

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական մեկնարկից դեռ մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ առաջին մամլո ասուլիսը: Հայկական համայնապատկեր անվանակարգում ընդգրկված “Ի շրջանս յուր” և “Մենք ենք…” ֆիլմերի ռեժիսորները լրագրողներին ներկայացրեցին իրենց աշխատանքները:
Գագիկ Ստեփանյանի “Ի շրջանս յուր” ֆիլմը պատմում է 20-րդ դարի 60-ական թվականներին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցման զարթոնքի գործում Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի կառուցման կարևորության մասին:
«Եղեռնի մասին ֆիլմ նկարահանելու համար պետք է երկար նախապատրաստվել: Ցավն այնքան խորն է, որ ինչքան էլ այդ մասին խոսես կիսատ կմնա»,- ասաց Գագիկ Ստեփանյանը` հավելելով, որ սեփական ֆիլմից դժգոհ է. «Թեման շատ լայն է, և խորհուրդ տվողներ շատ եղան»:
“Մենք ենք…” ֆիլմի թեման էլ է վերձված 60-ականներին տեղի ունեցած դեպքերից. Աշոտ Ադամյանը և Դավիթ Մաթևոսյանը նկարահանել են հոբելյանական ֆիլմ ֆիլմի մասին:
“Մենք ենք, մեր սարերը” ֆիլմը հայ կինոյի Ոսկե շրջանի բարձրակետերից մեկն է: Ու պետք էր երախտիքի խոսք ասել` սկսելով ֆիլմի հերոս-գյուղացիներից, ֆիլմի մասին վկայողներից ու գալ հասնել այսօր նույն այդ գյուղում ապրողներին, որոնք, փաստորեն, այդ ֆիլմի ժառանգներն են”,- ասաց Դավիթ Մաթևոսյանը:
“Ոսկե ծիրան” կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ պատահական չէ, որ ֆիլմի վերնագրից կորել է “մեր սարերը” մասը, քանի որ սարերն անտեր են մնացել: “Մենք ենք…”-ը մի շատ կարևոր հարց է բարձրացնում. «Արդյոք ո՞ւմն են մեր սարերն այսօր»: