Նորություններ

Հայ-թուրքական կինոհայացք

Վերադարձ 25 Ապրիլի 2008 13:05
Ապրիլի 11-14-ը Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Ստամբուլի «Անադոլու քյուլթուր» կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին «Հայացք պատմական ֆիլմերին» թեմայով սեմինարը, որը ներառվեց 27-րդ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի միջոցառումների ծրագրում: Ստամբուլում կայացած սեմինարի նպատակն էր հնարավորություն ընձեռել Հայաստանի և Թուրքիայի կինոգետներին եւ երիտասարդ կինոբեմադրիչներին համատեղ դիտումների եւ քննարկումների շնորհիվ պարզել, թե ինչպես է կինոն մեկնաբանում պատմությունը և նոր համատեղ ծրագրեր մշակել:

Հայաստանից սեմինարին մասնակցում էին 12 հոգի, այդ թվում` «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, «Արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուզան Զաքարյանը, կինոգետ Արծվի Բախչինյանը, մշակութաբան Հրաչյա Բայադյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկեւիչյանը, ռեժիսոր Արա Մնացականյանը:

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը վերհանելու առաքելությանը նվիրված «Անադոլու քյուլթուրը», ի դեմս նախագահ Օսման Կավալայի և նրա շուրջ համախմբված գործիչների, սեփական պատմության հանդեպ ունեն առողջ երկխոսություն սկսելու պատրաստակամություն: Այն արտահայտված է նրանց կազմած հայեցակարգում:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկան Ստամբուլի միջազգային կինոփառատոնի տնօրեն Ազիզե Թանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը և Օսման Կավալան: Հայ կինոյում պատմականության հարցերի վերաբերյալ ելույթներով հանդես եկան կինոլրագրող, «Արվեստ» համացանցային պարբերականի գլխավոր խմբագիր Ռուզան Զաքարյանը և կինոգետ Արծվի Բախչինյանը:
Սեմինարն ընթացավ հետաքրքիր քննարկումներով: Ցուցադրվեցին պատմությանն առնչվող կինոնկարներ: Մասնակիցները դիտեցին Ֆրունզե Դովլաթյանի «Երկունքը» եւ Արտավազդ Փելեշյանի «Մենք», «Տարվա եղանակներ» եւ «Մեր դարը» ֆիլմերը: «Երկունքը» հատուկ ուշադրության արժանացավ թուրք կինոգործիչների կողմից, որոնց անսովոր թվաց ներկայացված ժամանակաշրջանի և պատմական հերոսների դովլաթյանական էկրանային մեկնաբանությունը:
Թուրքական կողմը ներկայացրեց երկու լիամետրաժ կինոնկար` կատակերգության ժանրով: Ուշագրավ էր Սըրրը Սյուրեյյա Էոնդերի «Ինտերնացիոնալը»` մի երեւակայական դրվագ 1980-ականների սկզբին Թուրքիայում զինվորական հեղաշրջման ժամանակաշրջանից, երբ մի կողմից ճնշվում էր դեմոկրատական շարժումը, մյուս կողմից արգելվում ազգային փոքրամասնությունների (տվյալ դեպքում` քրդական) մշակութային գործունեությունը:
Երկրորդ խաղարկային ժապավենը Էզել Աքայի «Հաջիվաթ և Ղարագյոզ. ո՞վ սպանեց ստվերներին» աշխատանքն էր: Այս կատակերգության գործողությունները կատարվում էին կոնկրետ պատմական ժամանակաշրջանում (օսմանյան պատմության արշալույսին) եւ միտում ուներ զվարճալի տեսարանների պատկերաշարով ներկայացնել ստվերների թատրոնի` հայերիս քաջ ծանոթ ղարագյոզի ստեղծման թուրքական տարբերակը:
«Պատմությանը վերաբերվող ֆիլմերը կինոքննադատների ընկալմամբ» թեմայով զրույց վարեցին «Միլիեթ» կենտրոնական օրաթերթի սյունակագիր, Թուրքիայում ճանաչված կինոքննադատ Ալին Թաշճյանը եւ կինոգետ Արծվի Բախչինյանը: Թաշճյանը կենտրոնացավ թուրքական կինոյի ստերեոտիպերի վրա, նշելով, որ թուրքական մտայնության մեջ կա հայի մի կաղապարված կերպար, որը մի քանի անգամ արտացոլվել է թուրքական կինոյում: Քննարկմանը ներկա գտնվող տեղացիներին հետաքրքրում էր հատկապես հայոց եղեռնի` խաղարկային էկրանին արտացոլման հարցը: Թե' հայ, թե' թուրք կինոգործիչներն ընդհանուր առումով գոհացուցիչ չեն գտնում այդ թեմայով համաշխարհային կինոյում կատարված մեծ ֆիլմերի փորձերը: Միևնույն օրը «Կինոն պատմության դիմաց» թեմայով ելույթներ ունեցան դոկտոր-պրոֆեսոր Այշե Բույրա և մշակութաբան Հրաչ Բայադյանը:
Հայ և թուրք մասնակիցները դիտեցին հայկական «Այգեպար» և ադրբեջանական «Ալիբեյլի» վավերագրական ֆիլմերը, կայացավ քննարկում սցենարիստներ Տիգրան Պասկեւիչյանի և Մերալ Օքայի հետ: Նշված կինոնկարները ներկայացում են հայկական և ադրբեջանական երկու սահմանակից գյուղերի բնակիչների հիշողությունները և բարձրաձայն մտորումները հարեւան գյուղի հետ երբեմնի բարիդրացիական հարաբերությունների եւ արցախյան ազատամարտի պատճառով առաջացած թշնամության վերաբերյալ:
Սեմինարին մասնակցող թուրք կինոգործիչներից մի քանիսը կմասնակցեն հուլիսի 13-ից 20-ը Երեւանում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրին եւ կինոլրագրության տարածաշրջանային սեմինարին:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն