

Հայ առաքելական եկեղեցու մրցանակը
Այսօր` հուլիսի 4-ին "Ոսկե ծիրան" Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը հանդես եկավ փառատոնի բացմանն ընդառաջ մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու սահմանած "Եղիցի լույս" մրցանակը: Բանախոսները ներկայացրին նաև հատուկ մշկված համակարգը, որը փառատոնային ֆիլմերի ծրագիրըայս տարի արդեն հասու կդարձնի նաև բջջային ցանցում (mobile application):
Ասուլիսի բանախոսներն էին.
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ), Հարություն Խաչատրյան` "Ոսկե ծիրան" Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն, Նուռ (դիզայներ), Տաթևիկ Մանուկյան ("Ոսկե ծիրան" Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար):
"Ոսկե ծիրան" Երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Մրցանակն անվանվել է "Եղիցի լույս" և սահմանված է Հայ առաքելական եկեղեցու կողմից: "Եղիցի լույս" առաջին մրցանակը կշնորհվի աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:
Ժամանակակից ամենանշանավոր կինոռեժիսորներից մեկը` Ալեքսանդր Սոկուրովը, ծնվել է 1951թ. Ռուսաստանում: Շուրջ 20 վավերագրականների հեղինակը հատկապես հայտնի է իր խաղարկային ֆիլմերով: Խորհրդային տարիներին հաճախ ենթարկվելով ժամանակի իշխանությունների ճնշումներին` Սոկուրովի հռչակը վերելք ապրեց միայն Միության փլուզումից հետո, երբ նրա ֆիլմերն սկսեցին արժանանալ Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Մոսկվայի, Տորոնտոյի, Վենետիկի և եվրոպական այլ առաջնակարգ կինոփառատոների մրցանակների:
"Ոսկե ծիրան" Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը "Ռետրոսպեկտիվ" ծրագրով կներկայացնի Սոկուրովի քառերգություն կազմող ֆիլմերը, մասնավորապես` 20-րդ դարի երեք տիրակալների` Լենինի, Հիտլերի և Հիրոհիտոյի մասին պատմող "Արև" (2005թ.), "Մողոք" (2008թ.) և "Ցուլ" (2001թ.) ֆիլմերը, ինչպես նաև քառերգությունն ամփոփող "Ֆաուստ" ֆիլմը, որ 2011-ին արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր` "Ոսկե առյուծ" մրցանակին: Հիշեցնենք, որ Սոկուրովը նախկինում արժանացել է "Ոսկե ծիրան"-ի գլխավոր մրցանակի ("Արև", 2005թ., Գլխավոր մրցանակ. լավագույն խաղարկային ֆիլմ), սակայն Հայաստան այս տարի կայցելի առաջին անգամ:
"Եղիցի լույս" մրցանակ-արձանիկի հեղինակը ճանաչված դիզայներ Նուռն է: