Ֆիլմեր

Գոդֆրի Ռեջջո

Վերադարձ
Գոդֆրի Ռեջջո

Գոդֆրի Ռեջջո

Գոդֆրի Ռեջջոն աշխարհով մեկ արտասովոր հուզական ազդեցություն գործած բանաստեղծական կադրերի կինոոճ է ստեղծել: Նա հայտնի է կինոաշխարհում իր "Կացի" եռերգությամբ` տեսողական պատկերահնչյունային էսսեների շարքով, որն արձանագրում է արդի աշխարհի ավերիչ ներգործությունը միջավայրի վրա:
1940-ին Նյու Օռլեանում ծնված եւ Լուիզիանայում մեծացած Ռեջջոն 14 տարի է անցկացրել Քրիստոնյա Եղբայրների հռոմեադավան կաթոլիկական ուխտում` ապրելով աղոթքին, ուսմանն ու ուսուցմանը նվիրված համայնքում: 1960-ականների հաստատվելով Նյու Մեքիկսիկոյում` Ռեջջոն դասավանդել է դպրոցում, դասախոսել, դարձել է պատանիների փողոցային հրոսակախմբերով զբաղվող "Գործունակ երիտասարդ քաղաքացիներ" համայնքային կազմակերպչական նախագծի համահիմնադիրը: Այնուհետեւ դարձել է նաեւ Սանտա Ֆեի "La Clinica de la Gente" համայնքային բժշկական կենտրոնի եւ Նյու Մեքսիկոյի հյուսիսային թաղամասերում իրագործվող "La gente" համայնքային նախագծի համահիմադիրը: 1972-ին Ռեջջոն Սանտա Ֆեի շրջանային կրթության ինստիտուտի համահաիմնադիրներից էր. շահույթ չհետապնդող այս հիմնադրամը ուշադրություն էր հատկացնում լրատվամիջոցների զարգացմանը, արվեստին, համայնքի կազմակերպչական խնդիրներին եւ հետազոտություններին:
"Կոյանիսկացին"` կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Ռեջջոյի առաջին աշխատանքը, "Կացի" եռերգության անդրանիկ ֆիլմն է: Վերնագիրը հոպի ցեղի հմդկացիների լեզվով նշանակում է "անհավասարակշիռ կյանք": Ստեղծվելով 1975-ից մինչեւ 1982-ն ընկած ժամանակահատվածում` ֆիլմը պատկերում է երկու տարբեր աշխարհների`քաղաքային կյանքի ու տեխնիկայի եւ շրջակա միջավայրի աղետալի բախումը: Կինոնկարի երաժշտությունը հեղինակել է Ֆիլիպ Գլասը:
"Պովակկացին"` Ռեջջոյի երկրորդ ժապավենը, մարդասիրական փիլիսոփայությամբ է ներկայացնում տեխնիկայի ներխուժումը բնություն ու հինավուրց մշակույթներ եւ վեհության անհետացումը դրա հետեւանքով: Ֆիլմի ուշադրության կենտրոնում ժամանակակից կենսաձեւն է եւ "համաշխարհային գյուղի" հայեցակարգը` ընդգրկելով նաեւ հինավուրց եւ Երրորդ աշխարհի մշակույթների առանձնահատուկ բնույթը: Ռեջջոն 1985-ից մինչեւ 1987-ը ստեղծված "Պովակկացիի" ռեժիսորն է, սցենարի ահամահեղինակն ու համապրոդյուսերը, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակը դարձյալ Ֆիլիպ Գլասն է:
1991-ին Ռեջջոն "Bulgari" ոսկերչական ընկերության պատվերով նկարահանեց "Anima mundi"-ն` Բնության համաշխահային հիմնադրամի համար, որը ֆիլմն օգտագործեց կենսաբանական բազմազանության իր ծրագրում: Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ ուղեկցվող 28 րոպեանոց "Anima Mundi"-ն ավելի քան յոթանասուն տեսակի կենդանիների բնության գրկում պատկերող մոնտաժային խճանկար է, որ փառաբանում է համաշխարհային ֆաունայի հոյասքանչ բազմազանությունը:
1993-ին Ռեջջոն հրավիրվեց արվեստի, տեխնոլոգիաների եւ զանգվածային տեղեկատվության միջոցների նոր դպրոցը կատարելագործելու, որը հիմնել էր "Բենետտոն" ըկերությունը: "Fabrica - Future Presente" կոչված այդ դպրոցը բացվեց 1995-ի մայիսին, Իտալիայի Տրեւիզո քաղաքում, Վենետիկի մերձակայքում: Դպրոցի տնօրեն աշխատելիս Ռեջջոն 1995-ին համահեղինակեց "Վկայություն" 7 րոպեանոց ֆիլմը, որն այլ տեսակետ է առաջարկում` ժամանակակից կենսաձեւի աննկատ, բայց խոր ազդեցությունը երեխաների վրա դիտարկելու համար:
2002-ին ասպարեզ եկավ "Նակոյկացին"` Ռեջջոյի "Կացի" եռերգության եզրափակիչ ժապավենը:
Ներկայումս Գոդֆրի Ռեջջոն հաճախակի է դասախոսություններ կարդում փիլիսոփայության, տեխնոլոգիաների եւ կինոյի մասին: Նա ապրում է Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում:

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն