Նորություններ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը բացահայտում է փառատոնի մրցութային ծրագրերը

Վերադարձ 10 Հունիսի 2011 14:57
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ը բացահայտում է փառատոնի մրցութային ծրագրերը

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև նոր` "Կորիզ" կարճամետրաժների ծրագիրը: Ընդհանուր առմամբ ստացվել է 631 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել են 150-ը 45 երկրից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը և միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը ներկայացրեցին ընտրված ֆիլմերի ցանկը:

Փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի 2010 թվականի Կաննի փառատոնի մրցանակակիր "Վավերացված պատճեն" ֆիլմը:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`

"Ինքնասպանների ակումբ", Օլաֆ Զաումեր, Գերմանիա
"Ձմեռային արձակուրդ", Լի Հունցի, Չինաստան
"Մուսանյան նոթեր", Փարք Չուն-բում, Հվ. Կորեա|
"Քերլինգ", Դընի Կոտե, Կանադա
"Անտեսանելի աչք", Դիեգո Լերման, Արգենտինա/Ֆրանսիա/Իսպանիա
"Հավիտենություն", Սիվարոջ Կոնսակուլ, Թաիլանդ
"Պարգևը", Պոլա Մարկովիչ, Մեքսիկա/Ֆրանսիա/Լեհաստան/Գերմանիա
"Պարզ թվերի մենությունը", Սավերիո Կոստանցո, Իտալիա/Գերմանիա/Ֆրանսիա
"Նադեր և Սիմին. ամուսնալուծություն", Ասղար Ֆարհադի, Իրան
"Ծառը", Ժյուլի Բերտուչելլի, Գերմանիա/Ֆրանսիա/Իտալիա/Ավստրիա
"Քաղցր չարիք", Օլիվյե Կուսմակ, Ֆրանսիա

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված են`

"Խոսքի արվեստը", Էմանուել Դըմորի, Ֆրանսիա
"Աշխարհը` ըստ Յոն Բ.-ի", Ալեքսանդր Նանաու, Ռումինիա
"Ամառային արոտավայր", Լին Թրու, Նելսոն Ուոքեր, Ցերիգ Պեռլո, ԱՄՆ/Չինաստան
"Միր անունով տղան. տասը տարի Աֆղանստանում", Ֆիլ Գրաբսկի,
"Գեներալը", Նատալիա Ալմադա, ԱՄՆ
"Աղբանոց", Լուսի Ուոքեր, Քարեն Հարլի, Բրազիլիա/ՄԲ
"Ես ազատ եմ", Անդրեա Ռոգոն, Գերմանիա/Կուբա
"Նորան դեռ ողջ է", Մարտին Յաբս, Գերմանիա
"Լոռամրգի կղզին", Ելենա Դեմիդովա, Ռուսաստան
"Համահեղինակը և իր ընտանիքը", Ռաթի Շաթզ, Ադի Բարաշ, ԱՄՆ/Իսրայել/Ֆր.
"Երկաթե դարպասներ", Արմեն Խաչատրյան, Հայաստան

"Կորիզ" անվանակարգը կներկայացվի առանձին:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կլինեն ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնյեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված "Ռեսորջիմենտո" ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ռոբերտո Ռոսելինիի "Կեցցե Իտալիան", Պաոլո և Վիտորիո Տավիանիների "Ալոզանֆան" և "Սուրբ Միքելեն աքաղաղ ուներ", Լուիջի Մանյիի "Հրաձիգներն են գալիս" ու Ռոբերտո Ֆաենցայի "Փոխարքան" ֆիլմերը:

"Հայացք դրսից" հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին և Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը:

"Ոսկե ծիրան" կինոփառատոնի մշտական հետաքրքրությունների տիրույթում են նաև ուսումնական ծրագրերը: Այս տարի "Կինոդպրոցներ" ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:

Նկատի ունենալով մասնագետների և հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմերի հանդեպ` 2011թ. "Ոսկե ծիրանը" կներկայացնի նոր

արտամրցութային ծրագիր` նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին` "ԱՊՀ երկրների կինոն" խորագրով: Կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլն: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի "Օսկար"-ի նոմինանտ "Եզերք" ֆիլմը:

Փառատոնը կփակի Վիմ Վենդերսի "Պինա" ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձևաչափով:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:


Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2023 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն