Նորություններ

ՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Վերադարձ 02 Հունիսի 2012 16:43
ՖԻԼՄԵՐԻ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Այսօր` հունիսի 1-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որը ներկայացրեց այս տարվա փառատոնի ֆիլմերի արտամրցութային ծրագրերը:

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Ինչպես 2011թ., այս տարի ևս ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով փառատոնը կներառի ևս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն հակապատկերները» (Vivan las Antipodas), որը 2011թ. Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմն էր, Ագնեշկա Հոլանդի «Խավարում»-ը (In Darkness), որը 2012թ. «Օսկար»-ի հինգ նոմինանտներից էր, Քրիստիան Պետզոլդի «Բարբարա»-ն (Barbara), որը 2012թ. Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե Արջ» մրցանակին, Կոսիմա Սպենդերի «Առանց Գորկու»-ն (Without Gorky) (հեղինակը Գորկու թոռն է), Վադիմ Աբդրաշիտովի «Պարողի ժամանակը» (Время танцора), Ռուբեն Քոչարի «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը»-ը և Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի վերջին` «Միջև» (Twixt) ֆիլմը: Նշենք, որ Կոպոլայի` վերջին տարիներին արված բոլոր ֆիլմերը նախորդ տարիներին ներկայացվել են «Ոսկե ծիրանի» ծրագրերում: Տեղեկացնենք նաև, որ Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը, Վադիմ Աբդրաշիտովը և Կոսիմա Սպենդերը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր և իրենք կներկայացնեն ֆիլմերը:

Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվեն Էլդար Շենգելայայի, Վիկտոր Էրիսեի, Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերը: Կից ներկայացված են ֆիմերի ցանկը և ռեժիսորների մասին հակիրճ տեղեկատվություն:

«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Անդրեյ Տարկովսկու հոբելյանները:

Նշանավորելով Յուրի Երզնկյանի ոչ միայն ռեժիսորական, այլև մանկավարժական բեղուն գործունեությունը` նրա 90-ամյակին նվիրված ծրագիրը կկրի «Յուրի Երզնկյանը և իր արվեստանոցը» խորագիրը և կընդգրկի ինչպես իր, այնպես էլ իր տարբեր տարիների աշակերտների գործերը: Մասնավորաբար, կներկայացվեն Երզնկյանի «Խաթաբալա» (1971թ.), Հարություն Խաչատրյանի «Կոնդ» (1987թ.), Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» (2009թ.), Նարինե Մալյանի «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (2012թ.), Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում» (2011թ.), Արտակ Փայտյանի «Մենություն» (2009թ.), Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» (1991թ.), Լևոն Քալանթարի «Ամուր ընկույզ», Արուսյակ Արիստակեսյանի «Յո երթաս» (1995թ.), Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Անդրեյ» ֆիլմերը:

Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ծրագրում կներկայացվի նրա «Երկունք» (1977թ.) ֆիլմը:

Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը: Ծրագիրը կիրականանա ԱՊՀ երկրների կինոծրագրի շրջանակներում` ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կներկայացվեն ինչպես իր, այնպես էլ իր գեղարվեստական ղեկավարությամբ իրականացված ֆիլմեր: Մասնավորապես` կցուցադրվեն Տարկովսկու «Ավետարան ըստ Անդրեյի» (“Страсти по Андрею”) և «Սոլյարիս» (“Солярис”) (հեղինակային տարբերակներ) ֆիլմերը, ինչպես նաև նրա ուսանողական շրջանի «Գլդոնն ու ջութակը» (“Каток и скрипка”) և «Այսօր ազատում չի լինի» ֆիլմերը (“Сегодня увольнения не будет”): Ծրագիրը կներառի նաև Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» (“Терпкий виноград”) (գեղ.ղեկ.Ա.Տարկովսկի), Արա Ահարոնյանի «Երազ» (“Сон”) (սցենարի հեղինակ` Տարկովսկի) և Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի` Տարկովսկուն նվիրված «Անդրեյ»` (“Андрей”) ֆիլմը:


ԱՊՀ երկրների կինոծրագիրը, որ կկայանա ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, կներառի ԱՊՀ երկրների շուրջ 20 ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ: ԱՊՀ երկրների կինոգործիչների արդեն երկրորդ տարին կայացող հավաքը նպատակ ունի քննարկել կառույցի ներսում կինոյի ոլորտի ձեռքբերումները, առկա խնդիրները, և համատեղ արտադրության հեռանկարները:

«Գիրք և կինո» ծրագրում կընգրկվեն հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները: Կներկայացվեն Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» (ռեժ.` Համո Բեկնազարյան) և «Պատվի համար» (ռեժ.` Արտաշես Հայ-Արտյան), Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» (ռեժ.` Համո Բեկնազարյան) և «Խաթաբալա» (ռեժ.` Յուրի Երզնկյան), Աքսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիման վրա «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (սց.հեղ.` Հրանտ Մաթևոսյան, ռեժ.` Յուրի Երզնկյան), Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» (ռեժ.` Բագրատ Հովհաննիսյան), Հովհաննես Թումանյանի «Աղքատի պատիվը» (ռեժ.` Բագրատ Հովհաննիսյան) և «Տերն ու ծառան» (ռեժ.` Դմիտրի Կեսայանց), Ատրպետի «Տժվժիկ» (ռեժ.` Արման Մանարյան), Չարլզ Դիկենսի «Օլիվեր» (ռեժ.` Քերոլ Ռիդ), Թոմաս Մանի «Մահը Վենետիկում» (ռեժ.` Լուկինո Վիսկոնտի), Գյունտեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» (ռեժ.`Ֆոլկեր Շլյոնդորֆ), Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ» (ռեժ.` Ալեքսանդր Սոկուրով), Էմիլի Բրոնտեի «Մրրկոտ լեռնանցք» (ռեժ.` Անդրեա Արնոլդի) էկրանավորումները:


«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարութան աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Ասուլիսի բանախսներն էին.

Միքայել Ստամբոլցյան`«Ոսկե ծիրան» մկփ-ի ծրագրերի տնօերն

Սուսաննա Հարությունյան` «Ոսկե ծիրան» մկփ-ի գեղարվեստական տնօրեն

Տաթևիկ Մանուկյան` «Ոսկե ծիրան» մկփ-ի միջազգային բաժնի ղեկավար

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն