Նորություններ

Դարյուշ Մեհրջուին, Միխայել Գլավոգերը, Անահիտ Նազարյանը կգլխավորեն Ոսկե ծիրանի պաշտոնական ժյուրիները

Վերադարձ 03 Հուլիսի 2008 17:02
Ոսկե ծիրան կինոփառատոնի հրավերով ամեն տարի Հայաստան են ժամանում կինոաշխարհի ականավոր դեմքեր:
Այս տարի ևս Ոսկե ծիրանը կառանձնանա մասնակիցների, հյուրերի, ժյուրիի կազմով:

Փառատոնն ունի հինգ ժյուրի: Մրցութային երեք ժյուրիներից բացի` խաղարկային, վավերագրական և Հայկական համայանապատկեր, փառատոնն, այս տարի ունի FIPRESCI և Էկումենիկ ժյուրիներ:

Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է իրանցի հանրահայտ կինոռեժիսոր, իրանական կինոյի խորհրդանշական դեմք Դարյուշ Մեհրջուին: Այս ժյուրիի կազմում են նաև անվանի կինոռեժիսոր, Վենետիկի, Բանգկոկի, Կարլովի Վարիի, Ոսկե ծիրանի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը (Ավստրիա), Ոսկե Գլոբուսի, Չիկագոյի, Վենետիկի, Սան Սեբաստիանի մրցանակակիր Գորան Պասկալևիչը (Սերբիա), Ստամբուլի Միջազգային կինոփառատոնի տնօրեն Ազիզե Թանը (Թուրքիա) և հայ անվանի ռեժիսոր և դերասան Աշոտ Ադամյանը (Հայաստան):

Վավերագրական ֆիլմերի ժյուրին այս տարի նախագահում է ավստրիացի անվանի կինոռեժիսոր, գրող և օպերատոր, Վիեննայի փառատոնի մրցանակակիր Միխայել Գլավոգերը: Ժյուրիի կազմում են Ուկրաինայի լավագույն վավերագրողներից մեկը` Սերգեյ Բուկովսկին, ում ֆիլմերը մրցանակներ են շահել բազմաթիվ հեղինակավոր փառատոններում, ռուս պրոդյուսեր և վավերագրող, բազմաթիվ փառատոնների մրցանակակիր, ռուսական 1-ին ալիքի Իրական կինո հաղորդման հեղինակ և վարող Վիտալի Մանսկին: Ժյուրիի անդամ է նաև BBC-Ç նշանավոր Համաշխարհային լուրերի թղթակից, Մեծ Բրիտանիայում ապրող պրոդյուսեր և ռեժիսոր, 2007 թ.-ին իր Ճչացողները ֆիլմի համար Ոսկե ծիրան կինոփառատոնի մրցանակակիր Կառլա Կարապետյանը:

Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի ԱՄՆ-ից Անահիտ Նազարյանն է, ում կինոկարիերան սկսվել է հանրահայտ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ համագործակցությամբ: Համագործակցությունը շարունակվում է մինչ օրս: Ժյուրիի կազմում է ֆրանսիացի լրագրող, կինոյի և փիլիսոփայության դասախոս, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր, գրող Պատրիկ Կազալսը: Ժյուրիի անդամ են նաև Իրանից ազգությամբ հայ, անվանի կինոքննադատ, բազմաթիվ հեռուստաֆիլմերի հեղինակ, Իրանի կառավարության Ոսկե ֆիլմի մրցանակակիր Զավեն Ղուկասյանը և Հայաստանից` ռեժիսոր և դերասան, մի շարք փառատոնների մրցանակակիր Միքայել Դովլաթյանը, FIPRESI անդամ, “Արվեստ” ամսագրի գլխավոր խմբագիր Ռուզան Զաքարյանը:

FIPRESCI ժյուրին այս տարի ղեկավարում է Daily Telegraph-ի, The Independent-ի, The Scotsman-ի, Sight and Sound-ի թղթակից Շեյլա Ջոնսթոնը` Մեծ Բրիտանիայից: Ժյուրիի անդամներ են Թուրքիայից Միլլիեթ օրաթերթի կինոքննադատ Ալին Թաշչյանը և կինոգետ, սցենարիստ, Կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի (FIPRESCI) անդամ Սիրանույշ Գալստյանը` Հայաստանից:

Էկումենիկ ժյուրիի կազմում են Բելգիայից լրագրող և կինոքննադատ Ժոս Հոռեմանսը և Ֆրանսիայից` պաստոր Դընիզ Մուլեն, ով 2000-ից, որպես INTERFILM-ի պատվիրակ մասնակցում է Կաննի էկումենիկ ժյուրիների կազմավորմանը: Էկումենիկ ժյուրիի մյուս անդամը Վազգենյան հոգևոր դպրոցի տեսուչ Գևորգ աբեղա Սարոյանն է:

Ոսկե ծիրան կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը: Փառատոնն անցկացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ոսկե ծիրանի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն