Նորություններ

Նռան Գույնը քառասուն տարեկան է. Հայկական կինոյի լեգենդը վերականգնեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը

Վերադարձ 18 Հուլիսի 2009 15:10
Նռան Գույնը քառասուն տարեկան է. Հայկական կինոյի լեգենդը վերականգնեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը “Կինոն` չգիտեմ ինչ է, էս ֆիլմը` չգիտեմ ինչ է, բայց այս մարդը հանճար է: Պինդ բռնեք այս մարդու երկու ձեռքերն ու պահեք Հայաստանում”, - “Նռան գույնը” դիտելուց հետո ասել է Մարտիրոս Սարյան:
Հայ հանդիսատեսն, այսուհետ, առիթ ունի դիտելու Սերգեյ Փարաջանովի “Նռան Գույնը” ֆիլմի “հայկական” տարբերակը, որի` պատկերաշարին համադրված տեքստի հեղինակը քսաներորդ դարավերջի նշանավոր գրող Հրանտ Մաթևոսյանն է: Սա թերևս ամենահարազատն է հեղինակային տարբերակին:
Ֆիլմի ու Փարաջանովի մասին հիշում ու զրուցում են նրա ընկերները.
“ Ֆիլմը շատերի կողմից չնդունվեց…մինչ օրս էլ կան մարդիկ, որ ձևացնում են, թե հասկանում են այն, բայց այդպես չէ... Իսկ չընդունվելու համար մեկ գլխավոր պատճառ կար. Փարաջանովն առաջինն էր, որ կինոյում առաջին կարգ բերեց ոչ թե գրականությունը, քաղաքականությունը, այլ կերպարվեստը”: /Պ. Զեյթունցիան/
“… հենց այս հյուրանոցում` երկրորդ հարկում, Փարաջանովն ուներ իր սենյակը: Օր ու գիշեր հավաքվում էինք նրա մոտ ու անընդհատ ուզում էինք լսել նրան…այնքան հետաքրքիր երևույթ էր, որ անհնար էր անտարբեր լինել: Ամեն պահ պետք էր ինչ-որ անակնկալ սպասել նրանից: Փարաջանովն այն հարստությունն էր, որ մի ժամանակ ուներ մեր ժողովուրդը” /Վ. Գալստյան/
“…երբեք վերջնական գրված սցենար չուներ: Նա ամեն պահ ստեղծագործում էր, երևակայում դրվագները… սցենարը նրա գլխում էր: Ֆիլմը նկարվեց ու մինչ օրս էլ շարունակում է անցնել իր հաղթական ուղին, բայց նշեմ նաև, որ ստեղծման պահից մինչև հիմա ֆիլմը ընդունելություն է գտնում հասարակ ժողովրդի ու կիրթ մարդկանց շրջանակներում… միջին խավը այն չհասկացավ ու չի էլ հասկանա”: /Ս. Անդրանիկյան/
“Մենք` նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, կինոն չէինք ընդունում որպես արվեստ, բայց Փարաջանովի հետ հանդիպումը ինձ ապշեցրեց. տեսա, որ կինոն արվեստ է”: /Յուրի Հարությունյան/
“Երկու հանճար երբևէ չեն կարող միասին աշխատել: Այս նախադասությունն ինձ բերեց կինո` “Նռան Գույն”,- պատմում է Պերճ Զեյթունցյանն ու բացատրում, որ գեղարվեստական խորհուրդը, որին ներկայացվել էր սցենարը, ոչինչ չէր հասկացել ու առաջարկ եղավ, որ սցենարի համահեղինակ դառնա նաև Պարույր Սևակը: Բոլորը համաձայնեցին: Ես էլ այնտեղ էի, ու, անկեղծ եմ ասում, առանձնապես խելոք բան չասացի, միայն, որ երկու հանճար երբևէ չեն կարող միասին աշխատել, միայն միջակ մարդիկ կարող են նույն գործը անել…Զարմանալի էր, բայց խորհուրդը համոզվեց ու երբ Սևակի մասնակցության հարցը դուրս եկավ, Փարաջանովը, որ ինձ չէր էլ ճանաչում, մատնացույց արեց ու ասաց, թե. “…այ հենց էդ տղային եմ ուզում”, ու սկսեցինք աշխատել: Ինչ եմ արել…. Անկեղծորեն` ոչինչ, պարզապես չեմ խանգարել: Իսկ նրանից շատ բան եմ սովորել…. ” /Պ. Զեյթունցիան/
“Ուրախ եմ, որ այսպիսի լավ օր կա: Հիշում եմ այն օրերը, երբ ֆիլմն արդեն էկրանին էր և մենք` ֆիլմի հետ կապված մարդիկ, դերասաններ, այցելում էինք կինոթատրոններ, հասկանալու` ինչ ընդունելություն ունի այն, ինչպես է ժողովուրդը ընդունել այս “անսովոր կինոնկարը”: Եվ ահա քառասուն տարի է` ֆիլմը ապրում է ու համաշխարհային ճանաչում ունի: Միայն ասեմ, որ երբ տասը տարի առաջ Նյու Յորքում Բուլեզին հարցրել են, թե ինչ կարծիք ունի այսօրվա կինոյի մասին, Բուլեզը պատասխանել է, թե կինոյում որևէ լուրջ բան չկա, բացառությամբ մի ֆիլմի, որ “Նռան Գույն” է կչվում: Սա բացառիկ գնահատական է, որ երաժշտի կողմից տրվել է ֆիլմին…: / Տ. Մանսուրյան/
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն