Նորություններ

Ալեն Հյուզը` իր նախնիների հայրենիքում

Վերադարձ 17 Հուլիսի 2010 09:15
Ալեն Հյուզը` իր նախնիների հայրենիքում Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի շարքում է ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ալեն Հյուզը, ով իր եղբայր Ալբերտ Հյուզի հետ ներկայացնում է համատեղ նկարած «Իլայի գիրքը» ֆիլմը: «Երբ ես կարդացի սցենարը, այն ապշեցրեց ինձ, թե որքանով են հզոր կրոնը և սուրբ գրքերը,- ասում է Ալեն Հյուզը,- Պատմությունը մեզ սովորեցրել է, որ եթե Սուրբ Գիրքն ընկնի սխալ մարդկանց ձեռքը, կարող է արհավիրքի հանգեցնել, իսկ բարի ձեռքերում գեղեցիկ գործերի ծնունդ կդառնա»:
Ալեն և Ալբերտ Հյուզ երկվորյակները` որպես ռեժիսոր ու պրոդյուսեր, միշտ համագործակցել են իրար հետ ու համատեղ ֆիլմեր ստեղծել: «Երկվորյակ լինելը դժվար է ամեն առումով, բայց ես և եղբայրս միշտ միասին ենք ստեղծելու ֆիլմեր և նույնիսկ որոշել ենք, որ մեզնից մեկը այսուհետ պետք է զբաղվի ռեժիսորական աշխատանքով, մյուսը` պրոդյուսերական»,- ասում է Ալենը:
Հյուզ եղբայրների մայրը հայուհի է: Ալենը պատմեց, որ իրենք Ամերիկայում շատ հայ բարեկամներ ունեն: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում և եկել եմ մենակ: Կարող եմ անկեղծ ասել, որ իմ հարազատներն այժմ նախանձով են լցված իմ հանդեպ, քանի որ ես գտնվում եմ մեր նախնիների հայրենիքում, իսկ դա նույնն է մեզ համար, ինչպես Երուսաղեմը հրեաների համար»,- ժպտալով խոստովանում է ռեժիսորը:
Ալեն Հյուզը, կինոարվեստից բացի, հետաքրքրվում է նաև երաժշտությամբ, ինչը շատ մեծ դեր ունի իր ֆիլմերում: Մինչ կինոռեժիսուրայով զբաղվելը Հյուզ եղբայրները նկարահանել են նաև երաժշտական տեսահոլովակներ հայտնի արվեստագետների համար: «Տեսահոլովակ նկարելը չի սովորեցնում ֆիլմ նկարահանել, այն կարող է միայն տեխնիկական հմտություններ տալ և սովորեցնել, թե ինչպես օգտագործել կինոյի խաղալիքները»,- նշում է Ալեն Հյուզը: Ըստ նրա ԱՄՆ-ի կինոարտադրությունը վերջին 10-15 տարիներին լուրջ փոփոխություններ է կրել, այսօր նույնիսկ 3 մլն դոլարով դժվար է ֆիլմ նկարահանել: «Ամերիկյան ֆիլմի ոսկե դարը եղել է 1960 թ-ի վերջը և 1970 թ-ի սկիզբ: Հիմա դժվար է լավ կինո գտնել, քանի որ ամերիկյան ֆիլմերը ավելի շատ «ադի-բուդիական» հասարակության համար են, իսկ ինչ վերաբերում է «Օսկար» մրցանակաբաշխությանը, ապա կարող եմ ասել, որ այն միանշանակ արդիականության մրցանակաբաշխություն է և շատ քաղաքականացված: Այսօր հազվադեպ է լինում, որ «Օսկար» շահած ֆիլմը իսկապես արժանի լինի այդ մրցանակին»,- ասում է Ալեն Հյուզը: Ըստ ռեժիսորի` լավագույնն այն է, ինչ պատահականությամբ է ստացվում, իսկ ստեղծագործելիս գեղեցիկ պատահականություններ լինում են:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն