Նորություններ

Քշիշտոֆ Զանուսին միշտ հաճույքով է վերադառնում Երևան

Վերադարձ 17 Հուլիսի 2010 09:00
Քշիշտոֆ Զանուսին միշտ հաճույքով է վերադառնում Երևան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում էր համաշխարհային ճանաչում ունեցող լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Այս տարի նա ներկայցնում էր իր նոր «Փոխայց» ֆիլմի երևանյան պրեմիերան:«Ֆիլմ նկարահանելու լավագույն շարժառիթը վախն է: Դա ես պատմում եմ նաև իմ վերջին ֆիլմում: Այն վախի մասին, որ կյանքդ տանուլ չտաս. տեսեք` ինչքան մարդիկ կան, որոնց կյանքը լի է, ու ինչքան մարդիկ կան, որոնք իրենց կյանքը տանուլ են տալիս»,- ասում է ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Ըստ նրա` մարդը միշտ փորձում է մոտենալ գաղտնիքին, բայց կան մարդիկ, ովքեր չեն զգում ողջ աշխարհի ու մեր գոյության գաղտնիքը: «Այդ տեսակ մարդկանց համար ես պարզապես ցավում եմ, որովհետև նրանք երբևէ իրենց նման հարցեր չեն տվել»:
Այսօր կինոյի ամենամեծ խնդիրը, ըստ Զանուսիի, ֆիլմերի տարածումն է նախ ներքին շուկայում, այնուհետև դրսում: «Հիմա հեշտ է ֆիլմ նկարահանելը, դժվար է այն ցուցադրելը, իսկ պետությունը չի աջակցում ֆիլմերի տարածմանը»,- նշում է ռեժիսորը:
Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի նշանակությունն իր համար Զանուսին մեկնաբանեց հետևյալ կերպ. «Դա ընտրություն է, գիտակցված ընտրություն: Դու պետք է իմանաս խաղի կանոնները, կամ խաղաս ոչ այդ կանոններով: Եթե ֆիլմ եմ նկարում և ցանկանում եմ իմ հայացքը ցույց տալ, միանգամից կարող եմ ասել, որ չեմ փորձի դա անել Հոլիվուդում, որովհետև իմ հայացքը այդ ֆիլմերում չի կարող տեղ ունենալ»:
Ըստ լեհ ռեժիսորի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ նշանակություն ունի մեր քաղաքի ու երկրի մշակութային կյանքում: Զանուսին խոստովանում է, որ Երևանը իր տեսած քաղաքներից ամենագեղեցիկը չէ, բայց այն պահպանել է իր մեջ որոշ ազգային տարրեր և ամբողջությամբ չի փոխվել: Նա անկեղծորեն նշում է, որ իրեն դուր են գալիս մեր քաղաքի բնակիչներն ու տիրող տրամադրությունը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն