսի 2007 20:13
2007թ-ի հունիսի 19-ին,Երևանում` "Մարիոթ" հյուրանոցի "Աշոտ Երկաթ" սրահում տեղի ունեցավ "Ոսկե ծիրան" երևանյան միջազգային կինոփառատոնի պատվո մրցանակի` Փարաջանովյան թալերի հանձնման արարողությունը: Այս տարի բարձր պարգևին արժանացան իտալական կինոյի հայտնի վարպետներ` Պաոլո և Վիտորիո Տավիանիները`համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար:
Փառատոնի պատվո մրցանակը ստացավ Պաոլո Տավիանին, ով Երևան է ժամանել հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրման համար մշակույթի ոլորտում ՀՀ բարձրագույն` հանրապետության նախագահի մրցանակը ստանալու առիթով: Հայաստանի պետական մրցանակին Պաոլո և Վիտորիո Տավիանիներն արժանացել են "Արտույտների ագարակը" ֆիլմի համար:
  "Ոսկե ծիրան" փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանից ստանալով Փարաջանովի անունը կրող մրցանակը Պաոլո Տավիանին ասաց. "Շնորհակալ եմ այս մրցանակի համար, որը կրում է Փարաջանովի անունը: Նրա նորարարությունը համաշխարհային կինոյի մեծագույն նվաճումներից է և նոր սերնդի ռեժիսորների մեջ չեմ կարող գտնել մեկին, ով ունենա Փարաջանովի հզոր ուժն ու երևակայությունը": Մինչև Տավիանի եղբայրները փարաջանովյան թալերին արժանացել են իտալական կինոյի ևս 2 մեծ վարպետներ` Տոնինո Գուերան ու Մարկո Բելլոկիոն: Պաոլո Տավիանիի գնահատմամբ հայոց ցեղասպանության պատմությունը նույնքան արդիական է, որքան Կոսովոյի,Ռուանդայի ողբերգությունները: "Մենք Իտալիայում ունեցել ենք ֆաշիզմ և այն դատապարտվել է, Գերմանիան դատապարտել է իր նացիզմը, ուրեմն ինչու Թուրքիան չի կարող դատապարտել հայերի ցեղասպանությունը", հարցնում է Պաոլո Տավիանին ու փաստում, որ լիահույս է, որ մի օր իրենց ֆիլմը կցուցադրվի անգամ Թուրքիայի դպրոցներում:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն