Նորություններ

Մամլո հաղորդագրություն. 3 հունիսի, 2008թ., Երևան

Վերադարձ 03 Հունիսի 2008 10:59
2008 թ.-ի Կաննի միջազգային փառատոնում ներկայացված էին բազմաթիվ երկրների տաղավարներ, այդ թվում` Վրաստանի, Ուկրաինայի: Հայաստանը փառատոնում պաշտոնական տաղավար չուներ. 1966 թ.-ին Կաննի փառատոնում ցուցադրված Ֆրունզե Դովլաթյանի "Բարեվ, ես եմ" ֆիլմից հետո հանրահայտ փառատոնի հետ կապը զագալիորեն խզված էր, սակայն, Ոսկե ծիրան երևանյան միջազգային փառատոնի 5- ամյակի կապակցությամբ, այս տարի Կաննի փառատոնի շրջանակներում կազմակերպվեց ընդունելություն: Շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 23-ին հայազգի բարերար Ռայմոնդ Եզեգելյանի տանը, որը գտնվում է հայտնի փառատոնային Կրուազետ փողուցում եւ կոչվում է Ադմիրալական շենք (1915 թ.-ի հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց): Դրոշակաձողին բարձրացվեց հայկական դրոշը: Շնորհանդեսին ներկա էին տարբեր երկրների 50-ից ավելի կինեմատոգրաֆիստներ և հյուրեր:
Հյուրերին դիմավորում էին Ոսկե ծիրանի նախագահ Ատոմ Էգոյանը, փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ տանտեր Ռայմոնդ Եզեգելյանը:
Երեկոյի ուտեստները պատվիրված էին Կաննի հայկական ռեստորանում: Հյուրերը համտեսեցին հատուկ Ոսկե ծիրանի 5 ամյակի առթիվ Արցախ Ալկոյի կողմից արտադրված ծիրանի օղին:
Երեկոյի իրագործումը հնարավոր դարձրեց Վիվասելը` այդպիսով հայկական կինոն հասցնելով Կանն:
Ընդունելությունն անցավ ջերմ մթնոլորտում: Հյուրերը սպասվածից շատ էին: Ոսկե ծիրանի նկատմամբ հետաքրքրությունն առավել ընդգծվեց Կաննի փառատոնում Ատոմ Էգոյանի ֆիլմի ցուցադրումից հետո:
Ատոմ Էգոյանի "Երկրպագություն" ֆիլմն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և` Էկումենիկ Ժյուրիի մրցանակին:
Այս տարի Կաննի փառատոնում արտամրցութային ծրագրերում ցուցադրվեցին Արման Թադևոսյանի Ղարսի մասին պատմող "Փոխակերպում" ֆիլմը, Վրեժ Քասունու` "Գուցե սեր, գուցե ոչ" (Short Corner ծրագրում) և ծննունդով ջավախեցի Դիանա Մկրտչյանի` Մոսկվայի հայ փախստականների մասին պատմող "Գաթա" ֆիլմը (Cinefondation ծրագրում): Փառատոնին մասնակցում էին վերոնշյալ ֆիլմերի ռեժիսորները և ստեղծագործական խմբի անդամներից Անուշ Եզեգելյանը և երիտասարդ պրոդյուսեր Արմինե Աբրահամյանը, ով ներկայացնում էր իր "Ժաննան և ձայները" նախագիծը:
Մայիսի 26-ին, Շանզ Էլիզե 34 հասցեում, Ռայմոնդ Եզեգելյանի տրամադրած գրասենյակում, բացվեց Ոսկե ծիրանի եվրոպական ներկայացուցչությունը: Բացման արարողությանը ներկա էին Յունիֆրանսի ղեկավարությունը, Ոսկե ծիրան փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոաշխարհի բազմաթիվ հյուրեր, այդ թվում` Փարիզի հայազգի կինոգործիչներ:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն