Նորություններ

Հայկական համայնապատկերի անվանակարգում ներառված 5 ֆիլմերի մասին պատմում են հեղինակները

Վերադարձ 11 Հուլիսի 2011 13:00

“Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հերթական մամլո ասուլիսին ներկայացվեցին “Հայկական համայնապատկեր” անվանակարգում ներառված միանգամից 5 ֆիլմեր` Աննա Թովմասյանի “Կամավորը”, Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի “Վանա ծովուն արշալույսը”, Թամարա Ստեփանյանի “Փոքրիկ քարերը”, Էմիլ Մկրտչյանի “Տիեզերանավը” և Լևոն Մինասյանի “Դաշնամուրը”:

“Դաշնամուրը” ֆիլմի ռեժիսորը պատմեց ֆիլմի նկարահանման մասին, որի մեջ ներդրում ունի նաև “Ոսկե ծիրան” Կինոյի զարգացման հիմնադրամը: “Դաշնամուրը” ֆիլմը պատմում է Լենինականանի ավերիչ երկրաշարժից 13 տարի անց 13-ամյա որբ Լուսինեի մասին, ով իր պապիկի հետ ապրում է տնակում: Նա համր է, բայց` շնորհալի դաշնակահարուհի: Միջազգային մրցույթի պատրաստվելու համար մշակույթի նախարարությունը նրան մի գեղեցիկ դաշնամուր է տրամադրում: Սակայն, երբ գործիքը բերվում է, պարզ է դառնում, որ տնակը, որտեղ նրանք ապրում են, շատ փոքր է դաշնամուր տեղավորելու համար:

“Այս ֆիլմը նկարելով` ես իմ միջից հանեցի այդ ահավոր երկրաշարժից մնացած ցավը: Երբ ես որևէ ֆիլմ եմ նկարահանում, անպայման պետք է ծանոթ լինեմ պատմությանը, հակառակ դեպքում, ֆիլմը կունենա սուտ նոտա”,- ասաց Լևոն Մինասյանը:


Աննա Թովմասյանի “Կամավոր” ֆիլմը պատմում է Արցախյան գոյամարտում կռվող ռուս զինվորի մասին: Հակամարտող երկու կողներում էլ կռվել են այլազգիներ: Այլ հարց է, թե ինչպես է այդ փաստը որակում Ադրբեջանը` միջազգային հանրությանը ներկայացնելով, թե հայկական կողմում կռվող այլազգիները եղել են “վարձու մարդասպաններ”: Ռեժիսորը փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու էին հայկական կամավորական ջոկատներին միացել այլազգիները, մասնավորապես` ռուս Դմիտրի Մոտրիչը ու նրա ընկեր Իլյա Կուլիկը: Նրանք իրենց հայ ընկերոջ` Մյասնիկ Գասպարյանի հետ հերոսական մարտով ընկան Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մատույցներում` ավարտին հասցնելով առաջադրանքը:

“Կամավորը որպես ռեժիսոր իմ առաջին ֆիլմն է: Ինձ համար դժվար էր հավաքել բոլոր նյութերը, բայց արդյունքը լավ է ստացվել: Իմ գործը հետաքննական էր, և ես փորձում էի որևէ տեղեկություն գտնել զինվորի ծնողների, հարազատների մասին: Ի վերջո գտա Դմիտրիի մորը: Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Դմիտրին հետմահու արժանացավ “Արիության մեդալ” շքանշանին”,- լրագրողներին պատմեց ֆիլմի ռեժիսոր Աննա Թովմասյանը:

Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի “Վանա ծովուն արշալույսը” ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որոնք փորձում են պահպանել իրենց արմատները:

Ութսունամյա Կարապետը փոձում է իր ամերիկանանցած սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը:Միայն այդ կերպ նա կարող է փրկել ընտանիքը քայքայումից: Կարապետի անհաշտ և անզիջում բնավորությունը թանկ է նստում նրա հարազատների վրա: Ռեժիսորներըը մանրամասնեցին, որ ի սկզբանե Ֆիլմի սցենարը գրված էր թատերական ներկայացման համար, սակայն հետո ձևափոխվել և նակարահանվել է ֆիլմը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն