Ֆիլմեր

Լեոս Կարաքս

Վերադարձ
Լեոս Կարաքս

Լեոս Կարաքս (ծն. 1960, Սյուռեն, Օ-դը-Սեն, Իլ-դը Ֆրանս, Ֆրանսիա)
Ռեժիսոր, քննադատ և գրող: Իսկական անուն ազգանունը Ալեքսանդր Օսկար Դյուպոն է: Նրա արտիստական կեղծանունը Ալեքսանդր Օսկարի գրաշրջությունն է: Ծնվել է ամերիկոuհի մորից և ֆրանսիացի հորից: Կինոկարիերան սկսել է կարճամետրաժ ֆիլմերով և որպես կինոքննադատ` մինչև "Տղան հանդիպում է աղջկան" ֆիլմի ասպարեզ գալը: Այդ աշխատանքը հասուն տեսողական ոճի շնորհիվ համբավ բերեց Կարաքսին: Սա նաև Կարաքսի առաջին համատեղ աշխատանքն է դերասան Դընի Լավանի և օպերատոր Ժան-Իվ Էկոֆյեի հետ: Այս ֆիլմին հաջորդեց գիտաֆանտաստիկ թեմայով ստեղծված "Վատ արյունը", որը վանեց Կարաքսի որոշ երկրպագուների, բայց շարունակում էր քննել սիրո խճճված խնդիրները արդի աշխարհում, այս անգամ` ավելի մթին, քրեական տեսանկյունից: Կինոնկարն ակնհայտորեն հարգանքի հավաստիք էր ֆրանսիական "նոր ալիքին", իսկ Ժյուլիետ Բինոշի նման դերասանուհու մասնակցությունը հաստատում էր Կարաքսի սրտառուչ տուրքը նրանց, ում ազդեցությունը կրել է, հատկապես Ժան-Լյուկ Գոդարին: Հինգ տարի անց Կարաքսը վերադարձավ ռեժիսորական աշխատանքին` նկարահանելով "Նոր կամրջի սիրահարները", որը թանկարժեք ձեռնարկում էր, քանի որ Փարիզի իշխանությունները միայն տասն օր էին տրամադրել Նոր Կամուրջը նկարահանումների նպատակով օգտագործելու համար: Հանրային կամրջի վրա նկարահանումներ անելու բարդությանը Կարաքսը նախապես արձագանքել էր Հարավային Ֆրանսիայի Լանսարգյու համայնքում կամրջի մակետը կառուցելու առաջարկով: Ինչևէ, նկարահանումների հենց առաջին օրը Դընի Լավանը լրջորեն վնասեց բթամատը, մի բան, որ մեկ ամսով հետաձգեց ֆիլմը: Հետագա ֆինանսական դժվարությունները էլ ավելի ձգձգեցին նկարահանումները: Ի վերջո, կինոնկարը, էկրան բարձրանալով, քննադատների դրվատանքին արժանացավ և Կարաքսին հնարավորություն ընձեռեց իր չորրորդ ֆիլմում` "Պոլա X"-ում, ավելի խորանալ փորձարարության ջրերում: Այս ֆիլմը արյունապիղծ կապի մասին Հերման Մելվիլի գրած "Պիեռ կամ Երկիմաստություններ" վեպի էկրանացումն է:

Ֆիլմոգրաֆիա
Հեղձուկ բլյուզ (1980 կ/մ), Տղան հանդիպում է աղջկան (1984), Վատ արյուն (1986), Նոր կամրջի սիրահարները (1991), Անվերնագիր (1997, կ/մ), Պոլա X (1999):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն