Նորություններ

"Արտույտների ագարակը". Հիշողությունը բարոյական պարտք է

Վերադարձ 09 Հուլիսի 2007 19:44
Իտալական կինոյի մեծանուն վարպետներ Վիտորիո և Պաուլո Տավիանիների “Արտույտների ագարակը” ֆիլմը ազդարարեց “Ոսկե ծիրան” կինոփառատոնի մեկնարկը հուլիսի իննին “Մոսկվա” կինոթատրոնում:
Հայ հանդիսատեսին ֆիլմը ներկայացրեցին փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, սցենարի հեղինակ հայազգի Անտոնիա Արսլանը,պրոդյուսեր Գրասիա Վոլպին և աշախարհահռչակ ֆրանսիացի դերասան Չեկի Կարիոն:
“Ինձ բախտ է վիճակվել տեսնել այս ֆիլմի պրեմիերան Բեռլինի փառատոնում և պետք է ասեմ, որ դա մի մեծ մարդկային և քաղաքական ակցիա էր”, - ասաց Հարություն Խաչատրյանը բացման խոսքում:
“Արտույտների ագարակը” Անտոնիա Արսլանի համանուն վեպի էկրանավորումն է: Այն պատմում է 1915թ.-ին Անատոլիայի կենտրոնում բնակվող մի հայ ընտանիքի ճակատագրի ու տառապանքների մասին: Գիրքը գրվել է վեց տարի առաջ և արդեն թարգմանվել է 12 լեզուներով: Տարօրինակ զուգադիպությամբ գրքի առաջին հայերեն օրինակը Սոնա Հարությունյանի թարգմանությամբ լույս էր տեսել ֆիլմի հայկական պրեմիերայի օրը:
“Գիրքը երկար ճանապարհ է անցել և դարձել է այդ ողբերգության խորհրդանիշ: Առաջին անգամն է, որ ազգությամբ ոչ հայ ռեժիսորները բարձրացնում են հայկական ցեղասպանության թեման և արդյունքը յուրահատուկ է”, -ասաց Անտոնիա Արսլանը:
Գրասիա Վոլպին Տավիանի եղբայրների անունից շնորհակալություն հայտնեց փառատոնի տնօրենին “Արտույտների ագարակը բացման ֆիլմ ընտրելու համար և հավելեց, որ իր համար մեծ պատիվ է նման կարևոր ֆիլմի պրոդյուսեր լինելը:
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Չեկի Կարիոն նշեց. որ ցեղասպանությունը հիշելը իր համար բարոյական պարտք է: “Այս օրերին, երբ պատմական ճշմարտությունները ծածկվում են փոշով, շատ կարևոր է ստիպել մարդկանց հիշել”, - ասաց նա:
Բացի Անտոնիա Արսլանից ևս երկու հայազգիներ են մասնակցել ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Ֆիլմում կարելի է լսել Գևորգ Դաբաղյանի դուդուկի մեղեդին և Վարդուհի Կարախանյանի անզուգական կատարումը:
Ֆիմի պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ: Ավարտին հանդիսատեսը երկար հոտնկայս ծափահարում էր:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն