Նորություններ

Փարաջանովի բնորոշած “ամերիկյան կովբոյը” Հայաստանում

Վերադարձ 14 Հուլիսի 2009 20:17
Փարաջանովի բնորոշած “ամերիկյան կովբոյը” Հայաստանում “Շատ երիտասարդ էի, երբ 1984թ.-ին հանդիպեցի Փարաջանովին ու սիրեցի նրա` “Մոռացված նախնիների ստվերները” ֆիլմը, հիմա անհամբերությամբ սպասում եմ նրա “Նռան գույնը” դիտելուն”,- ասում է ամերիկացի անկախ ռեժիսոր Ռոբ Նիլսոնն ու հիշում, թե ինչպես իրենց հանդիպման ժամանակ Փարաջանովն ասաց. “Այս ամերիկյան կովբոյն ով է”:
Հայաստանի ու հայկական իրականության մասին միայն այսքանով ծանոթ ռեժիսորը այս օրերի ընթացքում հասցրել է պարզել, որ հայերի համար արվեստն ու արվեստագետները մեծ արժեք ունեն ու հիացած է, որ նախորդ օրը լեհ կինոռեժիսոր Եժի Սկոլիմովսկու “Չորս գիշեր Աննայի հետ” ֆիլմի սկզբում և անգամ վերջում դահլիճը լեփ-լեցուն էր. “Եթե նույն այդ ֆիլմը Ամերիկայում ցույց տային, բոլորը միաձայն կասեին, որ այն ձանձրալի է, որովհետև նրանց ընտելացրել են հոլիվուդյան ֆիլմերին, իսկ այսպիսի ֆիլմեր նայելու համար հանդիսատեսը պետք է պատրաստ լինի”,- նախորդ օրվա տպավորություններով է կիսվում Ռոբ Նիլսոնը:
Հոլիվուդյան պարտադրված չափանիշներից ու ընդունված կանոններից դուրս ստեղծագործող ռեժիսորը, սակայն, իրեն այնքան էլ անկախ չի համարում, քանի որ, ըստ նրա, ցանկացած ռեժիսոր կախված է իր ընկերներից, բարեկամներից և որ ամենակարևորն է հասարակությունից. “Ֆիլմը հավաքական արվեստ է. ես առանց ձեզ ոչինչ չեմ կարող անել”,- խոստովանում է Ռոբ Նիլսոնը:
Իր ֆիլմերում ամերիկացի անկախ ռեժիսորը ուզում է մարդկանց գեղեցկությունն ու ուժը ընդգծել. “Ամեն ֆիլմ իր հմայքը, յուրահատուկ մոտեցումն ունի: Ես փորձում եմ իմ կյանքի, զգացմունքների և իմ հերոսների կյանքում կատարված արարքներին հետևել”:
Տնտեսական ճգնաժամի միջով անցած ռեժիսորը վստահ է, որ ֆիլմի ստեղծման մեջ կարևորը փողը չէ, այլ կիրքն է, իսկ տնտեսական նման ճգնաժամերից արվեստը միայն շահում է. “Երբ ճնշում է լինում, արվեստը ավելի լավն է լինում”,- ասում է ամերիկացի ռեժիսորը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն